Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին Վրաստանում՝ կապված նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո առաջացած կառավարական ճգնաժամի հետ: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության խոսնակ Ժոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն:
«Մենք շատ մտահոգված ենք երկրում առկա ուժեղ բևեռացմամբ, որն էլ ավելի է սրվել դատարանի որոշումից հետո (ընդդիմության առաջնորդ Նիկանոր Մելիայի ձերբակալման մասին): Այժմ նպատակն է լարվածությունը թուլացնել և վերսկսել քաղաքական երկխոսությունը: Սա է երկրի և Վրաստանի քաղաքացիների հիմնական հետաքրքրությունը»,- ասել է խոսնակը՝ հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում պատասխանելով Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնաթողությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն անելու խնդրանքին:
«ԵՄ-ն,- շարունակել է Ստանոն,- կոչ է անում Վրաստանի բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և գործել պատասխանատու՝ ներկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Կարևոր է նշել նաև, որ քաղաքական փակուղին և ուժեղ բևեռացումը կսպասարկեն միայն նրանց շահերը, ովքեր նպատակ ունեն խաթարելու Վրաստանի կայունությունն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Քաղաքական կայունությունը, ժողովրդավարական գործընթացը նախապայմաններ են պայքարելու, իհարկե, ընդդեմ կորոնավիրուսային ճգնաժամի, բայց նաև բարեփոխումներ ձեռնարկելու համար, որոնք ամրապնդում են Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը»։
Նա հավելել է, որ Վրաստանը ԵՄ կարևոր գործընկեր է, և Եվրամիությունը մտադիր է շարունակել օգնել այս երկրին: