կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 15:48
Առանց Կատեգորիա

Օրենք, որը կարգավորելու է ԳՄՕ-ների կիրառումը

Օրենք, որը կարգավորելու է ԳՄՕ-ների կիրառումը

Հայաստանի բնապահպանության նախարարությունը մշակել, իսկ առաջիկայում ԱԺ կներկայացնի «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը։

 

Նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ հույս ունեն մինչեւ հաջորդ տարի ունենալ օրենք, որի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել եւ կարգավորել մեր կյանքին ու առողջությանն ուղղակիորեն առնչվող այդ ոլորտը։ Նա նաեւ հայտնեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է կառավարությունում` ՀԿ-ների եւ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ:

 

Ըստ Զիրոյանի`  ստեղծվել է 18 մասնագետից կազմված Ազգային հանձնաժողով, որն էլ զբաղվելու է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՄՕ) կամ դրանք պարունակող մթերքի ներմուծման հարցով:

 

Մինչեւ այս տարեվերջ երկրագնդի բնակչության թիվը կհասնի 7 միլիարդի, եւ մարդկանց սննդի ապահովման համար ավելի քան 60-70 միլիոն հա հողատարածք է տրամադրված գենետիկորեն մոդիֆիկացված մշակաբույսերին: Գենոմուտացված կարտոֆիլի, եգիպտացորենի եւ պոմիդորի ցանքատարածությունները, օրինակ, ԱՄՆ-ում զբաղեցնում են 40 մլն հա տարածք, Արգենտինայում` 15 հա, Կանադայում` 30 հազար հա:

 

Այսօր բազմաթիվ երկրներ մերժում են ԳՄՕ-ների կիրառումը` համարելով, որ դրանք անընդունելի են շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվտանգության առումով: Մեր երկիրը դրանց կիրառումն ընդունողների շարքում է, սակայն` վերահսկելու պայմանով:

 

Ա. Զիրոյանը նշեց, որ օրենքն ընդունելուց հետո առաջին հերթին հարկավոր է մաքրել դաշտը: «Դա ամենեւին էլ չի նշանակում ընդհանրապես հրաժարվել գենետիկորեն ձեւափոխված սննդից: Օրենքի կիրառման և ոլորտի նկատմամբ համապատասխան վերահսկողություն իրականացնելու դեպքում շրջակա միջավայրի ու մեր առողջության համար կարող ենք չանհանգստանալ»,- ասաց նա:

 

Զիրոյանի խոսքերով` չի բացառվում, որ նման օրգանիզմները խաչասերման միջոցով բույսերին վնաս պատճառեն եւ ստեղծվեն նոր տեսակներ, որոնք վտանգավոր կլինեն շրջակա միջավայրի համար: Այս ամենը կարգավորելու համար դեռեւս 1993թ. ՄԱԿ-ը ընդունել է Կենսաբազմազանության կոնվենցիան, ավելի ուշ` նաև Կարթագենյան արձանագրությունը, որը 2004 թ. վավերացրել է նաեւ Հայաստանը:

 

Բանախոսը հիշեցրեց, որ շատ դեպքերում չբերությունը, գիրությունը եւ ալերգեն երեւույթները կապված են ԳՄՕ-ների հետ: Նա նշեց, որ այս պահին Հայաստանում ոչ մի տվյալ չկա, թե որքան են մեր երկրում տարածված ԳՄՕ-ները: «Նշեմ միայն, որ դեռեւս Խորհրդային Հայաստանում գետնախնձորի եւ ծխախոտի ԳՄՕ են ստացել»,- ասաց նա:

 

Ի դեպ,  օրենքի ընդունումից հետո Հայաստան ԳՄՕ ներկրելու եւ չհայտարարագրելու դեպքում ներմուծող ընկերության անձնակազմի համար վարչական տուգանքը կկազմի 200 հազար դրամ, ղեկավարների համար` 400 հազար դրամ: Օրենքի նախագծում նաեւ նշված է, որ ԳՄՕ-ի ազդեցությունից մահի դեպքում նախատեսված է ազատազրկում: