կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 17:16
Սպորտ

Հաղթելու ենք

Հաղթելու ենք

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 21:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Անդորրայում կմրցի տեղի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը, որը դեռ չի կորցրել եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները, պարզապես պարտավոր է հաղթանակ տանել այն հավաքականի նկատմամբ, որին միշտ հաղթել է:

Ուրախալի է, որ մեր հավաքականի ֆուտբոլիստներն արդեն հաղթողի հոգեբանություն են ձեռք բերել: Մասնավորապես` Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականն ի զորու է առաջիկա 4 հանդիպումներում հաղթանակ տանել և հանդես գալ 2012 թվականին Ուկրաինայում ու Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլում:

Հուսով ենք, որ  Հենրիխի տրամադրվածությունը վարակիչ կդառնա հավաքականի մյուս անդամների համար, և վերջիններս նույնպես կսկսեն հավատալ հաջողությանը: 

Հայաստանի հավաքականը հաջողության դեպքում ընդհուպ կմոտենա առաջատարներին, որոնք մեր խմբում երեքն են` Սլովակիա, Իռլանդիա, Ռուսաստան:

Ըստ իս` Անդորրայի հավաքականի` սեփական հարկի տակ հանդես գալու միակ առավելությունը ոչ թե երկրպագուներն են, այլ մարզադաշտը, որի խոտածածկը համարյա միշտ վատ վիճակում է, իսկ չափերը ստանդարտից փոքր են:

Այս դեպքում զուր չի լինի մեջբերել երեկ մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի արած հայտարարությունը. «Բոլորս էլ գիտենք, թե ինչն է խանգարում վատ պարողին:

Խոսելով հավաքականի հաջողությունների մասին` չի կարելի աչքաթող անել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գործոնը:  Հավանաբար հենց Մինասյանի հաջող աշխատանք է ոգեշնչում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով օրիգինալ պատասխաններ է տալիս «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

Երբ ֆուտբոլասերներից մեկը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հարց է ուղղել, թե ե՞րբ է փոխվելու Հայաստանի հավաքականի մարզիչը, նա պատասխանել է. «Երբ որ խորը քնես, այդ ժամանակ երազիդ մեջ նոր մարզիչ կտեսնես»:

Ռազմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

  Հ. Ո. Պ. Խ. Բ. Մ
1. Իռլանդիա 4 1 1 11 6 13
2.Ռուսաստան 4 1 1 9 4 13
3.Սլովակիա 4 1 1 6 4 13
4.ՀԱՅԱՍՏԱՆ 2 2 2 10 7 8
5.Մակեդոնիա 1 1 4 5 8 4
6.Անդորրա 0 0 6 1 13 0