Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր քաղաքի տերերից մեկն էլ 28-ամյա Արթուր Ավթանդիլյանն է, ով առաջնորդվում է Էդվարդ Մերֆիի օրենքով` եթե ինչ-որ վատ բան կարող է տեղի ունենալ, այն կկատարվի: Արթուրը կրթությամբ միզազգայնագետ է, սակայն արդեն 7 տարի է, ինչ զբաղվում է հասարակական գործունեությամբ. 2010թ. «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ է:
-Երբ մտար հասարակական դաշտ:
-2004թ. ես արդեն հասարակական ոլորտում էի, չնայած ավելի լայնածավալ սկսվեց իմ գործունեությունը վերջին 1,5 տարում: Վերջերս որոշ չափով քաղաքականացել եմ` դառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, բայց անում եմ ամեն ինչ, որ իմ քաղաքացիական ուղղվածությունը որեւէ կետում չհատվի քաղաքական գործունեություն հետ:
-Ինչը խթան հանդիսացավ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ստեղծման համար:
-Որոշեցինք, որ վերջապես պետք է փորձել մի կերպ պայքարել Երեւանում հակաէկոլոգիական, իրենց խորքում նաեւ հակասոցիալական եւ բնության ու մարդկանց առողջության դեմ ուղղված գործողությունների դեմ: Նախաձեռնությունը ձեւավորվեց 2010թ. ապրիլի վերջերին. առիթը Ուսանողական այգին էր, որի հետ կապված գործը դեռ ընթացքի մեջ է, եւ այս ամիս կդիմենք Սահմանադրական դատարան: Այնպես ստացվեց, որ մենք զուտ քաղաքացիական շարժման պրոցեսում` շատ ու շատ բաներ սկսեցինք ինքնուրույն հասկանալ: Հասկանացանք` այն, ինչի դեմ մենք պայքարում ենք, միայն բնապահպանական հարց չէ. խոսքը գնում է հանրային տարածքի, ռեալ ապօրինության, չինովնիկական կամայականության եւ մեծ հավանականությամբ` կոռուպցիայի մասին:
-Հնարավոր է ապագայում ասենք` պատգամավորական ընտրացուցակում հանդիպենք Արթուր Ավթանդիլյան թեկնածուին:
-Ճիշտն ասած` որպես քաղաքացիական նախաձեռնության անդամ` բացառվում է, քանի որ այդ 2 դաշտերը պետք է լինեն լրիվ իրարից բաժանված:
-Չէիր ցանկանա հարց լուծողն ինքդ լինեիր:
-Հարցը նրանումն է, որ հարց լուծող ասվածը շատ պայմանական հասկացություն է. այստեղ համակարգի խնդիր է: Վերցնենք քաղաքապետարանը 2010թ., որտեղ դե ֆակտո կար ընդամենը 1 հարց լուծող` քաղաքապետը, ընդ որում, եթե ավելի փաստացի ենք նայում, շատ դեպքերում նույնիսկ ինքն էլ հարց լուծող չէ: Ուրեմն` այդ տրամաբանությամբ դու պետք է գտնես հարց լուծողների վերին ատյանը եւ այնտեղ մուտք գործես` դառնալով դրա մի մասը եւ ճանապարհին կորցնելով սկզբունքներդ: Ընդհանրապես, պետք է վերացնել հարց լուծողի ինստիտուտը:
-Իսկ ինչ համակարգ պետք է փոխարինի այդ ինստիտուտին:
- Ընդամենը պետք է բովանդակությունը սկսի համապատասխանել ձեւին: Ձեւը օրենքն է, որը սահմանում է տարբեր ինստիտուտների եւ մարմինների գործառույթներն ու աշխատանքի սկզբունքները: Օրինակ` տեղական ինքնակառավարման մարմինները: Երբ այդ մակարդակում կգործի §ձեւը¦, այն է` օրենքով բարձրագույն իշխանություն հանդիսացող ավագանին կփոխարինի փաստացի բարձրագույն իշխանությանը` համայնքապետին, այդ մակարդակում կվերանան հարց լուծողների կամ հարց լուծողների հարցերը լուծողների ինստիտուտները:
-Դժվար չէ համախոհներ գտնել:
-Դժվար է, քանի որ ՀՀ քաղաքացիական շարժումներն ունեն կարեւոր առանձնահատկություն. իրենց հիմքը նյութական աշխարհում չէ` ինտերնետում է, եւ շատ դժվար է մարդուն վիրտուալից բերել իրական կյանք: Մեր խումբն ունի վիրտուալ մոտ 4000 անդամ, բայց կարող ենք հույս դնել 100-150 երիտասարդի վրա:
-Ինչպիսին կուզենայիք տեսնել երիտասարդներին:
-Ամենաիդեալական տարբերակն այն է, որ հիմա վերցնեին Հայաստանում բնակվող 17-21 տարեկան երիտասարդների գոնե կեսին եւ 2 տարով տանեին անմարդաբնակ կղզի: Հետո ստեղծեին ամեն ինչ, որ իրենք ինչ-որ հարցերում ընդհանուր հայտարարի գան, եւ հետ բերեին կրկին Հայաստան. երկիրը 10 րոպեում կփոխվեր:
-Ինչը տանել չեք կարողանում հասակակիցների մեջ:
-Կեղծիքն իր բոլոր դրսեւորումներով: Տղաների քյառթուությունը եւ քյառթու աղջիկներին: Սակայն ամենատհաճը «կոնֆորմիստ» երիտասարդն է, ով դավաճանում է իր երիտասարդությանը, քանի որ պարտավոր է հարմարվողական չլինել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ