կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-09 10:59
Սպորտ

Եվրո WeekEnd

Եվրո WeekEnd

 

Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակի փայլը հայ ֆուտբոլասերների ուշադրությունը շեղեց Եվրո-2012-ի նախընտրական փուլի մյուս հանդիպումներից:

Մինչդեռ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ պայքարը ավելի է սրվել: Իրենց համար Եվրո-2012-ի ուղեգրեր են ապահովել միայն 4 հավաքական: Դրանցից մեկը A խմբի անվիճելի առաջատար Գերմանիայի ազգային հավաքականն է: Այստեղ առայժմ երկրորդ տեղում է գտնվում Թուրքիան, որի անհաջողության դեպքում նրան հեշտությամբ կարող է շրջանցել Բելգիան: Խումբը եզրափակում է Ղազախստանը:

B խմբում է ընդգրկված Հայաստանի հավաքականը, որը Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների հետ հավասարապես հավակնում է ուղեգրերին: Մեր խմբում վերջին հորիզոնականում է Անդորրայի ընտրանին:

C խմբում նույնպես առաջին տեղի հարցը լուծված է: Չեզարե Պրանդելիի ղեկավարած Իտալիայի հավաքականը վստահորեն զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, կլինեն սերբերը: Խմբի անհաջողակն է Ֆարերյան կղզիների հավաքականը:

D խմբում առաջին տեղի համար պայքարում են Ֆրանսիան և Բոսնիան: Ճիշտ է, առայժմ ֆրանսիացիները մեկ միավորով գերազանցում են բոսնիացիներին, սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի երկու խաղ հետո: Այս խմբում վերջինն է Լյուքսեմբուրգը:

E խմբում Հոլանդիայի հավաքականը, վերջին խաղում հաղթելով Ֆինլանդիային, տիրացավ առաջին ուղեգրին: Երկրորդ տեղի համար պայքարում են Շվեդիան և Հունգարիան: Սան Մարինոն վերջինն է:

F խմբում առաջատարն է Խորվաթիան, երկրորդը Հունաստանն է: Երրորդ տեղում գտնվող Իսրայելը տեսականորեն նույնպես կարող է պայքարել: Մալթան վերջում է: 

G խմբում Անգլիային առաջին ուղեգրից ընդամենը մեկ միավոր է բաժանում: Եթե Ֆաբիո Կապելոյի սաները Մոնտենեգրոյի հարկի տակ կարողանան միավոր վաստակել, ապա կստանան առաջին ուղեգիրը, իսկ երկրորդին, բացի Մոնտենեգրոյից, հավակնում է նաև Շվեյցարիան: Այս խմբի հետնապահն է Ուելսը:

H խումբն առայժմ ունի երեք առաջատար` Դանիա, Պորտուգալիա, Նորվեգիա: Այս երեք հավաքականներն էլ կվիճարկեն ուղեգրերը: Կիպրոսը վերջինն է:

Վերջին I խմբում Իսպանիան ապացուցեց իր բարձր կարգը և 2 տուր առաջ ապահովեց իր տեղը Ուկրաինայում և Լեհաստանում, որտեղ 2012 թվականին կփորձի պահպանել իր չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղի համար պայքարում են Չեխիան և Շոտլանդիան:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին` կարելի է արձանագրել, որ մեր հավաքականը այստեղ ևս ապացուցել է որակական լուրջ փոփոխություններ: Ուրախալի է այն փաստը, որ մեր հավաքականն իր ցույց տված արդյունավետությամբ կարողանում է մրցել եվրոպական գրանդ հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականն իր արդյունավետությամբ 51 հավաքականների մեջ, խփած 17 գնդակով, ունի 6-րդ արդյունքը` զիջելով միայն այնպիսի թիմերի, ինչպիսիք են Իսպանիան, Հոլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Հունգարիան: 

Իսկ ահա խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ 8-րդն ենք, զիջում ենք միայն Գերմանիային,  Իտալիային, Հոլանդիային, Շվեդիային, Խորվաթիային, Անգլիային և Իսպանիային: 

Այսքան մեծ արդյունավետությունը նաև ռմբարկուներ է տալիս, Հայաստանից միանգամից 3 ֆուտբոլիստ` Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը, 4-ական խփած գնդակներով ընդգրկված են նախընտրական մրցաշարի ռմբարկուների ցուցակում: Իսկ ահա բաց թողած 7 գնդակներով առայժմ չենք կարող հպարտանալ, դրա հիմնական պատճառը պաշտպանության ոչ վստահ խաղն է: 

Ահա թե ինչ իրավիճակ է տիրում նախընտրական փուլում հոկտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք վճռորոշ խաղերից առաջ:   

 

Ռազմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ