Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետք»-ը գրում է. «Մեր երիտասարդ վարորդը՝ Վրեժը, բավականին հմուտ վարելով մեքենան, գրունտապատ, տեղ-տեղ նեղ, դժվարանցանելի ճանապարհով Հաթերքից իջնում է դեպի Թարթառի հովիտը: Հասնելով Գետավան՝ թեքվում ենք աջ ու մտնում բավականին լայն ճանապարհ, որը Վարդենիս-Մարտակերտ ապագա մայրուղու մի հատվածն է: Սպիտակ «Նիվան», իր հետեւից փոշու ամպ բարձրացնելով, ընթանում է դեռեւս խճով ու հողով պատված ճանապարհով: Որոշ ժամանակ անց մեր առաջ հայտնվում է կապույտ ցուցանակը՝ «Շահումյանի շրջան»:
Խորհրդային տարիներին սա Ադրբեջանի Քելբաջարի շրջանն էր՝ հայկական պատմական Քարվաճառը, որը միայն 1993-ի գարնանն ազատագրվեց: Այժմ սա Արցախի 7 շրջաններից մեկն է, որի մեջ մտնում են նախկին Քելբաջարի ու օկուպացված Շահումյանի (1992-ի հունիսի 13-ին ադրբեջանական ուժերը ռուսական զրահատեխնիկայի աջակցությամբ զրավեցին այս շրջանը, որն առ այսօր գտնվում է հակառակորդ պետության վերահսկողության տակ) շրջանները: Այսօրվա Շահումյանի շրջանի շատ գյուղեր վերաբնակեցվել են փախստական շահումյանցիներով, իսկ գյուղերն էլ կրում են նախկին բնակավայրերի անունները՝ Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքեջ… Հենց Նոր Էրքեջ էլ գնում ենք մենք: Սա մայրուղու վրա գտնվող երկրորդ գյուղն է, որը գրեթե կպած է Չարեքտարին: «Նիվան» կանգ է առնում գյուղամեջի խանութի մոտ: Գյուղամեջն էլ այստեղ հարաբերական հասկացություն է, քանի որ համայնքի տները ցրված են, միջով էլ անցնում է մայրուղին՝ կիսելով գյուղը: Խանութի մոտ հանդիպում ենք համայնքի ղեկավարին՝ Արա Հովհաննիսյանին: Ժպտադեմ անձնավորություն է: Հրավիրում է ճանապարհի ու գետի միջեւ ընկած հատվածում պատրաստված տաղավար: Դրա կողքին էլ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան են կառուցել, որն այս տարվա հունիսի 13-ին՝ Շահումյանի անկման օրն են բացել: Ավելի հեռվում Թարթառը «կտրող» նորակառույց կամուրջն է:
Արա Հովհաննիսյանը 40 տարեկան է, 2000-ից՝ Նոր Էրքեջի հիմնադրման առաջին օրից, ղեկավարում է համայնքը: Սկզբում նշանակվել է շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից, հետո ընտրվել է բնակիչների քվեով: Ժպիտով ասում է, որ մինչեւ հիմա մրցակից չի ունեցել ընտրություններում: Հարցին, թե արդյոք գոհ է իր պաշտոնից, ծիծաղով է պատասխանում. «Մինչեւ հիմա էլ փոշմանած եմ, բայց ճարս ի՞նչ»:
Գյուղում 30 տուն կա, 120 բնակիչ: Դրանցից 43-ը միջնակարգ դպրոցի աշակերտներն են: «Փաստորեն, մեկ երրորդը երեխա են»,- նկատում է ընկերս: Գյուղապետը նշում է, որ պաշտոնը ստանձնելիս համայնքում ընդամենը 10 տուն կար: Հիմա եղածներից էլ 8-ը Էրքեջից են (ըստ ստուգաբանության՝ Էրքեջ անվանումն առաջացել է «այր» եւ «քաջ» արմատներից), մյուսները՝ տարբեր տեղերից: 1991-ի հունիսին ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային բանակի օգնությամբ գրավեց Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը, որոնք ազատագրվեցին նույն տարվա սեպտեմբերին: Սակայն 1992-ի ամռանը լայնածավալ հարձակման արդյունքում հակառակորդը կրկին գրավեց ոչ միայն այս բնակավայրերը, այլեւ ամբողջ շրջանը, որը մինչ այդ գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:
Սկզբնական շրջանում Հովհաննիսյանների ընտանիքն ապրել է Վարդենիսում, իսկ 2000-ից բնակություն է հաստատել Արցախում: Ինքը՝ Արան, 4 երեխա ունի: Ասում է, որ գյուղի կեսը բազմազավակ է: Տուն կա, որ 9 երեխա ունի: Պետությունն աջակցություն է ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին. օրինակ՝ 4-րդ երեխան ծնվելու դեպքում 1 մլն դրամ է հատկացնում, նույնքան էլ ավանդ բացում բանկում մինչեւ չափահաս դառնալը: 4-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում հատկացվում է այդքան օգնություն, իսկ, օրինակ, 3-րդի դեպքում՝ 700.000: Իսկ 6-րդի ծնվելու դեպքում պետությունը տուն է կառուցում ընտանիքի համար: Երեխաներին նաեւ ամսական նպաստ է հատկացվում: Նույն Հովհաննիսյանները այդկերպ ստանում են 35.000 դր: Պետությունը սուբսիդավորում է նաեւ վերաբնակիչների հոսանքի ամսական ծախսը 60 կՎտժ չափով»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: