կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-10-01 17:38
Հասարակություն

Չքավոր ծրագրի պտուղները- 2

Չքավոր ծրագրի պտուղները- 2

«Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի» իրականացման ընթացքում (ավարտված 2009 թվականի հունվարի 31-ին) նշանակվել եւ պաշտոնաթող է եղել 4-5 տնօրեն, իսկ վերջին տնօրենը` Վիկտոր Մարտիրոսյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնից հետո շատ կարճ ժամանակով եղավ Եվրոպական համալսարանի ռեկտոր, իսկ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում Արամ Հարությունյանի նշանակվելուց հետո, ինչպես ինքն է սիրում միշտ նշել, որպես լավ մենեջեր նշանակվեց վերհիշյալ ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնում:

 

Ըստ Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքի ընթացիկ հաշվետվությունների` 2007- 2008 թվականներին «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման» ծրագրի համապատասխան ստուգումներ կատարելուց հետո Վերահսկիչն այդ ծրագրրում հայտնաբերեց մի շարք խախտումներ:

 

Հիշենք միայն, որ 2009-ին ՀՀ Վերահսկիչ պալատը վերոհիշյալ ԾԻԳ-ում հայտնաբերեց մի շարք խախտումներ, որոնց չափը հասնում էր մոտ 13, 5 մլն դրամի (http://www.coc.am/ShowReportArm.aspx?ReportID=129):

 

Իհարկե, ճիշտ չի լինի խախտումները վերագրել Վ. Մարտիրոսյանին, քանի որ նա այդ ժամանակ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, եւ «լավ» ու «բանիմաց» մենեջերը հասցրել էր միայն ընդունման եւ հանձման փաստաթղթերը ստորագրել:

 

Թե ո՞ւմ ցուցումով էր այդ փաստաթղթերը ստորագրել, ո՞վ էր ցանկանում ազատվել նախկին տնօրեն Արմեն Բադալյանից, պարզ չէ, բայց փաստը մնում է փաստ, որ հենց Մարտիրոսյանի տնօրեն եղած ժամանակ Վերահսկիչ պալատն այդ ծրագրում հայտնաբերեց մի շարք խախտումներ` սկսված ծրագրով ամրագրված մի շարք բաղադրիչներում:

 

Yerkir.am կայքում հրապարակված «Չքավոր ծրագրի պտուղները» հոդվածից հետո մեզ զանգահարած Վ. Մարտիրոսյանը պնդում էր, որ նյութը շարադրված է չհիմնավորված փաստերով, եւ մենք նրան խոստացանք, որ նյութի շարունակությունը շարադրելիս անպայման կներկայացնենք հիմնավորված փաստեր, ինչից հետո Վ. Մարտիրոսյանը, խոսքը փոխելով, նեղացածի կեցվածք ընդունեց ու սկսեց պարզաբանում պահանջել հետգրության համար, որում նշված էր, որ եթե գրականության մասնագետը կարող է բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնյա լինել, նույն հաջողությամբ այդ նույն անձնավորությունը մի օր էլ կարող է նյարդաբան աշխատել:

 

«Գիտեք` ես ով եմ կամ դուք ով եք մասնագիտությամբ: Ձեզ արդյո՞ք հայտնի է, թե երկրի նախագահն ով է մասնագիտությամբ, կամ ո՞վ է մասնագիտությամբ ԿԳՆ նախարարը»,- քմծիծաղով ասում էր վիրավորված Մարտիրոսյանը, որին խնդրեցինք հանգիստ թողնել ՀՀ նախագահին եւ մյուս պաշտոնյաներին:

 

Վ. Մարտիրոսյանը չէր զլացել, մի քանի անքուն գիշերներ էր անցկացրել եւ 3 էջանոց նամակ էր հասցեագրել «Երկիր»-ի խմբագրությանը, որում նշում է, որ www.yerkir.am-ում լույս տեսած հոդվածում տեղ են գտել անճշտություններ, սխալներ եւ եզրահանգումներ, որոնք միտված են ապակողմնորոշելու ընթերցողին:

 

Մենք չենք փորձի կետ առ կետ այս հոդվածում պատասխանել նրա նամակում տեղ գտած կետերին եւ միայն կնշենք, որ վարդագույն երանգներով ներկայացված նամակին երեկ իր պատասխանը տվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ յուրաքանչյուր կիրակի եթեր հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի ռեպորտաժներից մեկը: Այսպես` «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրի» շրջանակներում «Դիլիջան» եւ «Սեւան» ազգային պարկերին նախատեսված էր տրամադրել «Նիվա» ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, բեռնատարներ, օդերեւութաբանական սարքեր, համակարգչային տեխնիկա, լաբորատոր սարքեր, գրասենյակային կահույք, երկկողմանի ռադիոներ, դաշտային գործիքներ ու սարքավորումներ, արտահագուստ եւ հեռադիտակներ:

 

Պարզվում է, որ երկու ազգային պարկերին մոտոցիկլետները, օդերեւութաբանության սարքերն այդպես էլ չեն տրամադրվել, իսկ մեկ բեռնատար հասել է մի մեկ ազգային պարկի:

 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը, ծրագիրը, իհարկե, կատարել են 80 տոկոսով, եւ այն ունեցել է իր դրական կողմերը:

 

Սակայն, ըստ մեր զրուցակցի, «Դիլիջան» ազգային պարկին հասած արտահագուստները ընդամենը մեկ սեզոն են օգտագործվել պարկի աշխատակիցների կողմից (այսինքն` եղել են անորակ), իսկ հեռադիտակները եղել են ոչ թե պրոֆեսիոնալ, այլ` թատերական:

 

«Պարկին տրամադրվել է «Նիվա» մակնիշի 4 մեքենա, «Ուազ», 1,5 տոննա տարողության եւ 11 ուղեւորատար մեկ հրշեջ մեքենա»,- ասում է Ա. Դավթյանը:

 

Այսինքն` ի՞նչ է ստացվում, եթե, Աստված մի արասցե, «Դիլիջան» ազգային պարկի անտառամերձ տարածքներում հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվի, պարկի սեփական հրշեջ մեքենան կծառայի ոչ թե հրդեհը մեկուսացնելուն, այլ ընդամենը 11 հոգանոց անձնակազմ տեղափոխելուն, իսկ օգնության համար պարկի տնօրինությունը ստիպված պետք է լինի դիմել մարզային փրկարար ծառայությանը:

 

Բայց, օրինակ, ազգային պարկին բաժին են հասել «ընտիր» տրակտոր, ինչպես նաեւ անտառապահների համար նախատեսված մոտ 20 ձի:

 

«Սեւան» ազգային պարկում նույնպես աշխատանքներ են իրականացվել, սակայն թե ի՞նչ չափով եւ ի՞նչ որակով, թողնում ենք ազգային պարկի պատասխանատուների խղճին:

 

Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերից այս ծրագրում ընդգրկվել էին հարյուր եւ ավելի համայնքներ, որտեղ պետք է իրականացվեին դեռեւս 2002 թվականին ծրագրում ամրագրված հետեւյալ բաղադրիչները` համայնքահեն ջրահավաք ավանների կառավարում, պետական անտառների կառավարում եւ պահպանվող տարածքների ու կենսաբազմազանության պահպանություն:

 

Չմանրամասնելով ծրագրում ամրագրված որոշ կետեր` նշենք, որ մենք եղել ենք ծրագրում ընդգրկված մի շարք համայնքներում եւ փորձել հասկանալ, թե, ի վերջո, ինչ է կատարվել ծրագրի շրջանակներում:

 

Տավուշի մարզի Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծրագրի շրջանակներում գյուղին տրամադրվել է մրգատու ծառերի 50 տնկի, որոնք բաշխվել են անապահով ընտանիքների` յուրաքանչյուրին` 5-ական տնկի, բացի այդ` 5 ընտանիքի տրամադրվել է 3-ական մեղվափեթակ, որոնց թիվը կրկնապատկվել է:

 

Սակայն երբ գյուղապետի աշխատակիցը մեզ ծանոթացրեց ծրագրից օգտված ընտանիքներից մեկի հետ, պարզվեց, որ իրենց տրվել է ընդամենը մեկ մեղվափեթակ, որից այսօր ստացել են երեքը:

 

Բացի այդ` երբ գյուղամեջում հավաքված պապիկներին հիշեցրինք ծրագրի մասին եւ խնդրեցինք, որ կարծիք հայտնեն երեք տարի առաջ ավարտված ծրագրի մասին, նրանք նշեցին, որ, իրենց իմանալով, արոտներում կառուցվել է 2 ջրահավաք ավազան (կոթեցիների բարբառով երկու նավեր):

 

«Բայց դրանցից մեկն էնպես տեղ են սարքել, որ անասունը ըսկի էդտեղ չի հասնում»,- ասաց պապիկներից մեկը:

 

Գյուղապետ Մելիքյանը պնդում էր, որ ծրագրի շրջանակներում դաշտամիջյան ճանապարհներ են հարթեցվել, սակայն մեր զրուցակից պապիկներն ասացին. «Հա, սարքեցին, էդ ճանապարհն էլ հիմա ավիրվել է»:

 

Իսկ հարցին, թե գոմաղբից կենսագազի արտադրության համակա՞րգ է կառուցվել Կոթիում, գյուղապետը պատասխանեց, որ նախապես ասվում էր, որ կկառուցեն, սակայն դա չեղավ. «Չի տրամադրվել մեզ: Բայց ասեմ, որ, մեր իմանալով, ում էլ որ տվել են, անարդյունավետ է եղել, ըսկի չի էլ աշխատել»:

 

Կոթիի հարեւան Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ իր գյուղապետ ընտրվելու ժամանակ ինքը մասնակցել է վերոհիշյալ ծրագրի երկրորդ փուլին, որը տեւել է ընդամենը 3 ամիս (31 դեկտեմբերի 2008թ.)` 6 մլն դրամ արժողությամբ. «Իմ օրոք ծրագրի շրջանակներում ծառատունկ ենք արել 1,7 հա-ի վրա, որից 1.5 հա-ն` ընկուզենի, իսկ մնացածը` հացենի, լորենի եւ արջախլենի (կաշտան): Եթե ցանկություն ունեք` գնանք, տեսեք` ինչ այգի է»,- ասաց նա:

 

Իսկ երբ ճշտեցինք` առաջին փուլո՞ւմ գյուղին ինչ է հատկացվել, գյուղապետը հրաժարվեց պատասխանել. «Ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանել. չեմ սիրում ուրիշի աշխատանքների մասին խոսել»:

 

Սակայն Ոսկեվանի գյուղապետին հայտնի է, որ իրենց գյուղին հատկացվել է գոմաղբից կենսագազ ստանալու ինչ-որ սարքավորում, որը տեղադրված է նախկին գյուղապետի գոմի կողքին, իսկ գյուղապետաանի աշխատակիցներից մեկը շտապեց տեղեկացնել. «Հա, նման սարք տրամադրվել է եւ մեկ օր էլ չի աշխատել, ինչքան ես գիտեմ` սարքին չի եղել»:

 

Գյուղապետ Ալեքսանյանը նաեւ հիշեց, որ ծրագրով ցանկապատման աշխատանքներ էին նախատեսված, բայց. «Փոսերն արեցինք, որ պետք է սյուները տնկեինք, էն էլ ձյուն եկավ ու խանգարեց , իսկ ծրագրի համաձայն` օրը լրանալուց հետո մենք այդ գումարը հետ ուղարկեցինք ծրագիրն իրականացնող գրասենյակ»:

 

Բերդավանի գյուղապետ (Տավուշի մարզ) Արարատ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը նոր գյուղապետ է, եւ, որքան իրեն է հայտնի, այդ ծրագրի շրջանակներում չարաշահումներ են գրանցվել նախկին գյուղապետի օրոք:

 

«Ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն ստուգումներ արեց եւ պարզեց, որ 1մլն 400 հազար դրամի յուրացում է եղել, որը պետք է վերականգնվեր համայնքի բյուջե, սակայն մինչ օրս չի կատարվել»,- ասաց գյուղապետը, այնուհետեւ շարունակեց խոսքը. «Բայց դե, դրանից զատ, որոշ կետեր իրականացվել են` ամրացվել են գետի ափերի որոշ մասեր, կառուցվել են ջրարբիացման կետեր, որոնք, սակայն, այդ ծրագրի հետ կապ չունեն»:

 

Ինչ վերաբերում է դաշտամիջյան ճանապարհների վերանորոգմանը, ոչ մի աշխատանք չի իրականացվել: Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը նշում է. «Չքավորությունը մի ծրագրով նվազեցնել չի լինում, եթե այդպես լիներ աշխարհում չքավորություն էլ չէր լինի: Կարծում եմ, որ նմանատիպ վերնագիր ունեցող ծրագրեր չպետք է լինեն, եւ մինչ նման ծրագրերը իրականացնելը պետք է մոնիտորինգ արվի համայնքներում, որպեսզի բացահայտվեն համայնքների կարիքները, նոր հետո ծրագիր հաստատվի»:

 

Գյուղապետը նշեց, որ համյանքին վերոհիշյալ ծրագրով հասել է 15 մեղվաընտանիք, դրանք տրվել են 5 ընտանիքի:

 

«Բայց էլի եմ կրկնում` նման ձեւով ծրագիր չի արվում. նախ պետք է ուսումնասիրել , հետո ծրագրեր իրականացնել. գուցե մի գյուղի մեղու է պետք, մեկ ուրիշի` անասուն եւ այլն»,- ասաց Նազարյանը:

 

Ծովինար գյուղի (Գեղարքունիքի մարզ) համայնքապետ Գեւորգ Թովմասյանը նույնպես միանգամից խոսեց մեղվափեթակների մասին եւ հայտնեց, որ իրենց հասել է 20 մեղվափեթակ, իսկ կենսագազ ստանալու սարքավորման մասին նշեց` մեկ օր էլ չաշխատեց:

 

Ի դեպ, մի շարք գյուղերում հիշում էին, որ իրենց արոտները պարարտացվել են` ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերով: Սակայն այդ աշխատանքների արդյունավետությունը գնահատելու նպատակով առվույտի եւ կորգանի ցանքատարածքների պարարտացված եւ չպարարտացված հողատարածքներից վերցվել են հողի նմուշներ:

 

Ինչպես փաստել է ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի 2009 թ. հունվարի 14-ի թիվ 2/4 որոշման ընթացիկ հաշվետվությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոքիմիական լաբորատորիայի հետազոտությունները ցույց են տվել, որ Լուսահովիտ, Ն. Գետաշեն, Վարսեր եւ Շատվան համայնքներում հողի պարարտացման աշխատանքներում օգտագործվել է պարարտանյութից որեւէ մեկը, իսկ Դիտավան, Տրետուք, Խաչաղբյուր եւ Գանձակ համայնքների հողերում պարարտանյութը բացակայել է, որը վկայում է գյուղատնտեսական աշխատանքների թերի կատարման մասին (http://www.coc.am/ShowReportArm.aspx?ReportID=129):

 

Հիշեցնենք, որ, ծրագիրը դեռ չմեկնարկած, «Ամրագրված օգուտներ եւ արժեքներ» կետում նշված էր, որ ակնկալվում է, որ ծրագրով ստեղծված աշխատանքային հնարավորությունները կնվազեցնեն որոշ ընտանիքների կախվածությունը կառավարության «Փարոս» համակարգի նպաստներից:

 

Նպաստառուների թիվը, իհարկե, 2003 - 2009 թվականների համեմատ կրճատվել է ավելի քան 77 հազարով, սակայն չպետք է մոռանալ, որ 2008 թվականից հետո ՀՀ-ից միգրացիոն ցուցանիշները տարեցտարի գրանցվում է բացասական սալդոյով:

 

Ծրագիրը ծրագիր, սակայն, մեկ կամ երկու ծառ, կամ մեղվափեթակ տալով, չքավորությունը չի նվազեցվի:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ


Լուսանկարը` հեղինակի