Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ ծանոթ հոգեւորականներից մեկը մի առիթով ինձ ասաց. «Մենք բանակ չենք, որ պայքարենք աղանդների դեմ»: Անշուշտ, նա նկատի ուներ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի այն միտքը, որ «իմ զենքն իմ հավատն է»: Այսինքն` «միայն զենքով կա հային փրկություն» դրույթը եկեղեցում ազատվեց արյուն թափելու ուղղակի անհրաժեշտությունից, բայց չազատվեց «փրկություն» եւ «զենք» համադրումից, որովհետեւ հանուն հավատի զենք բարձրացրած եւ սպանված Վարդանանց սրբերի ուրվականը եկեղեցու մարտնչող այցեքարտն է հայ, բայց ոչ քրիստոնյա մոլորյալների համար:
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված ռազմական զորահանդեսին շարային քայլքով հավասարություն վերցրած դեպի աջ, որտեղ տրիբունաներին կանգնած են ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, քայլելու են նաեւ զորամասերում իրենց հոգեւոր ծառայությունն իրականացնող հոգեւորականները: Այսինքն` նրանք զորամաս են մտել` կա'մ զորամասն իբրեւ եկեղեցի դիտարկող, կա'մ արդեն եկեղեցի դարձրած: Երբ եկեղեցին հոգեւորականին գործուղում է բանակ, նկատելի է այն կանխավ միտքը, որ աղանդավորներն այնտեղ անելիք չունեն, որովհետեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը տալիս է այդ հնարավորությունը, որ այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը զինվորական ծառայության փոխարեն այլ ծառայության անցնի:
Բայց հարցերը շատ են: Նախ դու` հոգեւորականդ, ի՞նչ գործ ունես այնտեղ, որտեղ ոչ ոք ռիսկ չունի աղանդավոր լինելու: Երկրորդ` ի՞նչ ունես առաջարկելու զինվորականին, որի համար պարտադիր է կարդալը «ուստավը»` բանակի կանոնագիրքը, «Հայ զինվոր» թերթը, պարտադիր է դիտել «Զինուժը» եւ «Հայլուրը»: Ըստ ձեզ` աղանդն այլ դե՞մք է ունենում: Երբ հոգեւորականը շարային քայլքով մտնում է Հանրապետության հրապարակ, այսինքն` գլուխը բարձր, հավասարություն վերցրած դեպի Գերագույն գլխավոր հրամանատարն ու կաթողիկոսը, բազում հարցեր դատապարտված են մնալ անպատասխան` որտե՞ղ էր հոգեւորականը, երբ իր զորամասում խելագարվեց Հովհաննես Վարդանյանը, ինչո՞ւ սպանվեց Աղասի Աբրահամյանը, ինչո՞ւ է սիրո հողի վրա, բայց զորամասում ինքնասպան լինում 20-ամյա Վարդան Սեւյանը:
Անկախության զորահանդեսում ի՞նչ հարց են լուծել իշխանությունները եւ եկեղեցին` հոգեւորականներին զինվորների շարքերը խցկելով եւ համընդհանուր ցուցադրանքի հանելով: Հասկացանք, որ դուք` իշխանություններդ եւ եկեղեցին, գիտեք մի բան, որ մենք չգիտենք, բայց ձեր իմացածն ինչո՞վ պիտի լինի ավելի զորեղ եւ ծանրակշիռ, եթե ոչ նրանով, որ Աստված չկա, եւ որ ամբողջ կրոնը, ընկերոջս բառերով ասած, «ֆնդխություն» է: Իսկ եթե Աստված կա, ուրեմն ձեր շարային քայլքը ծաղրածուություն է, որովհետեւ չի կարելի կրակող զենքին համաքայլ գնալ, տղե'րք: Եթե Աստված երկնքում է, ինչո՞ւ հավասարություն դեպի աջ: Եվ, ընդհանրապես, ո՞րն է զորահանդեսի տրամաբանությունը` որպեսզի երկիրն իմանա, թե ինչ հնարավորություններ ունի առաջիկա պատերազմի համար:
Իհարկե, նախ եւ առաջ զորահանդեսները անհրաժեշտ են ժողովրդին, որն ունի թշնամու տեսլական: Բայց ինչո՞վ զորահանդես չէ, ասենք, «Հայլուրը», որն ամեն օր պատմում է նախագահի անձնական նվաճումների մասին, ինչո՞վ զորահանդես չէ, ասենք, Ահարոն Ադիբեկյանը, որն ամեն շաբաթ ասում է, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վարկանիշին ոչինչ չի սպառնում, ինչո՞վ զորահանդես չէ Եգանյան Գագիկը, ըստ որի` միգրացիա չկա, որովհետեւ հարեւանները տանն են:
Ես գիտեմ, որ հոգեւորականը անհրաժեշտ է զենքով մարդուն, որպեսզի եղբայրը չկրակի եղբոր վրա, հոգեւորականը բանակը խաղաղությամբ լցնելու համար է, որ զինվորականները միմյանց վրա «վերխ» չվերցնեն այնտեղ, որտեղ Աստված կա: Բայց դեպի աջ հավասարություն վերցրած գլուխներն ինձ ցույց են տալիս այն դեմքերը, հանուն որոնց հոգեւորականները կան: Եվ գուցե հոգեւորականնե՞րն էլ սկսեն սպանել կամ ինքնասպանվել, կամ էլ ապագայում աղոթագրքերը ձեռքներին դուրս գան սեփական հոտի դե՞մ:
Սեյրան Հանոյան