Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Երբ ավելացվում է հարկային պլանը, այն հավասարաչափ չի բաշխվում տնտեսության մեջ. հովանավորչություն վայելող սուբյեկտները նախկինի պես գործում են ստվերայնության դաշտում, եւ վարչարարության ամբողջ ուժն ընկնում է քիչ թե շատ օրինական դաշտում աշխատող սեկտորի` փոքր կամ միջին բիզնեսի վրա: Հայաստանյան բիզնես միջավայրի թեմայի շուրջ «Երկիրը» զրուցեց տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանի հետ:
-Որպեսզի հարկային վարչարարության այդ ծանրությունը զգան նաեւ խոշոր տնտեսվարողները, ի՞նչ պետք է անել:
-ՊԵԿ-ը պետք է ավելի հավասարաչափ մոտեցում ցուցաբերի: Սա իրոք վարչական միջոցառումների խնդիր է եւ ոչ իրավական: Իրավական դաշտում ամեն ինչ նորմալ է: Օրենքը կա եւ այն պետք է կիրառել բոլորի նկատմամբ հավասարապես: Իսկ եթե չես կիրառում, մեկը շահում է, մյուսը`ոչ:
-Եթե վարչարարության այդ ծանրությունը խոշոր բիզնեսը չի զգում, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում այն, որ ներկայումս հատկապես հենց խոշորներն են հեռանում երկրից:
-Ես միանշանակ չասացի, թե ամբողջ վարչարարությունը միայն փոքր բիզնեսի վրա է: Իրականում վերջին մեկ տարվա ընթացքում փոքր բիզնեսին որոշ արտոնություններ տրվել են, իրենց պաշտպանվածության աստիճանը մի փոքր բարձրացվել է, դա մենք չենք կարող չընդունել, չտեսնել:
-Այնուամենայնիվ, ինչու՞ է խոշոր բիզնեսը տեղափոխվում Հայաստանից:
-Դա մի քանի պատճառ կարող է ունենալ: Առաջինն այն է, որ բիզնեսն այնքան է խոշորացել, որ Հայաստանի շուկան արդեն փոքր է թվում իր համար: Կան խոշոր բիզնեսներ, որոնց տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ եթե ոչ 100 միլիոն դոլարի է հասնում: Եվ այս պարագայում Հայաստանն այլեւս աճի ռեսուրս չի ապահովում իրենց համար: Եվ որպեսզի բիզնեսը ծավալվի, Հայաստանի սահմաններից պիտի դուրս գան:
Մյուս պատճառը քաղաքական բնույթ ունի: Քանի որ Հայաստանում քաղաքական վիճակը կայուն չէ, իրենք իրենց բիզնեսի անվտանգության համար բավարար երաշխքիներ չունեն: Այսինքն` բիզնեսը արտասահման տեղափոխելով` անվտանագության խնդիր են լուծում: Երբ 1990-ականներին Հայաստանում ձեւավորվում էր այս ավտորիտար համակարգը, օլիգարխները օգնում էին դրան: Իսկ հիմա երբ օլիգարխները շատ են հզորացել, խանգարում են կենտրոնացված իշխանությանը: Նրանք էլ չեն ուզում առաջվա պես ենթարկվող լինել, փորձում են լինել քաղաքական գործոն, իրենց կամքը թելադրել, իրենց օրենքներն անցկացնել, ինչը թուլացնում է կենտրոնական իշխանությունը: Եվ այս դեպքում, բնականաբար, իշխանությունը պետք է զսպի նրանց:
-Դիտարկեցինք միայն ներքաղաքական վիճակը, իսկ արտաքին քաղաքականության վիճակը, պատերազմի վերսկսման հավանականությունը արդյո՞ք ազդում են դրա վրա:
-Այդ ազդեցությունը կարող է լինել այն դեպքում, երբ ներդրումները վերաբերեն այնպիսի ոլորտների, որոնց արտադրանքը ամբողջապես արտահանվում է եւ տրանսպորտային կոմունիկացիաների օգտագործման անհրաժաշտություն կա: Սակայն մենք բացի հանքարդյունաբերությունից, այդպիսի ոլորտ չունենք: Չեմ կարծում, թե այնպիսի ներդրումային ծրագրեր են եղել, որոնք տրանսպորտի խնդրի պատճառով չեն իրականացնել: Իսկ պատերազմի հավանականությունը միշտ եղել է ու միշտ էլ ազդել է: Հիմա ձեզ թվու՞մ է, թե մենք նախորդ տարիներին ունեցել ենք ներդրումային մեծ ակտիվություն, հիմա դա պակասել է: Այդպես չէ: Մեր ընդհանուր տարեկան ներդրումային պոտենցիալը մեկ միլիարդ դրամի սահմաններում է: Դա այնքան փոքր ծավալ է, եթե համեմատում ենք, թե ինչ ներդրումներ են լինում Վրաստանում, Ադրբեջանում կամ մեզ նման այլ երկրներում: Եվ նշեմ, որ բիզնեսի տեղափոխման համար կա նաեւ երրորդ պատճառը. նրանք գնում են այն միջավայրերը, որտեղ իրենց բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ կան:
-Այսինքն` Վրաստանում տնտեսական միջավայրը գրեթե իդելական է, քանի որ հիմնականում հենց Վրաստան են տեղափոխվում:
-Ես չեմ ասում, թե Վրաստանի տնտեսական միջավայրը իդեալականին մոտ է: Սակայն Վրաստանի կառավարությունը շատ բան է անում` միջավայրը բարելավելու համար: Ոչ ոք չի կարող հերքել դա: Սկսած նրանից, որ օրենսդրորեն հարկային տոկոսադրույքները իջեցրել են: Այստեղ հարկերը ցածր են: Կառավարությունն իր կողմից վարչական ճնշումները, բյուրակորտական քաշքշուկները հասցրել է նվազագույնի: Սակայն սա չի նշանակում, թե այնտեղ տնտեսական միջավայրը իդելական է: Դրա համար պետք է ունենալ կադրային համապատասխան պոտենցիալ, ֆինանսական զարգացած ենթակառուցվածքներ, որոնք Վրաստանը չունի: Բանկային համակարգը կամ ֆինանսական շուկան ավելի զարգացած եւ հուսալի չէ, քան Հայաստանում է: Այսինքն` ամեն ինչ միանշանակ չէ:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ