կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-09-24 13:15
Հասարակություն

Չքավոր ծրագրի պտուղները

Չքավոր ծրագրի պտուղները

Դեռեւս 2002 թվականի հուլիսի 1-ին ՀՀ կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված համաձայնագրով (ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ) 2002թ. մեկնարկեց եւ 2009-ի հունվարին ավարտին հասցվեց «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման» վարկային ծրագիրը, որն իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

 

Հենց այս մարզերն էին ընտրվել, քանի որ երկուսում էին արձանագրվել աղքատության ամենաբարձր ցուցանիշերը, իսկ ծրագրի հեղինակներն իրենց հերթին ցանկություն էին հայտնել չքավորությունը նվազեցնել բնական պաշարների կայուն կառավարման մեխանիզմների ստեղծմամբ:

 

ՀՀ կառավարությունն էլ իր հերթին ծրագրի իրականացման համար առաջնահերթությունը տվել էր վերը նշված մարզերին, քանի որ Գեղարքունիքում է գտնվում ռազմավարական նշանակություն ունեցող Սեւանա լիճը, իսկ Տավուշում` երկրի անտառների ամենամեծ պաշարները:

 

Հիշեցնենք, որ մինչ վերոհիշյալ ծրագրում առկա գումարները ծախսելը, ՀՀ Սահմանադրական դատարանը 2002-ի սեպտեմբերին քննության առավ վերոհիշյալ վարկային ծրագիրը, այնուհետեւ տվեց ծրագրի նպատակահարմարության որոշումը, որ անհրաժեշտ է այն իրականացնել:

 

Նշենք նաեւ, որ ծրագրում ներգրավեցին նաեւ ՀՀ կառավարության մոտավորապես 2 մլն դոլարը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 5,1 մլն դոլարը եւ Շվեդական միջազգային զարգացման ընկերակցությայն 1,3 մլն դոլարը: ՀՀ կառավարությունն արդեն այս տարվանից սկսել է տվյալ վարկի մարումը, ինչի մասին ամրագրված է նաեւ Սահմանադրական որոշման համապատասխան կետում, «Փոխառուն վարկի գումարը մարելու է կիսամյակային մուծումներով` սկսած 2012 թվականից մինչեւ 2042 թվականը»:

 

ՍԴ-ի որոշումում ամրագրվել էին նաեւ վերոհիշյալ ծրագրի բաղադրիչները, այն է` ջրհավաք ավազանների համայնքային կառավարումը, պետական ֆոնդի անտառների կատարելագործված կառավարումը, պահպանվող տարածքների կառավարումը եւ կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաեւ ծրագրի կառավարման ու իրականացման աջակցությունը:

 

Սահմանված են ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները: Մասնավորապես, մշակվելու եւ իրագործվելու էին «Դիլիջան» ազգային պարկի եւ «Սեւան» ազգային պարկի պահպանվող տարածքների կառավարման պլանները, ծրագրի գործողության գոտում գտնվող` հատուկ պահպանվող տարածքների պահպանության, կառավարման եւ քաղաքականության ձեւավորման նպատակով հզորացվելու է բնապահպանության նախարարությունը:

 

Իհարկե, ծրագիրը «բարով- խերով» իրականացվեց, սակայն աղքատության մակարդակը այդ մարզերում դրանով չնվազեց գոնե կիսով չափ, եւ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականի տվյալների, Գեղարքունքիում աղքատության մակարդակը դեռեւս 43,6 տոկոս է, իսկ Տավուշում` 26,1 տոկոս:

 

ԾԻԳ-ի նախկին տնօրեն, իսկ այսօր արդեն «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վիկտոր Մարտիրոսյանը, երբ կրթության նախարարության ծրագրերից մեկից միանգամից հայտնվեց վերոհիշյալ ԾԻԳ-ում, մի քանի ամիս անց հարցազրույցներից մեկում նշեց, որ ծրագրի նպատակն է նոր հնարավորություններ ստեղծել գյուղական համայնքներում չքավորության նվազեցման, կայուն արտադրական գործունեության աջակցման համար` նվազեցնելու ճնշումը էկոլոգիապես խոցելի տարածքների եւ բնական պաշարների վրա, տեղական եկամուտների բարձրացման` գյուղատնտեսության փորձի ներմուծմամբ, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի պետական անտառների կառավարման պլանների մշակում եւ իրականացում, կենսաբազմազանության եւ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում եւ այլն:

 

Երբ ուսումնասիրում ենք «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության դեմ պայքարի» ԾԻԳ-ի նախկին տնօրենի հարցազրույցները, վերջինս ուրախությամբ նշում է, որ ծրագրի ընթացքում իրականացվել են ջրարբիացման 103 կետերի կառուցման աշխատանքներ, որի նպատակն է նպաստել անասնագլխաքանակի աճի եւ արոտների բարելավմանը, մթերատվության բարձրացմանը:

 

Ծրագրի միջոցներով իբր թե պարարտացվել են ավելի քան 6100 հա համայնքային արոտներ, ինչն էլ իր հերթին նպաստել է արոտների արտադրողականության 10-15 տոկոսի բարձրացմանը: Բնապահպանական աշխատանքներ են տարվել համայնքային դեգրադացված տարածքներում, իրականացվել է 200 հա ծառատունկ, գարնանային ձնհալի, անձրեւաջրերի եւ առվակների ջրերում կուտակման, հետագա օգտագործման նպատակով կառուցվել են 7 պատվարներ, ջրի հոսքը մեղմող 12 միավոր գաբիոններ, վերանորոգվել են 777 կմ դաշտամիջյան ճանապարհներ եւ այլն, եւ այլն:

 

Սակայն 2009թ. սկզբին ավարտված ծրագրից հետո վերջնական մոնիտորինգի եւ գնահատման հաշվետվություն հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ իրականացվել են կերային բակլազգի մշակաբույսերի ներդրման աշխատանքներ, որի նպատակն է շրջանառության մեջ դնել չմշակվող հողատարածքները եւ ստեղծել կերի կայուն բազա, տրամադրվել են 2180 մեղվափեթակներ:

 

Ըստ ծրագրի հաշվետվության` 100 գյուղական համայնքներում, 40 միկրոջրահավաք ավազաններում, «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւան, Սեւքար, Նոյեմբերյան, Ճամբարակ եւ Արծվաբերդ անտառտնտեսություններում են հատկապես իրականացվել ծրագրերի աշխատանքները:

 

Բնապահպանության նախարարությունից էլ հայտնում են, որ վերոհիշյալ ծրագրի շրջանակներում «Սեւան» ազգային պարկում վերանորոգվել են ազգային պարկի վարչական շենքերը, կառուցվել են մասնաճյուղեր, ազգային պարկի անձնակազմի համար ձեռք են բերվել դաշտային, լաբորատոր, գրասենյակային եւ վերանորոգման սարքավորումներ, կահույք, տրանսպորտային միջոցներ, այդ թվում` տրակտորներ, 51 համայնքների համար մշակվել են կառավարման պլաններ եւ այլն:

 

Սակայն պարզվում է, որ «Սեւան» ազգային պարկում իրականացված աշխատանքերի մասով վերոհիշյալ ԾԻԳ-ը «Սեւան» ազգային պարկի հետ ընդունում-հանձնում չի իրականացրել, այլ դա արել է միանգամից ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

 

Իսկ երբ մեր փոքրիկ հարցախույզը կատարեցինք ծրագրի շրջանակներում ընդգրկված մի շարք համայնքերի ղեկավարների շրջանում, նրանք նշում էին, որ ճիշտ է` ծրագիրն իրականացվել է, սակայն դա չքավորության դեմ պայքարի ծրագիր չէր:

 

Շատերը նշեցին, որ, չնայած իրենց համայնքերում պետք է կառուցվեին ջրարբիացման կետեր, սակայն դրանք չեն իրականացվել, դաշտամիջյան ճանապարներն էլ հարթեցվել են կամ էլ այդ էլ չի կատարվել. «Դե, պարատացում, սերմեր, մեղուներ (մեկ ընտանիքին մեկ կամ երկու փեթակ) տվել են, բաց այդպես չքավորության դեմ պայքար չի լինում, եթե դա պետք է արվի` կամ պետք է լինի շարունակաբար, կամ էլ պետք է իրականացնողների վրա մեծ վերահսկողություն լինի: Հավանաբար հասկացաք, թե ինչ եմ ուզում ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի գյուղերից մեկի համայնքապետըՙ հիշեցնելով, որ այդ ծրագրի շրջանակներում իրենց տրամադրել էին գոմաղբից կենսագազ ստանալու սարքավորում, սակայն այն արդյունավետ չի եղել. «Անսարք սարքավորում էր, միայն մերն այդպես չի եղել, բոլորին էլ ում որ տվել են, էդպես անսարք էր»:

 

Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի հունիսի 24-ին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրավիրել էր անտառկառավարման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, եւ հենց այդ ժամանակ փոխվարչապետն արձանագրել էր «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման» ծրագրի շրջանակներում բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների ոչ արդյունավետ համագործակցությունը, որի հետեւանքով առաջացել են որոշակի խնդիրներ։

 

Այսինքն` ծրագրի շրջանակներում իրականացվող անտառվերականգման ուղղությամբ իրականացվող ծրագրերում նկատվել են մեծ բացթողումներ: Սակայն ի՞նչ ստացվեց դեռեւս 2009-ին ավարտված ծրագրից. երկու տարի անց` 2011 թվականին կառավարությունը պետբյուջեից գումար հատկացրեց ծրագրի որոշ դրույթներ նորից իրականացնելու համար:

 

Հետաքրքիր մի փաստ` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում առկա են երեք փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2010 թվականի Տավուշի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզպետարանների կազմած տարեկան հաշվետվություններին: Առաջին երկու մարզպետարանների ներկայացրած հաշվետվություններում սեւով սպիտակի վրա նշված է, թե իրենց մարզերում ծրագրի շրջանակներում ինչ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, եւ որ դա մեծ ներդրում է եղել իրենց համար:

 

Սակայն անհասկանալի է եւ ոչ մի կերպ չի տեղավորվում այն ստի մեջ, որ Արագածոտնում նույնպես իրականացվել է «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության նվազեցում» ծրագիրը: Բայց չէ՞ որ դեռեւս 2002 թվից բոլորիս էր հայտնի, որ վերոհիշյալ ծրագրի իրականացման տարածքները Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերն են, իսկ թե ինչպես է Արագածոտնի մարզը հայտնվել այս ծրագրում, ոչ ոք չունի դրա պատասխանը:

 

Ինչեւէ, ըստ Արագածոտնի մարզպետարաի հաշվետվության, 2004-2008թթ. «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության նվազեցում» ծրագրի Ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարման բաղադրիչի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի 114 համայնքներում իրականացվել են արոտների, խոտհարքների պարարտացում, բակլազգիների եւ ցորենի ցանք, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում, ջրարբիացման կետերի եւ դաշտամիջյան ճանապարհների կառուցում եւ այլն:

 

Արդեն մի քանի ամիս է` մի քանի տեղական ՀԿ-ներ փորձում են տեղեկություն ստանալ ծրագիրն իրականացրած գերատեսչությունից, սակայն վերջինս հայտնում է, որՙ չենք կարող տեղեկություն տրամադրել ծրագրի հետ կապված, քանի որ փաստաթղթերն արխիվացվել են, իսկ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն ոչ մի իրավաբանական կապ չունի «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման» ԾԻԳ-ի հետ:

 

Իսկ դա ի՞նչ կապ ունի ընդհանրապես. չէ՞ որ ՀՀ «Արխիվային գործի մասին» օրենքն արգելք չի դնում այդ առումով եւ վերոհիշյալ նախարարությունը կարող է ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման հաշվետվության քաղվածքներ տրամադրել հետաքրքվողներին: Պարզից էլ պարզ է, որ միջազգային ֆինանսական կառույցները հաճախ չեն հետեւում, թե ինչ արդյունավետությամբ են իրականացվել կամ իրականացվում իրենց գումարներով կյանքի կոչված ծրագրերը:

 

«Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման» ծրագիրն ավարտվել է 2,5 տարի առաջ իսկ այսօր չքավորությունը մեր երկրում 35-40 տոկոս է, եւ հիմա ոմանք կբարձրաձայնեն ու կասեն. «Մոռացե՞լ եքՙ տնտեսական ճգնաժամ ենք «հաղթահարել»:

 

Բայց դա ի՞նչ կապ ունի այս ծրագրի իրականացման հետ:

 

Շարունակելի

 

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

 

Հ.Գ. Այսպես էլ պետք է լինի, քանի որ եթե գրականության մասնագետը կարող է ղեկավարել Բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնում, նույն հաջողությամբ այդ նույն անձնավորությունը, կարող ենք ասել, որ մեկ օր կարող է նյարդաբան աշխատել: