կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 14:50
Սպորտ

Նախագահը պարգևատրել է Ռաֆայել Վահանյանին

Նախագահը պարգևատրել է Ռաֆայել Վահանյանին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ և  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն և աշխարհի կրկնակի չեմպիոն թիմային հաշվարկում Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

 

Հանրապետության ղեկավարը հոբելյանական երեկոյի ժամանակ ջերմորեն շնորհավորել և տարեդարձի առթիվ Ռաֆայել Վահանյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ձեռք բերած ակնառու հաջողությունների և փայլուն հաղթանակների համար շնորհված պետական պարգևը` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը:

 

«Ռաֆայել Վահանյանը հայկական և ո՛չ միայն հայկական մարզաշխարհի այն ներկայացուցիչներից է, ով սպորտում խորը հետք թողնելուց բացի, իր հետևից տարել է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց: Ռաֆայելը ոչ միայն Խորհրդային Միության ժամանակաշրջանի շախմատիստ է, այլև՝ այսօրվա մեր փայլուն հավաքականի հաջողությունները կռողներից մեկը: Ես տեսել եմ, թե ինչպես պարոն Վահանյանը կարող է իր հետևից տանել թիմը, ես տեսել եմ, թե նա ինչպես է պայքարում»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Միջոցառման ժամանակ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է հանձնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանին, որը նա ստացել էր ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և Հայաստանում կանանց շախմատի զարգացումը մեծապես խթանելու, միջազգային մրցասպարեզներում ունեցած հաջողությունների համար:

 

Սերժ Սարգյանը պետական պարգևներ է հանձնել միջազգային գրոսմայստերներ, Հայաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Ռոբերտ Հովհաննիսյանին և Սերգեյ Մովսիսյանին ևս: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ձեռք բերած փայլուն հաղթանակի, Հայաստանում շախմատի զարգացումը խթանելու համար Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսիսյանը պարգևատրվել էին Մովսես Խորենացու մեդալով: