Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնազդի շշուկներից մեկը հուշում է, որ գույների, բույրերի ու ձայների աշխարհում, ինչպիսին սա է, չափման միավորը (եթե չափելու ես) բանաստեղծությունն է։ Հավատաս` նույն այդ շշուկը կսկսի վկայել (անգին վկա…), որ քեզ կանչող գույներից, բույրերից ու ձայներից հեռու կամ դրանց մոտ ես լինելու «մեկ բանաստեղծություն» ընդամենը…
Այնուհետեւ` քամի՛ն քեզ օգնական, գույնը, բույրը, ձայնը եւ… բնազդն ու շշուկն էլ… «շաղախող» քամին, որ բառերով է շնչավոր։
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Ճյուղի առավոտը քամու բերանում է պահում
Իմ սրտի քերականությունը,
Անասելի է հեռուն, որտեղից եկել է նա,
Անասելի է բառը սրտի,
Մի խորամանկ թակարդ է նա,
Հայացք, որն ուղղված է յասամանի Աստծուն,
Թե` տես, աճում եմ քո կամքով…
Գագիկ ՍԱՐՈՅԱՆ
Մեկը` համարյա հոգի
ՀՈՒՅՍԻ ԿԱՆԱՉ ԽԼՐՏՈՑԸ
Անվերջ քո մշուշի մե՞ջ լինել,
Թե՞ սպասել քո կանաչին.
Փղձուկ է հիշողությունը կրծքի,
Փղձուկ է ժամանակի լուսանկարը,
Դժգույն հանկարծապատկեր է մահը,
Հատում եմ կանաչ խլրտոցը,
Կվճարեմ արյամբ:
Եթե կուզես, կբարձրացնեմ ճախրդ,
Կդնեմ սրտիս զարկում,
Կհոտոտեմ ձայնածաղիկը հոգուդ տատրակի,
Կվճարեմ սիրով, եթե կուզես:
Ես հիշում եմ քո Աստծո կանաչ կեսօրը,
Նա, որ միայնակ էր եւ միամիտ,
Մի ցանկություն էր, որ ծփում էր գետի տերեւներին,
Որ թաց է քո եկեղեցու ջրվեժող պատերին,
Մի հանկարծապատկեր էր ուշացած սրբի,
Մի հույսի մոմականաչ խլրտոց էր,
Մի քիչ էլ այրվիր,
Մի շարական էլ ծաղկիր, հարազա՛տս,
Կվճարեմ ապրելու տխրությամբ
Եթե կուզես, կընդարձակեմ փոքրությունս
Ծաղկամեղքի,
Կշարունակեմ մոռացումը երազի
Եւ հիշողության աղը կպահեմ աչքերիս մեջ`
Անվերջ քո մշուշի մեջ,
Եւ մարմնազերծ կապրեմ,
Եթե կուզես,
Կհայտնվեմ որպես երգի հանկարծապատկեր.
Մի շարական էլ ծաղկիր, հարազա՛տս,
Կվճարեմ լռությամբ, եթե կուզես:
ԹՌՉՆԱԹԵՎԵՐԻ ՏԱԿ ԱՌԱՎՈՏՆ ԷԼ
Կլինի մաքուր թռիչքի մեջ,
Ինչպես երգից հուզված վարդի պատրանք:
Ի՜նչ լավ ես ծաղկում,
Ասես վրդովված ես,
Ասես սիրածդ հոտոտելու է քեզ:
Կլինե՞ս մաքուր,
Թե՞ որոնեմ քեզ,
Կմնա՞ս մոտիկ լեռնալանջերին,
Կձուլե՞ս ոսկիդ պնակիտներում թռչնաձագերի,
Կսպառե՞ս հոգսը,
Թե՞ նորը կտաս,
Թե՞ տանիքներից սառցալուլաներ
Կձգես ներքեւ կիսամոռացման:
Ի՜նչ լավ ես ծաղկում.
Կանցնեմ քո կողքով
Եւ քո մշտակա հոգին կշոյեմ
Ճախրալիքներով,
Թեւատակերս լիքը կլինեն սիրո բառերով,
Թեւատակերս լիքը կլինեն երգաձագերով:
Ի՜նչ լավ ես ծաղկում…
ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱԳԱ
Կորուսյալ անվերջի մեջ
Անցյալն իր հիշողության քարը ունի,
Ես զգույշ տեղավորվում եմ նշանների մեջ.
Գնա՜ եւ տե՜ս,
Թե ինչպես է քարաքոսը լեռներում
Փարվել ժայռապատկերներին:
Կորուսյալ անվերջի մեջ
Ներկան պսպղում է,
Որ ցողն իջնի արեւածագի ճառագայթին
Ու բարձրանա վեր,
Գնա՜ եւ տե՜ս,
Թե ինչպես է զատիկը հոտոտում քարաքոսը
Եւ զգույշ նշանները կարդում տեղավորյալ սրտից,
Եւ քնքուշ է հոտոտումը Արեւի Աստծո,
Եւ քնքուշ է տարրալուծումը ցողի ոլորտի մեջ.
Գուցե դա ամուսնական ծեսն է նրանց.
Գնա՜ եւ տե՜ս,
Տե՜ս ցողը ճառագայթի,
Եւ իմ սիրտը նշանների մեջ
Մի զգույշ անկողին է զատիկի թեւերի վրա,
Կորուսյալ անվերջի մեջ
Ապագան է քարը,
Ապագան է ապագա տաճարների,
Եւ նրա պուտիկավոր թեւիկներին
Ճախրանքն է նշանների:
Գնա՜ եւ տե՜ս,
Նա կարդում է բույրը,
Տե՜ս, կարդում է սիրտը,
Տե՜ս, կարդում է դիցաբանական ապագան…
Ահեղ մարտեր են լինելու.
Ահեղ մարտեր են լինելու անցյալի համար,
Մարդիկ որոնելու են տեքստերը
Վաղուց չարտասանված,
Որոնելու են
Կարոտի ավազի մեջ կորած լույսի արմատներում,
Որոնելու են
Քամու թափառական խոտերի մեջ,
Եւ ժամանակը
Ծիկրակելու է երկար գիշերվա
Մաքուր պատուհաններից,
Ասեղնագործ վարագույրը շրշելու է աստղը ցուցիչ:
Թողնելու է ափ նետված այլասիրության բեկորներում.
Ահեղ մարտեր են լինելու…
Ա՜խ, պիտի չասվի, ինչ որ ես տեսա,
Ա՜խ, չի դիմանա սիրտը թռչունի,
Ա՜խ, եթե ընկնի` չասե՞մ արտ է սա,
Երաշտից զոհվեց ու տապան չունի,
Որ տապան չունի, ու մերկ է հոգին,
Որ կապանքներից ազատ է ընդմիշտ,
Որ ահեղ ժամին կանգնի իմ կողքին,
Ու ասի բառեր սիրո ու վշտի:
ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԱԳԵՑՈՒՄ
Գիշերվա սկիհ` զովության քարաքոսե անուրջ,
մեկը դնելու է (եթե գա) դեմքը քարին,
մեկը` համարյա հոգի, խմելու է վիշտը.
Ինչպիսի՜ հագեցում երգի երակներից:
Ես ավարտում եմ կիսակործան տաճարը,
Զննում եմ գիշերվա սյունը,
Ի՜նչ ծանրության տակ է մութ թռչունի ճիչը,
մեկը` համարյա հոգի (եթե գա), լսելու է ճանապարհը,
կիսատ մի՛ երգիր, որ հասնես զուլալ հանդիպումի Աստծուն,
կիսով մի՛ ճչա ապակու մթնաշաղոտ ականջի մեջ,
մի՛ բզկտիր աչքի վսեմ դրոշները
հիացման կոչնակների ծննդյան պահին:
Գիշերվա աղետավոր սկիհ,
մի պատահույթ անկողմնակալ պահի,
ցեղի արյուն քարի ու քարի մեջ,
անկումը նրա ոտնաթաթերի վրա,
սլացիկ ծառը տեսնում է նրան
Եւ երկարում է իր ճյուղերը,
գրկում է, սփոփում,
կանչում է նրա համար ավելի համառ, ավելի զուլալ,
ինչպես սարից տխրորեն իջնող առվակի սյունը,
որին դեռ զուլալորեն հենված է
կիսակործան տաճարի հոգեգմբեթը,
դեռ հենված է,
Եւ մեկը (եթե գա) տեսնելու է աղետը,
մեկը` համարյա հոգի,
խմելու է վիշտը գիշերվա խոտե սկահակից,
ինչպես հագեցում:
***
Վերադառնո՞ւմ են ծովերը, արդյոք, ափերից հեռավոր,
Թե մահը զուտ բաժանում է մայրամուտը նավակներից,
Կռնչացող ճայ մայրերը չեն կշտանում զավակներից,
Վերադառնո՞ւմ են, արդյոք, ծովերը ափերից հեռավոր,
Թե՞ ընկան հեռվում խոցված` կարոտի կտուցներից կեռավոր…
Կռնչացող ճայ, բաժանի՛ր մեզ հոգու նշավակներից,
Վերադառնո՞ւմ են, արդյոք, ծովերը ափերից հեռավոր,
Թե՞ մահը զուտ բաժանում է մայրամուտը նավակներից: