Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ Փարիզում կայացած նիստում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է բանաձեւի մի նախագիծ, որը ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ջոն Պրեսկոտը:
«Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարելի է վերջապես համարել փակված»,- ասվում է բանաձեւի այդ նախագծում, որը քննարկվելու է Ստրասբուրգում հոկտեմբերի 3-7-ը կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում:
Նախագծում հանձնաժողովը ողջունում է «իշխանություններին ու գրեթե բոլոր քաղաքական ուժերին» քաղաքական կամք ցուցաբերելու եւ հարցը Եվրոպայի խորհրդի «չափորոշիչների եւ խորհրդատվությունների համաձայն» լուծելու համար: Ըստ էության` սա հենց այն բանաձեւն է, որ տարիներ շարունակ ցանկանում էր ստանալ Հայաստանի իշխանությունը:
Եվ պատահական չէ, որ նախագծի հրապարակումից անմիջապես հետո իշխանական շրջանակները հայտարարեցին, որ այն Հայաստանի համար դրական շեշտադրումներ է պարունակում: Այս հաղթանակը, սակայն, իշխանությանը պարգեւում է ոչ թե Եվրախորհուրդը կամ մոնիտորինգի հանձնաժողովը, այլ` Հայ ազգային կոնգրեսը: Եվ սա այն միակ շոշափելի «արդյունքն» էր, որ տվեց իշխանության եւ Կոնգրեսի միջեւ մոտ երկու ամիս առաջ սկսված երկխոսությունը:
Պրեսկոտը մարտի 1-ի էջը փակված հայտարարելու համար հիմք է վերցրել այն առանցքային փաստարկներից մեկը, որոնք ՀԱԿ-ականները բերում էին` հիմնավորելու համար, թե ինչու են որոշել սկսել երկխոսությունը կամ բանակցությունները իշխանության հետ: ՀԱԿ-ն էր, որ այդ երկխոսությունն սկսելու համար, ի թիվս երկու այլ պայմանների, ոչ միայն առաջ քաշեց նաեւ մարտի 1-ի գործի վերսկսման հարցը, այլեւ միայն այդ վերսկսումը, այլ ոչ թե 10 զոհերի մահվան հանգամանքների լիարժեք բացահայտումը բավարար համարեց երկխոսությունն սկսելու համար:
Ավելին, երբ իշխանությունը մարտ-ապրիլ ամիսներին ամբողջությամբ կատարեց ՀԱԿ-ի ներկայացրած բոլոր երեք պահանջները, կարճ ժամանակ անց` ապրիլի վերջերին, ՀԱԿ կազմակերպած հանահավաքի ժամանակ առաջինը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը կասկածներ հայտնեց գործի վերսկսման իրական նպատակների կապակցությամբ` ուշադրություն հրավիրելով մասնավորապես 1-ի իրադարձությունների վերաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարման իրողությանն այն դեպքում, երբ «վերջինս երեք տարի շարունակ զբաղված է եղել ոճրագործության բացահայտ պարտակմամբ, եւ ընդհուպ, այն ընդդիմության վրա բարդելու հանցավոր ջանադրությամբ»:
Հարց է առաջանում, եթե մարտի 1-ի էջը չփակելու հարցն այդքան սկզբունքային էր ՀԱԿ-ի համար եւ եթե վերջինս ուներ հիմնավոր պատճառներ` չհավատալու իշխանություններին, ապա ինչո՞ւ երկխոսություն սկսելու համար բավարար համարեց միայն նախաքննության վերսկսումը: Այս հարցի պատասխանը ո՛չ Կոնգրեսը, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չտվեցին: Եվ եվրոպական էմիսիոներները շատ լավ հասկացան, որ Կոնգրեսի համար էականը ոչ այնքան գործի բացահայտումն էր, որքան այդ հարցի շահարկման միջոցով իշխանության հետ երկխոսություն սկսելը եւ որ հենց բանակցությունների մեկնարկն ու ընթացքն է իրեն ամենաարմատական հռչակած քաղաքական ուժի համար հանդիսանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու պայմանը: Եվ քանի որ իշխանությունը բավարարել է արմատական փոփոխություններ պահանջող եւ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքն իրեն վերագրած ուժի նախապայմանը, հանձնաժողովն էլ համարեց, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը եւ թե՛ հասարակությանը:
Իսկ քանի որ Եվրախորհուրդը ո՛չ ժամանակ ու ո՛չ էլ հավես ունի տարիներ շարունակ զբաղվելու մի հարցով, որը, փաստացի լուծված են համարում կամ առնվազն երկրորդական են համարում դրանում շահագրգիռ հիմնական կողմերն ու դերակատարները, նման հանգուցալուծումը ձեռնտու է դառնում նաեւ ԵԽԽՎ-ին ու վերջինիս մոնիթորինգի հանձնաժողովին: Մարտի 1-ի էջն, իհարկե, փակված չի կարելի համարել եւ ակնհայտորեն Եվրախորհուրդը չէ, որ այն պետք է փակված կամ բացված համարի: Դա, առաջին հերթին, Հայաստանի հասարակության խնդիրն է: Սակայն եթե Մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացրած բանաձեւի այս նախագիծն ընդունվի ԵԽԽՎ լիագումար նիստում, ապա կարելի է գրեթե վերջնականապես չեզոքացված համարել այն հիմնական գործոնը, որը պետք է դրդեր, ստիպեր իշխանությանը գործնական քայլեր ձեռնարկելու մարտի 1-ին արձանագրված զոհերի մահվան դեպքերը լիարժեք բացահայտելու ուղղությամբ:
Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ