Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աննախադեպ համերգ` անվանի ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Սա Ցուկերմանի երկրորդ այցն է Հայաստան, սակայն ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նա հանդես է գալիս առաջին անգամ. 2010-ին Ցուկերմանին հայ հանդիսատեսը տեսավ բեմում որպես կամերային երաժշտի:
«Կարծես սովորական է դարձել աշխարհի ամենահռչակավոր երաժիշտներին Հայաստանում տեսնելը. միայն այս 2 ամսում էլ ով չեկավ Հայաստան»,- ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նա նշեց նաեւ, որ Ցուկերմանը գրեթե միակն է, ով շարունակում է «գիգանտների աշխատանքը»: «Եվ քանի որ Հայաստանում ընդունված է ամեն ինչ թվավորել, ես վստահ կարող եմ ասել, որ հոկտեմբերի 26-ին թիվ 1 ջութակահարն է գալու Հայաստան»,- ասաց Թոփչյանը:
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանն էլ, իր հերթին, նշեց, որ մենք ունենք եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող նվագախումբ, որի հաջողություններում իր կարևորագույն դերն ունի Թոփչյանը:
«Վերջերս դաշնակահար Ելենա Բաշկիրովան իր հայաստանյան համերգից հետո ասել էր, որ սպասում էր ամեն ինչ, բայց ոչ այս տեսակ նվագախումբ»,- ասաց Ռոստոմյանը:
Չորս տասնամյակ շարունակ համարվելով համաշխարհային երաժշտության ֆենոմենը` Պինկաս Ցուկերմանը հավասարապես հարգի է որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, ուսուցիչ և կամերային երաժիշտ։ Տարեկան հանդես գալով շուրջ 150 համերգներով` աշխարհի ամենահեղինակավոր սրահներում, Ցուկերմանը համարվում է դարի ամենաբարձրակարգ ջութակահարներից մեկը: Ելույթ ունենալով աշխարհի լավագույն նվագախմբերի հետ` 2009 թ. Լոնդոնի արքունական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։ Ստեղծագործական 45 տարիների ընթացքում վիրտուոզ երաժիշտն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին:
Իսկ հոկտեմբերի 26-ին նախատեսված համերգի ծրագրում ընդգրկված են Ջուզեպպե Վերդիի, Մաքս Բրուխի, Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները: