կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-09 06:11
Քաղաքական

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց (լրացված, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

ՀԱԿ-ի հանրահավաքը մեկնարկեց (լրացված, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Մատենադարանի մոտ մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաքը:

Մարդկանց բազմությունը հասնում է Grand Candy խանութին, սակայն հանրահավաքը սկսվելուց 20 րոպե անց ոստիկանությունը փակել է Կորյունի փողոցը:Ժողովուրդը վանկարակում է «Լեւոն»: Ի դեպ, մարզերից բավական շատ մարդ է ժամանել Երեւան:

Ոստիկանները 2 շարքով շրջափակել են Ազատության հրապարակը, անցորդներին էլ հրամայում են արագացնել քայլերը: Կարգուկանոնի պահապանները սաղավարտներով են:

18:43 - Ժողովրդավարություն

Քիչ առաջ ՀԱԿ-ին աջակցող կանայք խոչընդոտել են ԵՐԿԻՐ-ի թղթակցի աշխատանքին. նրան թույլ չեն տվել մոտենալ հարթակին հավաքված լրագրողներին` պահանջելով փաստաթուղթ ցույց տալ:  Կանայք մատնացույց են արել իրենց շեֆին. «Եթե շեֆը թողնի, կբարձրանաս, ի՞նչ իմանանք` դու ո՞վ ես»:

Նույն բախտին են արժանացել նաեւ«Հետք»-ի և  «Հենարան» ակումբի լրագրողները:  Վերջինիս, թեւից բռնած, իջեցրել են հարթակից:

Մինչդեռ ՀԱԿ-ը բարձրաձայնում է, որ իրենք ազատ են եւ չեն խոչընդոտում ԶԼՄ-ների աշխատանքին:

19:02 - Ելույթ է ունեցել դերասան Երվանդ Մանարյանը: Նա կանանց շնորհավորել է տոնի առթիվ, ապա հայտարարել է, որ  պայքարը շարունակելու եւ ապագայի մասին մտածելու ժամանակն է. «Իմ տարիքում պետք է մտածել երիտասարդների ապագայի մասին, եւ մեր երիտասարդները պարզապես հրաշալի են»:

Հիշողություններ

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ 3 տարի առաջ այս օրը նշվում էր փետրվարի 19-ի «քառասունքը» եւ ինչ-որ մեկը (Սերժ Սարգսյանը) երդում էր տալիս, այդ պահին բանտում 40 մարդ կար եւ 10 զոհ:

«3 տարի պայքարում ենք, 3 տարի համառորեն դիմադրում ենք, բայց Ջհանգիրյանն ասում է «պահը մոտեցել է». 80 գյուղ ենք մտել, եւ ժողովուրդը կանգնած է մեր կողքին, թե' գյուղապետները, թե' ոստիկանները մեզ հետ են»,- նշել է նա:

Հրանտ Բագրատյանն է խոսում

Հրանտ Բագրատյանը խոսել է երկրի տնտեսական ծանր վիճակի մասին եւ ասել, որ անցյալ տարի դիմել է դատարան: Բանն այն է, որ Ռուսաստանից պետությունը գազը գնում է 180 դոլարով, բայց ժողովրդին ծախում է 480-ով: Դատարանը չի բավարարել հայցը:

Մնաց եգիպտացի և լիբիացի գտնենք

Գագիկ Ջհանգիրյանն ասել է,  որ թե խաղաղ հանրահավաքի միջոցով ոչնչի չհասնեն`իշխանությունը հրաժարական չտա, «մեղքն իրենց վիզը», իրենք կգործեն եգիպտացիների եւ լիբիացիների նման, եւ ՀԱԿ-ը կառաջնորդի ժողովրդական շարժումը:

Այս պահին ելույթ է ունենում Արամ Սարգսյանը:

19:25 - Վերանվաճում

Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասել է, որ «օրեր առաջ, 400.000 քաղաքացիների առաջնորդությամբ, դիմել են Երեւանի քաղաքապետարան այսօրվա հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու համար: Սակայն իշխանությունը, արհամարհելով դա, մերժել է: Մեր իրավունքն է շարժվել դեպի Ազատության հրապարակ»:

Այժմ ժողովուրդը ՀԱԿ առաջնորդների հետ շարժվում է դեպի Ազատության հրապարակ: Հիմա արդեն հասել են Ֆրանսիայի հրապարակ:

Լեւոն Զուրաբյանը, որպես դեսպան, քայլում է առջեւից եւ փորձում է բանակցել ոստիկանների հետ, որպեսզի վերջիններս մարդկանց մուտքը չարգելեն:

Ոստիկանները վահաններով փակում են մարդկանց ճանապարհը, հրմշտոց է:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի բացառել, որ մարդկանց կթողնեն մտնել Ազատության հրապարակ, եթե ՀԱԿ առաջնորդները գան իրենց հետ բանակցելու:

Հանրահավաքի մի խումբ մասնակիցներ հրմշտոցից խուսափելու համար որոշեցին Մատենադարանից «Ազատության հրապարակ » հասնել այլ ճանապարհով: Տերյան փողոցի կողմից հրապարակ մտնելու ժամանակ շխթա կազմած ոստիկաններից մի քանիսը ասեցին «Ապեր գնացեք, Թումանյանի կողմից ենք թողնելու»

19:40 - Ազատության հրապարակը բաց է: Լեւոն Զուրաբյանը կոչ է արել առանց հրմշտոցի մտնել հրապարակ: Մարդիկ վանկարկում են նրա անունը:

ԵՐԿԻՐ-ի թղթակիցը Արման Մուսինյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է նշանակում Լեւոն Զուրաբյանի` ելույթի ժամանակ հնչեցրած այն արտահայտությունը, թե «մենք քաղաքացիական անհնազանդության կոչ ենք անում»: Մուսինյանը պատասխանել է, որ դա ենթադրում է ժողովրդի աննախադեպ մոբիլիզացում, ինչին ականատես կլինենք մոտ ապագայում:

21:00- Լևոնն իր դերի մեջ է

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ժամանակ, երբ միտինգավորներից մի կին սկսել է վանկարկել` «Լևոն նախագահ, Լևոն նախագահ», ՀԱԿ առաջնորդն ընդհատեց ելույթը և, նկատողություն անելով կնոջը, ասել է. «Խելոք մնա: Սեֆիլյանը ասել է, որ «Լևոն նախագահ» չասեք»:

21:15 - Հանրահավաքն ավարտվեց ու սկսվեց դիսկոտեկը

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում իշխանություններին խորհուրդ է տվել հանրահավաքներ կազմակերպել ու փորձել ժողովրդին համոզել, որ ՀԱԿ-ը սխալ է, ապա նշել է, որ իրենց հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 28-ին: Ընդ որում` վերջնագիր է ներկայացրել. եթե մինչեւ այդ օրը իշխանությունները չկատարեն իրենց 3 պահանջը` ազատել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակը հանձնել ժողովրդին, մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման հետ կապված պաշտոնական հավաստիացում տալ, ՀԱԿ-ի կփոխի իր մարտավարությունը եւ ավելի լուրջ քայելրի կդիմի:

Իսկ հետո սկսվել է «դիսկոտեկը»` Գագիկ Ջհանգիրյան գլխավորությամբ:

Պարում ենք բոլորս:

Լուսանկարները` այստեղ:   Տեսանյութը` այստեղ