կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-30 20:35
Քաղաքական

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց

Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսվեց Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը:

Այսօր սպասվում է ՀԱԿ-ի պատասխանը իշխանությանը. Սերժ Սարգսյանի պատասխանին ՀԱԿ-ը դեռեւս պաշտոնապես չի արձագանքել:

Ինչպես նախորդ հանրահավաքում, այսօր էլ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին` հարթակում են համաներմամբ ազատ արձակված` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ այլք, ինչպես նաեւ ՀԱԿ կուսակցությունների մի քանի ղեկավարներ:

Նկատելի է, որ այս անգամ հանրահավաքի մասնակիցների թիվը զգալիորեն քիչ է:

Հանրահավաքը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա նշեց, որ հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանն իր ելույթում այնպիսի խայտառակ հայտարարություններ է արել, ինչպիսիք չեն եղել Հայաստանի դիվանագիտական պատմության ողջ ընթացքում:

Իսկ անդրադառնալով երկխոսությանը` Ն. Փաշինյանն ասաց. «Այս օրերին մեզ հարց են տալիս, թե ինչո՞ւ եք ավազակապետերի հետ պատրաստակամություն հայտնում երկխոսության, մի՞թե ավազակապետերի հետ բանակցում են: Այո, հանցագործների հետ բանակցում են, երբ այդ հանցագործները պատանդ են վերցնում ժողովրդին»:

Նա նշեց նաեւ, որ երկխոսությունը վերջին հնարավորությունն է Հայաստանում իշխանությունը փոխելու:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա, ինչպեսեւ նախորդ հանրահավաքների եւ մամուլի ասուլիսների ժամանակ, կրկնեց հետեւյալը. մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, եւ բոլորն իրենց համախոհներն են` իշխանափոխություն են ուզում եւ հնարավորինս արագ:

Նա հավատացրեց, որ շուտով այդ մարդիկ էլ են հրապարակ դուրս գալու եւ հանրահավաքի մասնակիցների թիվը եռապատկվելու է:

Ա. Մանուկյանի խոսքերով` այսօր մեր կառավարությունը «դատարկում է երկիրը»` մի կողմից զորակոչային տարիքի երիտասարդներին ուղարկում են արտերկյա բուհեր, մյուս կողմից էլ` արտագաղթն է թափ առնում:

Ըստ նրա` վերջին հինգ ամսվա ընթացքում 65 հազար մարդ է լքել Հայաստանը, իսկ վերջին 2,5 տարում` 250 հազար մարդ: