կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-11 14:04
Սպորտ

Բոստանջյանը ՀԱԿ-ի անհեթեթ քայլերը չի կարողանում մեկնաբանել

Բոստանջյանը ՀԱԿ-ի անհեթեթ քայլերը չի կարողանում մեկնաբանել

Այսուհետ ՀԱԿ-ն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ չի պահանջում: ՀԱԿ-ի շուրջօրյա նստացույց-հանրահավաքի ամփոփիչ բանաձեւում նշված է, որ այդ պահանջը դադարել է այժմեական լինելուց: Այսուհետ ՀԱԿ-ի այժմեական հարցը, «գլխավոր կարգախոսը» Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականն է:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այն որակեց «անհեթեթ, տրամաբանության մեջ չտեղավորվող պահանջ»:

 

«Ե'վ քաղաքական, ե'ւ մարդկային, ե'ւ էթիկայի առումով հասկանալի չէ, որեւէ մեկը եթե հանկարծ հասկանա` ես մեծ ուրախությամբ նրան կլսեմ»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ ոչ թե զերծ է մնում մեկնաբանությունից, այլ, իրոք, «այդ անտրամաբանական երեւույթը չի կարողանում մեկնաբանել»:

 

Այդուհանդերձ, մեծ դժվարությամբ փորձելով ինչ-ինչ տրամաբանություն գտնել ՀԱԿ-ի քայլերի մեջ` Բոստանջյանը նշեց, որ, ըստ էության, «այդ խոսքերը բխեցին ժողովրդական զանգվածն իր շուրջ համախմբելու անհաջող փորձից հետո»:

 

ԲՀԿ-ական պատգամավորը համաձայնեց մեր թղթակցի այն դիտարկմանը, որ արդյունքում ՀԱԿ-ն ավելի մեծ զանգված կորցրեց, իսկ այսօր էլ շփոթվել է ցանկությունների հարցում:

 

Երկխոսության շարունակականության վերաբերյալ հարցին Բոստանջյանը հստակ պատասխանել չկարողացավ, միայն նշեց, որ խնդրելու ոչինչ չունեն` հայտնի չէ, թե ումից կամ ինչի համար: Երբ նրան հիշեցրինք, որ կոալիցիան վստահեցնում էր, թե անօրինական հանրահավաքների դադարից հետո երկխոսությունը կարող է վերսկսվել, պատգամավորը նկատեց, որ հարգելի պատճառներով կոալիցիայի աշխատանքային խումբը դեռ չի հավաքվել. բայց մի բան հստակ է` կոալիցիան ՀԱԿ-ի հետ չի նստի մի սեղանի շուրջը` բանակցելու կամ երկխոսելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի կապակցությամբ: