Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եկող տարվա բյուջեում հարկային եկամուտների և սոցվճարների 101 մլրդ դրամով ավելացումը հենց այնպես չի անցնելու շարքային քաղաքացու կողքով. այն ուղղակիորեն նշանակում է կյանքի թանկացում, որն իրեն զգալ է տալու թե՛ առևտրի ու սպասարկման, թե՛ ծառայությունների մատուցման ոլորտներում: Այն, որ հարկային նոր փաթեթը պատուհաս է դառնալու հատկապես մանր ու միջին բիզնեսի համար, ևս ակնհայտ է: Խոշոր բիզնեսը դեռ կարող է իրեն թույլ տալ եկամուտների ժամանակավոր նվազում, մինչդեռ մանր ու միջին բիզնեսը, որ հազիվ է գոյատևում, ուղղակիորեն փորձելու է այդ բեռը փաթաթել սպառողի վզին` բարձրացնելով միավոր ապրանքի կամ ծառայության գինը՝ արդյունքում հայտնվելով ոչ նպաստավոր մրցակցային պայմաններում:
Ըստ վարչապետի` հարկային փաթեթում առաջին փոփոխությունը եկամտահարկի մասով պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է, որով առաջարկվում է 2 մլն դրամ և ավելի եկամուտ ունեցողների եկամտահարկն ավելացնել 5 տոկոսի չափով` դարձնելով այն 25 տոկոս: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ ոչ միայն խոշոր, այլև միջին բիզնեսը ևս ներգրավվեց այս փոփոխության մեջ: Ինչ վերաբերում է սոցվճարների մոտ 30 տոկոսով ավելացմանը, ապա սա ուղղակի «տեռոր» կարելի է համարել տնտեսվարողների, ինչպես նաև վերջիններիս արտադրանքից ու ծառայություններից օգտվող սպառողների նկատմամբ, քանի որ հենց նրանք են վճարելու այդ գումարները: Ստացվում է, որ պետությունն իր անողջամիտ հարկային քաղաքականությամբ սոցիալ-տնտեսական ճգնաժամի բեռը դեռևս չթոթափած հասարակությանը մի նոր մարտահրավերի առաջ է կանգնեցնում:
Ահա թե ում հաշվին է պետությունն իրականում ավելացնում թոշակառուների և նպաստառուների թոշակները: Ուշադրություն դարձրեք, որ այս ամենը շղարշվում է խոշոր բիզնեսի, շահումով խաղերի և խաղատների, թանկարժեք ավտոմեքենաների և ալկոհոլային թանկարժեք խմիչքների հարկման շեմի բարձրացում անվան տակ: Դե, բացի շահումով խաղերի և խաղատների տերերից, ով կարող է ասել, որ այս գերստվերային բնագավառում հաստատագրված վճարների` 50 տոկոսով ավելացումը վատ բան է: Նրանց համար հեչ բան է անգամ հարկային իրավախախտումների դեպքում տույժ ու տուգանքի` 50 տոկոսով ավելացումը: Թող օրվա հաց վաստակող մանր ձեռնարկատերերը մտածեն:
Ի դեպ, հարկային նոր փաթեթով հարկային իրավախախտման դեպքում մինչ այժմ գործող 150 հազ. դրամի փոխարեն նախատեսվում է 300 հազ. դրամ, իսկ կրկնվելու դեպքում` 600 հազ. դրամ` նախկին 300 հազ. դրամի փոխարեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկային մարմինների աշխատակիցների` անուղղակի եկող եկամուտների «դրույքաչափերի» բարձրացում: Իրականում հարկայինի թուրը դարձյալ կտրելու է մանր ու միջին բիզնեսի կոկորդը: Ինչ վերաբերում է ճոխության հարկի կիրառմանը, ապա սա ուղղակի էժանագին պոպուլիզմ է, և ոչ այն պատճառով, որ այն անարդյունավետ է:
Պարզապես կառավարությունը քայլն անում է կիսատ ու անհասկանալի տրամաբանությամբ: Նախ` մինչև 3 տարվա արտադրության 200 և ավելի ձիաուժ հզորության ավտոմեքենաների ներմուծման վրա սահմանելով լրացուցիչ մաքսատուրք, այն էլ` յուրաքանչյուր ձիաուժի համար 5000 դրամ, պետությունն ակամա խրախուսում է ավելի հին ավտոմեքենաների ներկրումը, ինչն առանց այդ էլ լրջագույն խնդիր է Հայաստանի համար, քանզի ևս մի տասնամյակ, և մեր երկիրը կվերածվի մետաղի ջարդոնի գերեզմանոցի: Եվ ապա` անհասկանալի է, թե ճոխության հարկը ինչո՞ւ է կիրառվում միայն ավտոմեքենաների մասով: Ի՞նչ է, 90 հազարանոց ավտոմեքենան ճոխություն է, մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ դղյակները` ո՞չ:
Դառնանք վարչապետի մատնանշած մանրածախ առևտրի մեծ տարածքներ զբաղեցնող սուբյեկտներին, այսինքն` «սուպերմարկետներին», որտեղ ևս նախատեսվում է հարկման դաշտի փոփոխություն: Նկատենք, որ սուպերմարկետ կոչված մանրածախ առևտրի որոշ ցանցեր այսօր շատ ավելի հասանելի են բնակչությանը, քան սովորական խանութները, ուստիև նրանցից օգտվում են տասնյակ հազարավոր միջին և անգամ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներ: Այսինքն` կարելի է վստահ լինել, որ հարկային փաթեթի կիրառումից հետո այստեղ ևս կունենանք գների նկատելի բարձրացում, ու ոչ բարձր եկամուտներ ունեցող սպառողների համար առևտրի քաղաքակիրթ սպասարկումն այլևս հասանելի չի լինի:
Իրականում, հարկային փաթեթով նախատեսվող այս փոփոխություններին որ կողմից էլ նայում ես, շրջվում է շարքային սպառողի դեմ: Եթե նույնիսկ վարչապետը խոսում է ալկոհոլային թանկարժեք խմիչքների` հարկման բազայի 50 տոկոսով ավելացման մասին, նկատելով, որ այն շուկայի ընդամենը 15 տոկոսն է զբաղեցնում, ապա կասկածից վեր է, որ այն անուղղակիորեն անդրադառնալու է ամբողջ շուկայի վրա: Եվ, այս ամենով հանդերձ, ոչ մի խոսք` երկրի տնտեսությունը կլանած «ստվերի» հարկման մասին:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ