Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից իր հեռանալու մասին հրապարակավ երբևէ չի հայտարարել: Ավելին` 2008թ. նոյեմբերին, երբ պատրաստվում էր թողնել նախագահի պաշտոնը, հայտարարեց, թե չի պատրաստվում դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն:
Եվ «Մեդիամաքս»-ին երեկ տված հարցազրույցում նրա այն միտքը, թե չի բացառում իր վերադարձը մեծ քաղաքականություն, բովանդակային առումով որևէ նորություն չէր պարունակում: Բայց խնդիրը ոչ թե ասվածի բովանդակության մեջ էր, այլ ընտրված պահի և ձևաչափի, ինչը նոր երանգ է հաղորդում նախընտրական զարգացումներին:
Իր վերադարձի համար Քոչարյանը երեք նախապայման է ներկայացնում, և երեքն էլ լուրջ ենթատեսքտ են պարունակում: Առաջին պայմանը «երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը եւ, որպես հետեւանք՝ փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճն» է: Ըստ էության, Քոչարյանը նկարագրում է հենց այն իրավիճակը, որն առկա է այսօր: Նրա ներկայացրած բոլոր ասպեկտներով անկումն ակնհայտ է անգամ անզեն աչքով, և եթե դատելու լինենք միայն այս գործոնով, ապա նա առնվազն հուշում է, որ իր վերադարձի համար նախադրյալներ կան: Սա, փաստորեն, ոչ այնքան նախապայման է, որքան գնահատական իշխանությունների կողմից վարվող սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական քաղաքականությանը, ինչն, անկախ անձից, միանգամայն հնարավոր ու նույնիսկ պահանջված կարող է դարձնել ցանկացած նախկին լիդերի վերադարձ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անկախ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից, իր պաշտոնավարման տարիները տարբերվել են համեմատաբար ավելի բարվոք սոցիալական դրությամբ:
Երկրորդ նախապայմանն ուղղված է հատկապես քաղաքական ուժերին: Նա իր վերադարձը հնարավոր է համարում «հասարակության տարբեր շերտերի կողմից» դրա պահանջարկն առաջանալու դեպքում: Թե ո՞ւմ, ի՞նչ շերտեր նկատի ունի երկրորդ նախագահը, փակագծերը չի բացում: Քաղաքական ուժերը, ունենալով հանրային աջակցության բավարար ռեսուրս, կարող են իրենք ձևավորել նրա վերադարձի նկատմամբ հասարակական պահանջարկը: Բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որ այդ ուժերն իրենք զգան դրա անհրաժեշտությունը, ինչի նախադրյալները, գոնե այս պահին, տեսանելի չեն: Այսինքն՝ Քոչարյանն ինքը չի ձգտում վերադառնալու համար դիմել որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի և ակնարկում է, որ եթե կան իր վերադարձի հարցում շահագրգիռ շրջանակներ, կարող են նախաձեռնություն ցուցաբերել: Սա ինչ-որ տեղ իր հնարավոր վերադարձի շուրջ քաղաքական ուժերի, հասարակության տրամադրությունները շոշափելու, զգալու միջոց է:
Իր վերադարձը հնարավոր դարձնող երրորդ գործոնը Քոչարյանը համարում է իր ներքին համոզվածությունն առ այն, որ կարող է արմատական ձևով բարելավել իրավիճակը: Մի կողմից նրա` քաղաքականության մեջ չլինելը կարելի է բացատրել նրանով, որ իրավիճակը բարելավելու այդ ներքին համոզվածությունը, գուցե ներուժը Քոչարյանն իր մեջ առայժմ չի տեսնում: Բայց մյուս կողմից՝ այս մոտեցումը կարելի է նաև մեկնաբանել որպես պարզապես առայժմ վերադառնալու մասին վերջնական հայտարարությունից ձեռնպահ մաալու ցանկությամբ: Ամեն դեպքում այս գործոնը մատնացույց անելով` նա փորձում է ընկալելի դարձնել, որ դա առաջին հերթին իր որոշումն է լինելու:
Նույնքան ուշագրավ էր նման հայտարարությամբ հանդես գալու համար ընտրված պահը: Այն, իհարկե, արձագանք էր Ռուսաստանում նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի վերադարձը որպես Քոչարյանի «պրոյեկտված» վերադարձի նախադրյալ դիտարկելու շուրջ ծավալված քննարկումներին: Սակայն չի կարելի չնկատել, որ դա երկրորդ նախագահի համար նաև հարմար առիթ դարձավ իր վերադարձի նկատմամբ հասարակական հետաքրքրություն բորբոքելու ու դրանով իր հնարավոր որոշումը բնական դարձնելու համար:
Իր մեկնաբանության մեջ Քոչարյանը ակնարկում է, թե «մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում»: Ու քանի որ ընդամենը մեկ «մնացած գործոն» կա, և դա քննարկվող` Ռուսաստանում նախագահի պլանավորված փոփոխության ազդեցությունն է Հայաստանում, ակնհայտ է դառնում, որ երկրորդ նախագահը հենց այդ հանգամանքն է իր համար լրացուցիչ «քաղաքական ռեսուրս» համարում: Ու չնայած պնդում է, որ «քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ՝ Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից», սակայն ակնարկում է նաև, որ քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելիս նաև այդ «քաղաքական ռեսուրսը» կարող է հաշվի առնել, եթե չասենք` օգտագործել:
Հենց այս իրողությունն է, որ ինտրիգայնություն է հաղորդում Քոչարյանի հայտարարություններին ու ստիպում քաղաքական հեռահար պլաններ կազմելիս մշտապես հաշվի առնել իր վերադարձի գործոնի մշտական առկայությունը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ