Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի երեքին,երեկոյան ժամը 20.45-ին «Փարիզյան սուրճ» սրճարանից երևում էր նոր բռնկված հրդեհը,մարդկանց խուճապը,բայց անհասկանալի պատճառներով հրդեհի կենտրոնում ծառն էր: Սրճարանում նստածներից ավելի ծույլերը ենթադրեցին, որ հերթական «տխմարի սարքած սալյուտը կլինի»,առավել անտարբերները սպասում էին մինչև լուրը հասնի մի քանի քայլ վերև:Քանի որ իմանալը լրագրողի սրբազան պարտքն է,սուրճը թողնելով իջանք ներքև:
Մի ակնթարթում ոստիկանները փակեցին Աբովյան փողոցի համապատասխան մայթի անցուդարձը:Այրվում էր Աբովյան 19-ը հասցեում գտնվող այն ապակե խանութներից մեկը,որոնց ապամոնտաժման մասին վաղուց և հավիտյանս հավիտենից խոսվում է:Հավաքվածները ,իսկ հրդեհի դեպքում դիտորդներն ավելի շատ են,քան ընտրությունների ժամանակ,նշում էին,որ վառվում է Գագիկ Բեգլարյանին պատկանող խանութը:Ծուխն արդեն լցվել էր ներս և ներսում գտնվող երիտասարդ վաճառողուհիները շփոթված ու վախեցած էին:
Րոպեների ընթացքում մոտեցավ նոր տեսքի հրշեջ հսկայական մեքենան:
Հրդեհը բռնկվել էր օդորակիչի լարի կարճ միացման հետևանքով,որը տեղադրված էր խանութի դռան մոտ,իսկ մուտքը մայթի կողմից էր: Հետևաբար մեքենան պետք է մոտենար մայթի կողմից:
Բայց….այստեղ առակասացները մի տասնյակ առակ կհիշեին կատարված փաստի առթիվ:Մայթը նեղ էր,մեքենան չէր կարող մտնել: Մայթը նեղ էր,որովհետև խանութների շարքը կառուցվել էր նախկինում լայն մայթի վրա …
Մի խոսքով մայթը նեղ էր,հրշեջ մեքենան չմտավ,մոտեցավ փողոցի կողմից,բարեբախտաբար հաջող արեց իր գործը,հրդեհը մարեց,տուժածներն աստիճանաբար հանգստացան:
Զոհեր փառք Աստծո չեղան: Բայց մնաց ծառի առեղծվածը:
Ինչու էր հեռվից բոցկլտում ծառը:
Մարդ կարող է տարիներով օրը մի քանի անգամ վերև-ներքև անել նույն փողոցով ու չտեսնել ապշելու տեսարանը . Ծառը`հսկա,հին բարձր ծառը խանութի մեջ էր: Ոչինչ չեմ չափազանցնում,ավելին`նվազեցնում եմ,որովհետև ինչպես պարզեցի ավելի ուշադիր հետազոտելուց հետո` մի ծառ չէր,այլ`երկու:Երկու հսկայական ծառ գտնվում էր «Բիզոն» խանութի ներսում,ինչ-որ գորշ ճաղերի արանքում ու միայն նրանց բարձր ճյուղերին հնարավորություն էին տվել դուրս գալ խանութի ծածկերից:
Կյանքում առաջին անգամ Հռոմում տեսնելով այս գաղափարը`շատ ոգևորվել էի:Ռեստորանի տերերը փոխանակ կտրելու հաստ ,բարձր ծառերը իրենց բացօթյա ռեստորանի կլոր սեղանները կառուցել էին ոչ թե ծառի տեղում,այլ ծառի շուրջը:Բայց դա բացօթյա պայմաններում,ու այդտեղ ծառն էր հյուրընկալել ռեստորանատիրոջը,որովհետև տեսքից ծառն էր գերակշռողն ու իշխողը:Շատ ափսոսեցի,որ Երևանի օպերայի հրապարակի սրճարանատերերից ոչ մեկի մտքով չանցավ անել նույնը ու ուղեղը մթագնած չհատել հին ,հրաշք,փարթամ ծառուղին:
Բայց վերադառնանք «Բիզոն» խանութի պատանդներին:Այստեղ ծառերը մոտ երկու մետր ներառվել են ապակեպատ խանութի մեջ,միայն ծառի զբաղեցրած մի քանի սանտիմետր տարածքն էլ յուրացնելու բարձր նպատակի համար: Ծառի մի քանի սանտիմետրը ոչ մի կերպ չէր կարող օգտակար տարածք լինել,որովհետև դրա վրա հո չէին կախելու վաճառվող կոշիկները:Ուղղակի,պարզապես,դե նենց էլի,այդ մի քանի սանտիմետրն էլ ,մի քիչ ավելը երբեք չի խանգարի:Հետո ինչ,որ էդ հսկա ծառը մեր անմարդկային կենդանաբանական այգու ամենադժբախտ գազանից վատ պայմաններում էր հայտնվել:Եվ միայն մի առաքելության համար`որ իր վրա կրի կարմիր բրեզենտի պաստառը,որի վրա կատաղի գրված է «Բիզոն»:
Փառք մեր բոլոր նախկին ու ներկա քաղաքապետներին:Նրանց անունը միշտ վառ կմնա մեր սրտերում: Ես սնահավատ չեմ,բայց մի բան հաստատ զգում եմ`եթե ծառն ազատեք, խանութից, որ ծառը շնչի, եթե մայթն ազատեք խանութից,որ մայթն էլ շնչի`համարյա հեքիաթի հերոսի նման, որ վառում է չվառվող վառարանը ու թափ տալիս մրգերից կոտրվող ծառի ճյուղերը`ձեր խանութներին երբեք վատ բան չի պատահի ,որովհետև խանութում ծառ պահելը մեղք է:
Լուսինե Հովհաննիսյան