Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում գործազրկության համար առաջինն հետեւանքն էլ օր օրի թափ առնող արտագաղթն է: Մարդիկ պարզապես հարմար առիթ ու պահ են փնտրում երկրից դուրս գալու համար:
Այդպիսի «հարմար» առիթներից մեկն էլ ՌԴ միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրն է, որը գործում է 2006 թվականից, եւ արդեն իսկ մոտ 800 ընտանիք է տեղափոխվել Ռուսաստան` հիմնականում հեռավոր արեւելյան շրջաններ:
«Ինքն իմացավ ծրագրի մասին, որ պիտի էրթա էնտեղ, իրեն բնակարանով, աշխատանքով պիտի ապահովեն, բայց փաստորեն էդ ձեւ չէր: Գնացել էր, ինքն իր գլխով, ոչ ծանոթ ուներ, ոչ մի մարդ էլ չկար` իրեն թեւութիկունք: Ինքը գնաց հանրակացարան գտավ` 1500 ռուբլի վարձ կուտար, հետո արձակուրդները մեջ ընկան, հանրակացարանից էլ հանեցին, ուսանողները գնացին, իրեն էլ հանեցին էդտեղից: Էստեղից աշխատողների բրիգադ էր գնացել, հիմա գնացել է, նրանց քովը կմնա»,- գյումրեցի Հասմիկ Դարբինյանը պատմում է որդու` 43-ամյա Արտյոմի մասին, ով «Հայրենակիցներ» ծրագրով մեկնել է Վորոնեժ:
Հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության գրասենյակների մոտ հերթեր էին գոյանում. մարդիկ, գայթակղվելով ներկայացված շքեղ պայմաններով, համաձայնում են լքել հայրենիքը, բնակություն հաստատելով այն տարածքներում, որտեղ ռուսներից քչերը կհամաձայնեին բնակվել: Համաձայն ծրագրի` այստեղից մեկնողի քաղաքացիություն ստանալու, աշխատանքով, բնակարանով ապահովելու հարցերը, ինչպեսեւ ճանապարհածախսը փոխհատուցում է Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը: Բայց...
«Ինքը գրել էր, որ պիտի գնար ավիազավոդում (ավիագործարան) աշխատեր, գնացել էր, չէին ընդունել` թե իրավունք չունինք քեզի ընդունելու, քանի որ մեր քաղաքացին չես: Էդպես ուր կերթար, կասեին, որ իրավունք չունին ընդունելու: Մի օր մի տեղ, մի օր` ուրիշ տեղ... էդպես գլուխը պահե գը»,- տիկին Հասմիկը ծրագրի «առավելություն» է համարում գոնե այն, որ ճանապարհածախսի փողն են տվել, այն էլ երկու-երեք ամիս անց:
Իսկ ընդհանրապես, բացի վնասից դեռ օգուտ չեն տեսել այս ծրագրից. արդեն հինգ ամիս է Արտյոմը Ռուսաստանում է, բայց ոչ մի կոպեկ փող չի ուղարկել ընտանիքին. շարունակում են ապրել Հասմիկի եւ ամուսնու ամսական թոշակի հույսով. հարսը չի աշխատում, թոռն էլ դպրոցական է: Չհաշված նաեւ պարտքերը. ամսական տոկոսներ են վճարում թե բանկին, թե անհատ պարտատերերի. «Բանվորություն է արել, յոլա է գնացել, մենք էլ իվիճակի չէինք, որ մենք օգնեինք»:
Ծրագրին Արտյոմը դիմել է ստիպված` գրեթե չորս տարի գործազուրկ է եղել: Իսկ դրանից առաջ էլ օդնավակայանում տեխնիկ է աշխատելիս եղել, կրճատել են: Երկու տարի ձմռան ամիսներին է օդանավակայանում աշխատել, բայց էլի հիմնականում ընտանիքի կայուն եկամուտը եղել է ծնողների ամսական կենսաթոշակը.
«Արգենտինացին, որ առավ (օդանավակայանը), համարյա կեսին կրճատեցին, հետո արդեն գործ չկար: Հազար դուռ ընկավ, ոչ մեկ գործի չտեղավորեց: Կուզեր մտներ վայեննի (զինծառայության- Ա.Կ.), բայց տարիքն արդեն չէր լինի»:
Ծրագրի շրջանակներում տրվող խոստումներից մեկն էլ են կատարել. հինգ ամսվա ընթացքում քաղաքացիություն է ստացել, իսկ ահա աշխատանքի հարցը դեռեւս սառցին է գրված.
«Արտյոմի հետ երեկ եմ խոսել, ասեց` մի քիչ էլ համբերեք: Կսե, թե թիկնապահի տեղ կա: Այ տղա, դու թինապահի հետ ի՞նչ գործ ունես, այ քո հորդ Աստծուն մեռնեմ: Հետո էլ թուրքերի մոտն էր տեղ եղել, թուրքերը վախեցել, չէին ընդունել: Հետո մե տեղըմ կա առաքիչի, պտի հարցազրույց վերցնեն, հետո տեսնեն: Էդ տեղի համար 15 հոգի է դիմում տվել»:
Խոստացել են, որ սեպտեմբերի 10-ից ավիագործարանում արդեն աշխատանքի կտեղավորեն: Սակայն Արտյոմը Ռուսաստանից էլ հեռանալու ծրագրեր ունի. մի արաբի հետ է ծանոթացել, ով էլ ուղաթիռների գործարանում մեխանիկի աշխատանք է խոստացել Աֆրիկայում:
Հարցին, թե արդյո՞ք Աֆրիկա մեկնելու այդ ծրագիրը վստահելի է, պատասխանում է, թե որդին ասում է` վստահելի է: Բայց հիշում է նաեւ, որ Արտյոմի` Ռուսաստան գնալը բոլորովին իր սրտովը չի եղել. «Ես ընդհանրապես հոժար չէի: Ասում էի` Արտյոմ ջան,գործ չունիս, մեկ էլ տեսար` խաբին, տարան: Բերավ, ծրագիրն իմ մոտս կարդաց, ասավ` մի խոսա, որ երթամ, գործերս հաջող կեղնին»:
Մոտ երկու ամիս առաջ լուր էր տարածվել, թե «Հայրենակիցներ» ծրագիրը դադարեցվել է: Բանն այն է, որ տարբեր ակցիաներ կազմակերպվեցին, որոնք պահանջում էին ծրագիրը դադարեցնել, քանի որ այն մի կողմից խթանում է հայկական բնակավայրերի դատարակմանը, մյուս կողմից էլ, որ այն անօրինական կերպով է գործում. ՀՀ-ում չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա նման ծրագրերի իրականացումը:
Սակայն այսօր ինքներս կապվեցինք ՀՀ-ում ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով ներկայացուցչություն: Զանգին պատասխանող երիտասարդն ասաց, որ ծրագիրը գործում է եւ թե ամեն օր 9.30-ից հետո անձնագրով կարող ենք գնալ եւ պայմաններին մանրմասնորեն ծանոթանալ: Բայց... Մինչ ուրիշի դուռը թակելը կարելի է մտածել, թե արդյո՞ք քեզ խոստացված հյուրընկալությամբ են դիմավորելու:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ