կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-21 20:42
Տնտեսական

Չուկչան եւ ՀԱԷԿ-ը

Չուկչան եւ ՀԱԷԿ-ը

Մի չուկչա զինվոր նստել էր միջմայրցամաքային հրթիռի վրա ու մուրճով աննպատակ հարվածում էր` որ մասին պատահի:

 

- Ի՞նչ ես անում, կպայթի, ախր,- նեղսրտում է ռուս սպան:

 

- Ոչինչ,- ժպտում է չուկչան,- մեր զորամասում սրանից շատ կա:

 

Հիմա Հայկական ատոմակայանի 160 աշխատակիցներ բիրիքով հեռացվել են աշխատանքից ու նրանց տեղը պիտի լրացվի` չգիտես ումով (գուցե նաև համարձակ չուկչաներով), որովհետև համապատասխան մասնագետներ, ինչպես էներգետիկներն են նշում, հնարավոր կլինի պատրաստել միայն միայն 2-3 տարում: Աշխատանքից չազատված մասնագետները, փաստորեն, պիտի գործը յոլա տանեն երկու հերթափոխով: Իսկ ատոմակայանի գործը, որքան հասկանում ենք, յոլա տանելով չէ: Այստեղ հնարավոր չէ աշխատել տաքսու վարորդի ռեժիմով:

 

Կայքերից մեկն իրավացիորեն նկատել էր, որ այս բնագավառի մասնագետների կարիք դրսում շատ է զգացվում եւ, ամենայն հավանականությամբ, այդ 160 աշխատողներն իրենց ընտանիքներով կլքեն երկիրը` դրսում նորմալ վարձատրվող մասնագիտական աշխատանք գտնելու նպատակով:

 

Մեր կարծիքով` սա դեռ հարցի մի կողմն է: Իսկ ի՞նչ կարող են մտածել ՀՀ մյուս քաղաքացիները, ովքեր տեսնում են, որ իրենց պետությունը այնպիսի մի հարցի, ինչպիսին ատոմակայանի հարցն է, նայում է այսպես` մատների արանքով, ասես խոսքը ոչ թե ստրատեգիական հսկայական նշանակության օբյեկտի է վերաբերում, այլ կրծողների դեմ պայքարին: Ինչ-ինչ, բայց ատոմակայանի պարագայում երևի ժամերի ընթացքում պետք է լուծվեր ընդամենը 160 մարդու խնդիր, որ նույնիսկ մեկ հերթափոխ չխաթարվեր: Իսկ մեր իշխանության համար դա հարց էլ չէ, կարծես:


Երանի թե սա ատոմակայանի վրա ուշադրություն հրավիրելու, նրա համար այստեղից-այնտեղից լրացուցիչ փող կպցնելու մի հնարք լինի: Բայց նույնիսկ այս դեպքում առավել քան անհասկանալի է կառավարության պահվածքը: Դա չեն կարող չնկատել նաև ատոմային էներգիայի արտադրության անվտանգության գծով միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են նաեւ հասնել ՀԱԷԿ-ի փակմանը: Իսկ թե ի՞նչ կտա դա մեզ, կարծում ենք` բոլորն են հասկանում:

 

Էդ.Ա.