Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ կարողանում հասկանալ մեր այն քաղաքական մեկնաբաններին, ովքեր լուրջ դեմքերով և անբացատրելի մղումով մամուլի ակումբներում հայտարարություններ են անում եւ, որպես կանոն, փորձում վերջնական խոսք ասել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Կարծիքներ, խնդրեմ, որքան ուզում եք հայտնեք, բայց վճռահատումներ, Աստծո սիրույն, թույլ մի տվեք ձեզ, որովհետեւ հաջորդիվ միայն ծիծաղելի վիճակն է, որի մեջ ընկնում եք անխուսափելիորեն:
Ահավասիկ մի վառ օրինակ մեր ջանասեր մեկնաբաններից մեկի խոսքից, որի անունը չենք տալիս միտումնավոր, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անձի խնդիր կա, կամ էլ մենք ենք փորձում ասել այդ վերջնական խոսքը. «Պատմությունը կրկնվում է. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանով էին վախեցնում: ՀԱԿ-ն ու իշխանությունը միմյանց վախեցնում են Քոչարյանի վերադարձով: Իշխանությունը ՀԱԿ-ին ասում է. «Եթե ես չլինեմ, կգա Ռոբերտ Քոչարյանը, եւ շատ բաներ կկրկնվեն», իսկ ընդդիմությունը իշխանությանը ասում է. «Եթե մեզ չճանաչեք հիմնական ընդդիմություն, մեզ հետ չնստեք երկխոսության, ապա Քոչարյանը կդառնա ձեր ընդդիմությունը»:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ այս խոսքերի հեղինակը գոնե մի դրվագում չի ասել, որ սա իր կարծիքն է: Ըստ նրա` ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ինքն է ներկայացնում: Իսկ հաջորդիվ, ինչպես ասացինք, ծիծաղելի իրավիճակն է, որի մեջ ընկել է մեր քաղաքական մեկնաբանը: Նրա այս հայտարարությունից հետո ինձ, անձամբ, հետաքրքրեց մի հարց` Քոչարյանի երկու ընտրությունների ժամանակ ո՞վ եւ ինչպե՞ս է (ժողովրդին կամ միմյանց) վախեցրել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով: Կարեն Դեմիրճյա՞նն էր Քոչարյանին Լեւոնով վախեցնում, թե՞ Քոչարյանը Կարեն Դեմիրճյանին: Իսկ գուցե հետո Ստեփան Դեմիրճյա՞նն էր Քոչարյանի դեմ պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ուրվականով, կամ հակառակը: Այդ տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանին ո՞վ էր հիշում առհասարակ, որ մի բան էլ նրա վերադարձով վախեցներ իր հակառակորդին կամ ժողովրդին:
Միանգամայն այլ իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ 2007-ի նախագահական ընտրություններից առաջ արթնացավ նաեւ Տեր-Պետրոսյանը եւ մտավ ընտրապայքարի մեջ: Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ նա վերադառնում է, եւ դարձյալ կարիք չկար ինչ-որ մեկին վախեցնել այդ վերադարձով: Նա, ով դեմ էր Տեր-Պետրոսյանին, մնաց Սերժ Սարգսյանի ճամբարում, ով որոշել էր սեփական թեկնածուով առաջ գնալ, գնաց իր թեկնածուով, իսկ նա, ով մտավ ՀԱԿ ճամբար, մնաց ՀԱԿ ճամբարում: Թերեւս կարելի է մի փոքր բացառություն անել ՕԵԿ-ի պարագայում, բայց այդ կուսակցության կեցվածքն էլ (սկզբում ՀԱԿ-ի հետ, հետո Սերժ Սարգսյանի) բացատրվում է հենց նրանով, որ Լեւոնի վերադարձով, ՕԵԿ-ին ոչ մեկը չէր վախեցրել:
Իսկ ինչո՞ւ հանկարծ Ռոբերտ Քոչարյանը դարձավ միմյանց վախեցնելու «զենք» գործող իշխանության եւ ՀԱԿ-ի համար: Այստեղ արդեն մենք լիովին համաձայն ենք մեկնաբանի հետ, որ ՀԱԿ-ն ու իշխանությունները միմյանց վախեցնում են ՀՀ երկրորդ նախագահի վերադարձով: Իսկ սա, մեր կարծիքով, նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից վախենում են երկուսն էլ: Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրա մասին խոսակցությունները մարեցին շատ արագ, մարդիկ մոռացան նրան, ինքն էլ առանձնապես երեսատեղ չուներ` մարդկանց ավելորդ տեղը հիշեցնելու իր գոյության մասին: Նրա թողած ժառանգությունը` Հայաստանը, իր զրոյական տնտեսությամբ եւ ներքաղաքական սրացող իրավիճակներով, ամենապերճախոս վկան էր նրա ձախլիկ կառավարման:
Իր հերթին` Տեր-Պետրոսյանին մոռացության տալու գործում քիչ դերակատարություն չունեցավ հենց Ռոբերտ Քոչարյանը, ով, արդեն նախագահի պաշտոնում, որեւէ առիթով գոնե մեկ անգամ հրապարակային քննադատություն չհնչեցրեց նրա հասցեին եւ չփորձեց առկա դժվարությունները բացատրել իր նախորդի ձախողումներով: Թող տպավորություն չստեղծվի, թե ուզում ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը հրաշքներ գործեց: Քավ լիցի, մենք այդ բարդույթը չունենք: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ տեղի ունեցան «հիշատակելու» արժանի դեպքեր ու իրադարձություններ, ծայր առան արդար հասարակության կայացմանը խոչընդոտող բազում գործընթացներ, բայց եւ ակնհայտ էր մեկ բան, որ մեր առջեւ կայուն զարգացող երկիր կար` իր անվտանգության հստակ հայեցակարգով: Այս պայմաններում մնացած խնդիրներն արդեն լուծելի էին թվում, ինչի վառ ապացույցն էր նաեւ մարդկանց ներգաղթն ու կապիտալի ներհոսքը: Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո, սա հետաքրքիր է, ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ քաղաքական ասպարեզում հանկարծ ծլած Տեր-Պետրոսյանը մեկ օր անգամ չեն կարողացել նրա անունը չտալ: Ավելին` իշխանություններն ամեն ջանք թափել են հակասական` մեկ լավ, մեկ վատ գույներով ներկայացնել նրան, նույնիսկ հայտարարել` նա ե՞րբ է հեռացել մեծ քաղաքականությունից, որ հիմա էլ պետք է վերադառնա:
Սա արդեն խոսում է այն մասին, որ կան նախագահների հեռանալու մի քանի եղանակներ, ու, նայած թե որն է բաժին հասնում, ըստ այդմ էլ հիշում կամ մոռանում են նրանց: Իսկ ինչո՞ւ է ՀԱԿ-ին հաջողվում ներկա իշխանություններին այդքան վախեցնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձով: Սա արդեն միանգամայն այլ խնդիր է, որ իշխանությունը պետք է փնտրի իր մեջ, կարողանա ի վերջո հասկանալ, թե այդ ինչի՞ց է, որ բազմաթիվ սխալներից զերծ չմնացած երկրորդ նախագահը, այնուամենայնիվ կարող է իրենց համար վտանգավոր մրցակից լինել գալիք ընտրություններում:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ