կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 11:40
Առանց Կատեգորիա

Բոստանջյանը կրեց, էն էլ` 5 : 0

Բոստանջյանը կրեց, էն էլ` 5 : 0

Եթե արդար ընտրություններ լինեն, ապա ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ կհավաքի. ասել է պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա այս հայտարարությունը բավական եղավ, որ մի խումբ ՀՀԿ-ականներ, Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, երկու օր խոսեին Բոստանջյանի վառ երևակայության եւ հումորի անզուգական զգացումի մասին: Իսկ այդ խմբից մի բավականին լուրջ անձնավորություն` պատգամավոր Համլետ Հարությունյանը, ընդհանրապես հայտարարեց, թե պատրաստվում է Բոստանջյանի հետ լուրջ ու հանգամանալից զրույց ունենալ այդ թեմայով:

 

Հանրապետականները, սակայն, շատ լուրջ սխալ են թույլ տալիս եւ իրենց հապճեպ եզրակացություններով լրացուցիչ լարվածություն մտցնում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում: Նախևառաջ նրանք մոռանում են, թե ով է Վարդան Բոստանջյանը: Պրոֆեսոր: Ահա թե ինչն են նրանք մոռանում: Մարդը` պրոֆեսոր Բոստանջյանը, նույն օրը, կարծես, ասել էր նաև, որ կառավարության բյուջեն արդեն լավն է: Հա, հենց այդպես` արդեն լավն է: Նրա այս հայտարարությունը պիտի որ շոյեր գործընկեր կուսակցության ինքնասիրությունը, բայց արի ու տես, գործընկերները բռնել են պրոֆեսորի մեկ այլ, ավելի անկարևոր հայտարարության պոչից: Ներողություն եմ խնդրում պարոն Բոստանջյանից իր հայտարարության կապակցությամբ անկարևոր բառի օգտագործման համար, բայց, այն անկարևոր է ոչ թե ընդհանրապես, այլ բյուջեին տրված գնահատական-հայտարարության համեմատ:

 

Ինչևէ, գանք գալիք ընտրությունների շուրջ պրոֆեսոր Բոստանջյանի հայտարարությանը, որն այդպես հուզել է ՀՀԿ-ին: Պրոֆեսոր Բոստանջյանը, պարզվում է, պրոֆեսոր է ոչ միայն տնտեսագիտության ոլորտում, այլև հայերենի, ինչը չես ասի ՀՀԿ-ականների մասին: ՀՀԿ-ականները յոթ երգ գիտեն, յոթն էլ ընտրություններում հաղթելու մասին է: Այդ իսկ պատճառով էլ, ով խոսում է ընտրություններում իր կամ իր կուսակցության շանսերի մասին, անմիջապես ձգվում են, նեղսրտում: Իսկ այս անգամ խոսել էր գործընկեր կուսակցության ներկայացուցիչը եւ, ըստ իրենց, մի հայտարարություն արել, որ իբր, ծիծաղ է առաջացրել ՀՀԿ շարքերում: Եթե Բոստանջյանի հայտարարությունը ծիծաղելի է, եւ դուք, հարգելի հանրապետականներ, դա վերագրում եք պրոֆեսորի հիանալի հումորի զգացում ունենալուն, ապա ինչո՞ւ եք պատրաստվում առանձին եւ հանգամանալից զրույց ունենալ ԲՀԿ պատգամավորի հետ: Ի վերջո, դուք քաղաքական գործիչներ եք, եւ ձեր գործողություններն ամենաքիչը պետք է տրամաբանված լինեն պատճառահետևանքային շղթայում: Բայց տրամաբանությունը դեռ թողնենք մի կողմ, որովհետև բանն, իրոք, տրամաբանությանը չի հասել, քանզի հանրապետականներին դավաճանել է հայերենի վատ իմացությունը:

 

Խնդրում եմ նորից ընթերցեք Բոստանջյանի հայտարարությունն ընտրություններում շատ ձայն հավաքելու մասին: Նա ասում է` եթե արդար ընտրություններ լինեն, ապա ԲՀԿ-ն ավելի շատ ձայներ կհավաքի: Վերցրեք միկրոսկոպը եւ հարգարժան պրոֆեսորի ասածների մեջ փնտրեք հումորի նշույլ կամ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» արտահայտությունը: Չկա՞: Դե, իհարկե, չկա: Որտեղի՞ց լինի, եթե Բոստանջյանը ՀՀԿ-ին նկատի չի ունեցել, չի ուզեցել ասել, որ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան ՀՀԿ-ն: Մարդն ընդամենը ասել է, որ եթե արդար անցնեն ընտրությունները եւ ընտրակեղծիքներ չլինեն, ԲՀԿ-ի ձայներն ավելի շատ կլինեն: Ընդամենը սա է ասել:

 

Եթե չհամոզեցի, իսկ ես կցանկանայի, որ նաև պարոն Բոստանջյանը համոզվի, որ գործընկերներին անզգուշաբար չի նեղացրել, ապա կարող ենք ձեռքներս առնել 2011թ. փետրվարի 17-ի հրատարակության կոալիցիոն հուշագիրը, որտեղ մի շատ հետաքրքիր միտք կա այն մասին, որ այդ հուշագրի կողմերը պայմանավորվում են մեծացնել իրենց ազդեցությունը, այսինքն` ավելի շատ ձայն հավաքել, քան ունեն հիմա, եւ, որ ամենակարևորն է, դա չանել միմյանց ձայների հաշվին: Հետևաբար, առնվազն անհեթեթություն է պրոֆեսոր Բոստանջյանից հաշիվ պահանջելու` ՀՀԿ-ականների մոտիվացիան, թե նման հայտարարությունները հարիր չեն կոալիցիոն կուսակցության ներկայացուցչին:

 

Գագիկ Ծառուկյանի` ավելի վաղ արած հայտարարությունն այս նույն թեմայով, այո, բռնելու տեղեր ուներ: Հստակ թիվ էր հայտարարվել` 50+1, եւ այդ թիվն  ինչ-որ բան նշանակում էր: Ըստ երևույթին` այդ օրերից ՀՀԿ-ի վախը դեռ չեն բռնել ու մինչ օրս էլ ԲՀԿ-ի նույնիսկ ամենաանմեղ հայտարարությունների մեջ 50+1 են տեսնում: Բուժամիջոցն այս դեպքում մեկն է, ժողովրդական` տաք պահեք, կանցնի:

 

Իսկ պրոֆեսոր Բոստանջյանին ցանկանում եմ սրտանց շնորհավորել նման փառահեղ հաղթանակի համար` 5 : 0 :

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ