Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
18-ամյա Հրաչյա Թութխարյանը շատ է սիրում սովորել, երազում է բանկային գործին տիրապետել եւ խուլերի միավորման նախագահ դառնալ:
Գուցե շատերին հեշտ թվա երազանքին տանող ճանապարհը գտնելը, սակայն Հրաչյան խուլ է, եւ Հայաստանում խուլերի համար անգամ բուհ ընդունվելն է գլխացավանք:
Պատանին սովորում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, որտեղ ունի շատ ընկերներ: Հրաչյան նեղանում է, երբ իրեն համր են կոչում, քանի որ ինքն էլ արտահայտվում է ժեստերի լեզվով. «1957թ. սկսած` Հռոմում այլեւս չեն օգտագործում համր բառը, իսկ մեզ դեռ խուլ ու համր ենք ասում»:
Հրաչյայի խոսքով` իր իրավունքն է թարգմանիչ ունենալ, որի կարիքն ինքը զգում է ամեն վայրկյան:
Տեր Եսայի քահանա Արթենյանը միակ հոգեւորականն է, ով տիրապետում է ժեստերի լեզվին: Տեր հայրն արել է հնարավորը` խուլերին, որոնք մտնում են խոցելի խմբերի մեջ, աղանդավորներից հեռու պահելու համար:
«Նախկինում կային երեխաներ, ովքեր ինչ-որ աղանդի հավաքույթների էին մասնակցում, բայց հիմա կրթահամալիրում չկա եւ ոչ մի սան, որն աղանդավոր է»,- ասաց Տեր Եսային` հավելելով, որ արդեն 10 տարի է, ինչ ինքն այցելում է կրթահամալիր եւ հոգեւոր զրույցներ անցկացնում երեխաների հետ:
Ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանի ծնողները խուլ են, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ տիկին Մելիքյանը ուսումնասիրի այդ լեզուն: Նրա համար ժեստերի լեզուն մայրենի լեզու է. «Այն հոգու լեզու է` ոչ լավն է, ոչ վատը»:
Ըստ Զ. Մելիքյանի` ցավոք, հայաստանում չկան ժեստերի լեզվի մասնագետներ, եւ համալսարաններն էլ չեն զբաղվում այդ հարցով:
Նշենք, որ կրթահամալիրն այս պահին ունի 156 սան, որոնք նաեւ տեղում ավագ դպրոց հաճախելու հնարավորություն ունեն: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանի խոսքով` խուլերը մեզ մոտ ունեն մի շարք խնդիրներ` սկսած բարձրագույն կրթություն ստանալուց մինչեւ աշխատանքի տեղավորվելը. «Ճիշտ է, մեզ մոտ կան գորգագործության, կարուձեւի, կոշկակարության, վարսահարդարության եւ հարսանյաց սրահների ձեւավորման խմբակներ, բայց դրանով չի լուծվում երեխաների բարձրագույն կրթություն ստանալու հարցը»:
Ի դեպ, ուղղակի հիշեցնենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը։ Իսկ թե ո՞ր հաղորդմամբ է հանրային հեռուստառադիոընկերությունն ապահովում օրենքի «կատարումը», փորձեք գտնել: