Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատության» հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը:
ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, բացելով հանրահավաքը, հայտարարարեց, թե իրենք որոշել, որ «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նաեւ նրանց սպասարկող տգետ օլիգարխները ժողովրդից թալանածը պետք է վերադարձնեն ժողովրդին» եւ, անկախ գլխի տրամաչափից ու հաստությունից, պետք է պատասխան տան:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 20 տարի առաջ հենց այս օրը` սեպտեմբերի 23-ին, Արամ Մանուկյանի շուրթերով Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ պետություն: Ձայնը տալով Մարտի 1-ի զոհերից մեկի` Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին, նա կոչ արեց ոչ թե մեկ րոպե լռությամբ, այլ ծափահարություններով հարգել զոհերի հիշատակը:
Ալլա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զոհերի ծնողները նամակով դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին` բողոքելով համազեկուցողների ներկայացրած բանաձևի նախագծի դեմ, որում փակված է համարվում Մարտի 1-ի էջը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր հանրահավաքին ՀՀԿ անդամատոմսեր էր բերել: Նա հայտարարեց, թե նախորդ հանրահավաքից հետո, երբ իրենք հայտարարեցին, որ ավելի ակտիվ փուլ է լինելու, ՀՀԿ շատ անդամներ հանձնում են իրենց անդամատոմսերը եւ համերաշխություն հայտնում ՀԱԿ-ին: Նա ասաց, թե անդամատոմսերի վրա հիմնականում Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ստորագրություններն են:
«Ես ուզում եմ դիմել Սերժ Սարգսյանին՝ սա՞ է քո ստորագրության արժեքը»,- հարցրեց նա՝ ավելացնելով, որ այսպիսով իշխանությունը սկսում է «ճաք տալ»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն, իր ելույթում անդրադառնալով անցնող տոնական շաբաթվան, հայտարարեց, որ իշխանությունները հոգեբանական գրոհ էին կազմակերպել` ելույթներ էին ունենում, շքանշաններ բաժանում, հրավերներ ուղարկում, տպավորություն ստեղծելու համար, թե իրենք երկնքից նոր են իջել, բայց այդ ամենը կեղծ է եղել, եւ իրենք չեն հավատացել:
«Որ Հայաստանը մենք ենք, էդ մենք լավ գիտենք, դա իրենք թող բացատրեն Հանրապետության հրապարակ մտնող ռուս զինվորին, հայ եկեղեցու սպասավորին… մեղա, մեղա»,- անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայացած շքերթին` հայտարարեց նա:
Իր ելույթում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, թե իրենց նպատակներին հասնելու են ոչ թե երկխոսության, այլ հասարակական ճնշման միջոցով: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը, թեեւ իր ելույթներում գեղեցիկ խոսքեր է ասում, սակայն իշխանությունները տարիներ շարունակ վիրավորել են քաղաքացու արժանապատվությունը, կեղծել ժողովրդի ձայնը, ինչի պատճառով էլ հազարավոր հայեր լքում են Հայաստանը: «Երկիրը մի խումբ մարդկանց կողմից սեփականաշնորհվել է, շարունակում է իշխել քրեաօլիգարխիկ համակարգը, լայն թափ են ստանում դեգրադացիոն գործընթացները»,- ասաց ՀԺԿ առաջնորդը` որպես լուծում առաջարկելով ամեն ինչ սկսել նոր` ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումից:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հերթական` այս անգամ 8 կետանոց վերջնագիրը ներկայացրեց իշխանություններին` պահանջելով մինչեւ տարվա վերջ արտահերթ ընտրություններ անցկացնել` մինչ այդ փոփոխություններ կատարելով ՀՀ Ընտրական օրենսգրքում: Նա պահանջեց նաեւ ազատ արձակել Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, դադարեցնել կրպակների ապամոնտաժումը, արգելել ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների պրակտիկան: ՀԱԿ հերթական հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: