Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկխոսությունը գտնվում է այն փուլում, ինչը տեսնում եք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման բացահայտում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ երկխոսությունը շարունակվում է, եւ դրա համար կարեւոր են ոչ թե պայմանները, այն այն թեմաները, որոնք առաջացել են հասարակության մեջ, եւ որոնցից խոսում են բոլոր կուսակցությունները:
«Երկխոսությունը ձեւի մեջ չպետք է տեսնել, այլ հընթացս գործողությունների: Խնդիրներ կան, որոնք քննարկվում են, եւ այս տեսակետից ձեւաչափն այնքան էլ կարեւոր չէ` դեմ հանդիման կնստենք, կառավարության տանը կնստենք, ձեր ակումբում առանձին հարցազրույցներ կտանք, թե մամուլում կխոսենք»,- նշեց Գ. Սահակյանը` պարզաբանելով, որ կոալիցիան կառավարությունների տանը երկխոսելուն գնաց, որպեսզի որոշակի դրական միջավայր ստեղծի նաեւ ՀԱԿ-ի համար:
«Ձեւաչափը մենք չենք ընտրում, բայց ասում ենք, որ ցանկացած ձեւաչափի եւ ցանկացած քաղաքական թիմի հետ պատրաստ ենք երկխոսության սեղանի շուրջ նստել, այսինքն` ձեւը մեզ համար նշանակություն չունի»,- նշեց ՀՀԿ գործիչը:
Գալուստ Գրիգորիչը հավելեց նաեւ, որ կուսակցական փոխհարաբերությունների գործիքը երկխոսությունն է, եւ քաղաքական թիմերը ճանապարհ են անցնում հենց երկխոսության միջոցով. այլ գործիք հասարակությունը դեռեւս չի ստեղծել:
Ինչ վերաբերում է իր գործընկեր Լեռնիկ Ալեքսանյանի երեկվա հայտարարությանը, որ երկխոսության մեջ մտնելով` իշխանությունը Կոնգրեսին օգնում է ԱԺ մտնել, Գալուստ Սահակյանը այդ միտքը շատ լիրիկական համարեց, ապա նշեց, որ ԱԺ գալու համար, բացի ժողովրդից, որեւէ օգնական պետք չէ փնտրել:
«Պարզապես մենք գտնում ենք, որ պետք է ապահովել միջավայր, որպեսզի բոլորի հնարավորությունը հավասարաչափ լինի, եւ այդ պայմաններում քաղաքական ուժերը հնարավորինս կարողանան իրենց դիրքորոշումները ժողովրդի մեջ տարածել: Դրանից հետո լինում են քվեներ, եւ թիմը հայտնվում է ԱԺ-ում»,- պարզաբանեց նա: