կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 19:18
Առանց Կատեգորիա

Սեպը սեպով են հանում, Սարգսյանին` Քոչարյանով

Սեպը սեպով են հանում, Սարգսյանին` Քոչարյանով

Գործնականորեն մի քանի պատճառներ կան, որոնք առաջնորդելու կամ պարտադրելու են Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Առաջին` երկու անգամ անընդմեջ լինելով ՀՀ նախագահ` նա իր ուրույն քաղաքական հենարանն ունի ոչ միայն ներկայիս իշխանական վերնախավում, այլ նաև միջին օղակներում: 3-4 տարիների «թոշակառուի կարգավիճակը» չի ազդել նրա համախոհների և համակիրների քաղաքական հայացքների փոփոխության վրա: Եվ քանի որ նրանց քաղաքական հայացքներն ու գործելաոճը էականորեն չեն տարբերվում ներկա իշխանությունների գործելաոճից, ուստի Ռ.Քոչարյանի համար դարձյալ կաշխատեն: Փաստորեն, նրանք չեն էլ տարբերվում կամ առանձնանում Սերժ Սարգսյանի իշխանավորներից, որովհետեւ նույն անձինք են, նույն միսն ու արյունը: Եվ եթե նրանք, իրոք, Քոչարյանին նվիրված համակիրներ ու համախոհներ են մնացել, ապա Քոչարյանի «բացակայությունն» այստեղ վճռորոշ դեր չի խաղում:

 

Երկրորդ` հայ-ադրրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը:

 

Երրորդ` արտաքին քաղաքական գործոններն են, որ ազդում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Հայաստանի հարեւան ու դաշնակից երկու մեծ պետությունների` Ռուսաստանի և Իրանի համար Սարգսյանը արևմտամետ գործիչ է, նրանք, բնական է, կնախնտրեն Ռ.Քոչարյանին:

 

Չորրորդ` Հայաստանում ղարաբաղյան (ոչ թե Ղարաբաղի) կուսակցության գործունեության պահպանումն է: Պահպանելով սեփական դիրքերը իշխանության մեջ` Ռ.Քոչարյանը չկորցրեց իր հեղինակությունը նաև համակիրների շրջանում: Նրանից ու Վ. Օսկանյանից բացի, բոլորն իրենց տեղում են: Երեք տարվա մեջ համարյա ոչինչ չի փոխվել: Իսկ հերթական ԱԺ ընտրություններում ամենաշատ ձայն հավաքելու հնարավորություն ունեն միայն երկու իշխանական ուժերը` Հանրապետականը և ԲՀԿ-ն: Երկուսն էլ դարձյալ օգտագործելու են իշխանական լծակները` իրենց ձայները ավելացնելու համար (կեղծելով, թե արդարությամբ, դա նրանց բնավ չի էլ անհանգստացնում): Ռ.Քոչարյանի հնարավոր վերադարձն այս երկու ուժերից մեկի միջոցով է լինելու: Երրորդ տարբերակն ուղղակի չկա:

 

Հանրապետականը Հայաստանի քաղաքական կյանքում իր դերն արդեն կատարել է ու պահպանվել` սպասվածից ավելի: Այնտեղ միշտ հեղհեղուկ վիճակ է եղել ու հազար ու մի անսկզբունք պատեհապաշտների պատճառով հաճախ դժվար կառավարելի: Գնալով Հանրապետականը ավելի հստակ ցույց տվեց իր իրական ներկապնակը: Այն վերածվել է խորհրդային ժամանակներում անուն հանած Աղդամի շուկայի նման մի բանի, որտեղ ամեն տեսակի ապրանք կարող ես ճարել, եթե փող ունես: Ամեն ինչի վաճառողն էլ կա, գնողն էլ: Այս մտածելակերպով ու գործելաոճով քաղաքական որևէ խմբավորում չի կարող երկար գոյատեւել եւ, անկասկած, դեպի անկում է ընթանալու, ինչպես ժամանակին եղավ ՀՀՇ-ի հետ:

 

Քոչարյանի նման պրագմատիկ մտածողը Հանրապետականի հետ երկար քաղաքական ճանապահ չի գնա: Առավել ևս, երբ այժմ կա Հանրապետականին ոչնչով չզիջող քաղաքական մեկ այլ ուժ, որն առավել քան վստահելի է: Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը»: Որովհետև, հակառակ Հանրապետականի, Բարգավաճն ավելի նոր ուժ է, միատարր, ներսում չունի խմբակցություններ ու թևեր և ավելի կառավարելի է: ԱԺ ընտրություններում Քոչարյանի հաղթանակի գրավականը Բարգավաճի մեկնարկային առավելությունն է` 25-30 % ձայնով: Դրա համար Լ. Տեր-Պետրոսյանը, ոչ մեկի հասցեին երբեք լավ արտահայտված չլինելով, այս անգամ չդիմացավ ու արևելյան շողոքորթությամբ թույն կաթեցրեց բարգավաճականների ականջը` գովելով և' Բարգավաճին, և' նրա ղեկավարին:

 

Մնացած քաղաքական ուժերը, բացի ՀՅԴ-ից, չունեն այդ հեղինակությունը, որովհետև յուրաքանչյուրն ընտրություններից առաջ համարյա ամեն ինչ սկսում են զրոյից և միշտ վախենում տոկոսային սահմանափակումը չհաղթահարելու հեռանկարից: Բնական է, որ Ռ.Քոչարյանն այդ ուժերի հետ իր ծրագրերը չի կառուցի, բայց կփորձի օգտվել` որքան հնարավոր է` նրանց անորոշ խոստումներ տալով: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի` խորհրդարանում հայտնվելը կախված է միայն Սերժ Սարգսյանի բարի կամքից: Իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ Քոչարյան-Ծառուկյան զույգը մերժի Սերժ Սարգսյան-Հանրապետական զույգի առաջարկները: Եվ որքան Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորանա, այնքան ՀԱԿ-ի հայտվելը ԱԺ-ում կդառնա իրական: Քոչարյան-Ծառուկյան զույգի դեմ պայքարում Ս.Սարգսյանի զինանոցում եղած ՀԱԿ-ՀՀՇ-ն ոչ միայն գլխավոր զենքն է, այլ միակը: Եվ եթե Ս.Սարգսյանը այս ամենից հետո չկարողանա հաղթել ԲՀԿ-ին, ապա դա կլինի նրա, Հանրապետականի, «Օրինաց Երկիր»-ի, ՀԱԿ-ՀՀՇ ալյանսի քաղաքական պարտությունը:

 

Անհերքելի է, որ Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ի քաղաքական կնքահայրն է և Հանրապետական կուսակցության անդամն է եղել առանց կուսակցական տոմսի: Պարզ է, որ Ռ.Քոչարյանին ոչ բոլորն են Հանրապետականում ընդունում, ինչը շատ բնական է: Ուղղակի այս երեք տարվա մեջ պայմաններն են թելադրել, որ շատերը, օրինաց երկրում բարգավաճելով, իրենց հանրապետական երևակայեն, չէ որ այդպես ավելի ապահով է: Իսկ երբ պահը գա, շատերը նորից իրենց հավատարմության երդումը կհնչեցնեն Ռ. Քոչարյանին: Սկզբում կխոսեն նրա վերադարձի անխուսափելիության մասին, հետո կհայտնվեն «վանգաներ»` կասեն, որ իրենք դեռ 15-20 տարի առաջ գիտեին, որ այդպես էլ պետք է լիներ, և կփախչեն դեռ չայրված կամուրջներով:

 

Ռ.Քոչարյանի միակ թույլ տեղը մարտի 1-ի դեպքերն են, և ՀԱԿ-ՀՀՇ-ն (և ոչ միայն), շահարկելով մարտի 1-ը, ամեն ինչ անելու է փակելու նրա վերադարձը քաղաքականություն: Քոչարյանը պատրաստ է դրա դեմն առնել` օգտագործելով իշխանական վերնախավում գտնվող իր «զինանոցը» և, այսպես ասած, աջ ու ձախ քաղաքական ընդդիմությանը: Եթե Քոչարյանը կարողանա մաքրել մարտի 1-ի արյունը, ապա նա կարող է իրեն տեսականորեն դարձյալ նախագահ համարել և ընդմիշտ փակել մարտի 1-ի թեման: Եվրոպայի կողմից մարտի 1-ի վերաբերյալ վերջին բանաձևը Քոչարյանի համար կանաչ լույսի նման մի բան էր: Հենց դա էր հիմնական պատճառը , որ ՀԱԿ-ում այն սվիններով ընդունեցին:

 

Հայաստանի այսօրվա իշխանական վերնախավը, սկսած Ս.Սարգսյանից, վերջացած ժողովրդի փողերը հափշտակած Խաչիկյանով, պարտական են Ռ.Քոչարյանին ու նրա վճռականությանը: Իշխանական վերնախավում ոչ ոք Քոչարյանից լավը չէ, ու ոչ ոք էլ թող չկարծի, թե առավելություն ունի նրա նկատմամբ: Սկսած Սերժ Սարգսյանից ու վերջացրած Երևանի միլիցեքին կմճտած վերջին «քաղաքական բանտարկյալներով»` ոչ ոք չի կարող Ռ.Քոչարյանի ճանապարհը փակել, եթե նա ուզենա վերադառնալ:

 

Իսկ այժմ չպայմանավորված լռություն է` փոթորիկից առաջ: Կարծես, բոլորը սպասում են, թե ով է առաջին սխալը թույլ տալու: Եթե Ս.Սարգսյանը ցանկանում է (իսկ նա դա շատ է ուզում) ընտրություններից առաջ թուլացած տեսնել Ծառուկյանին, ապա այժմ ամենահարմար պահն է, հետո ուշ է լինելու, քանի որ ժամանակն աշխատում է Ծառուկյանի օգտին: Իսկ Սերժ Սարգսյանի դանդաղկոտությունը կամ անվճռականությունը միայն կթուլացնի նրան: Դա կարող է ճակատագրական լինել նախագահի համար: Ցավալին այն է, որ դարձյալ ամեն ինչ արվում է իշխանության, փողի ու պաշտոնի համար: Բոլորը խոսելու են ժողովրդի անունից, բայց ոչ ոք տեր չի կանգնելու այդ նույն ժողովրդին:

 

Հայաստանը կաշառակերության դարբնոց սարքած ՀՀ իշխանության ու կոալիցիոն կուսակցականների վերնախավերի ներկայացուցիչները, իհարկե, գիտեն իրենց հալման ջերմաստիճանն ու ամրությունը և ավելորդ փորձության չեն ենթարկի իրենց, որպեսզի չկորցնեն ժողովրդից հափշտակածն ու պատգամավորական մանդատները, ինչը շատերի համար դարձել է նրանց կյանքի իմաստը: Դրանք բոլորը ՀՀՇ-ի գաղափարական ու օրգանական շարունակությունն են և լրացնում են մեկը մյուսին: Մատրյոշկաների նման նրանք դուրս են եկել մեկը մյուսի միջից և դարձյալ ամբողջական կդառնան, եթե սկսես հավաքել նրանց:

 

Արդյո՞ք այս ամենից հետո կփոխվի ժողովրդի վիճակը: Իհարկե` ոչ: Ընտրություններով 5-10 հազար դրամ «աշխատած» փողից բացի, ժողովուրդը ուրիշ ոչ մի բանի հույս չի ունենալու, քանի որ իր ձայնը վաճառած ժողովուրդը բարոյապես իրավունք չունի ոչինչ պահանջելու: Եվ դարձյալ կունենանք նույն բարոյալքված ու անտերության մատնված Հայաստանը` արհամարհված բոլորի կողմից:

 

Գեւորգ Վարդանյան