կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 10:38
Առանց Կատեգորիա

Բարի գալուստ` 90.000-անոց սեպտեմբերի 1

Բարի գալուստ` 90.000-անոց սեպտեմբերի 1

Օգոստոսի 31-ի գիշերը ո՛չ մայրերը եւ ո՛չ էլ դպրոցականները չեն քնում. երեխաների քունը չի տանում հուզմունքից եւ ուրախությունից, իսկ ծնողները ողջ գիշեր մտածում են, թե երբ եւ ինչպես են վճարելու պարտքերը:

Վերջին օրերին շաքարավազից օրինակ վերցնելով` սկսել է թանկանալ նաեւ հագուստեղենը, հատկապես` սեւ տաբատներն ու սպիտակ վերնաշապիկները: Իսկ քանի որ մեզ մոտ դպրոցականները սեպտեմբերի 1-ին մրցակցում են իրար հետ նոր զգեստներով, այլ ոչ թե` ով ինչքան շատ առաջադրանք է կատարել ամառային արձակուրդներին, ուստիեւ այժմ շատ ակտիվ պետք է լինեն հոգեբանները` աշխատելով սթրեսներից հնարավորինս շուտ հանել ծնողներին:

Հենց այս առիթով էլ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց սեպտեմբերի 1-ին մեկ երեխայի համար անհրաժեշտ նվազագույն զամբյուղը։ Նա նշեց, որ «Սոցիոմետրի» խումբն այցելել է «Ֆիրդուսի» եւ Մալաթիայի տոնավաճառներ եւ այլ վաճառքի կետեր, որոնց հիման վրա էլ եկել են եզրահանգման: Ըստ նրա` աշակերտի համար կոշիկ կարելի է գնել 4000, վերնազգեստ` 3000, պայուսակ` 4000, գրենական պիտույքնե` 3000, այլ ծախսերի համար պետք է 3000 դրամ. ստացվում է` ծնողին անհրաժեշտ է ընդամենը 17,000 դրամ` իրեն երջանիկ զգալու եւ երեխային երջանիկ դարձնելու համար: Առաջին դասարանցուն պետք է նաեւ գրասեղան, որն արժե 25,000 դրամ, եւ երբեմն ծնողը ստիպված է գնել բջջային հեռախոսՙ նվազագույնը 13,000 դրամով: Այսինքն` նվազագույնը 55,000 դրամ է պահանջվում մեկ երեխային առաջին դասարան ճանապարհելու համար։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, ըստ Ադիբեկյանի, նախորդ տարվա համեմատ` գնային մի փոքր նվազում է նկատվում, քանի որ ընդհանուր տնտեսական անկում է գրանցվել նախորդ տարվա ընթացքում։

Առաջին դասարանցի գտնելն այս օրերին այնքան էլ դժվար չէ. անհրաժեշտ է ընդամենը 5-10 րոպեով այցելել որեւէ տոնավաճառ: 6-ամյա Գայանե Կիրակոսյանն անհամբեր սպասում է սեպտեմբերի 1-ին, բայց մի քիչ նեղացել է մայրիկից, քանի որ իր համար նոր կոշիկ չի գնում: Գայանեի մայրը` Ալինա Կիրակոսյանը, նշեց, որ արդեն 4 ժամ է, ինչ պտտվում են «Ռոսիա» տոնավաճառում` փորձելով գտնել իրենց գրպանին համապատասխան հագուստ:

«Վերցրու, աղջիկս, տես. վերնաշապիկ գնել եմ 6500 դրամով` 500 դրամ էլ գին եմ գցել, շրջազգեստ գնեցինք 5000, իսկ պայուսակ` 5500 դրամով. կոշիկի փող էլ չունեմ»,- ասաց տիկին Կիրակոսյանը` հավելելով, որ ԿԳ նախարարությունը ճիշտ կաներ համազգեստի մասին մտածեր¦, որ երեխան էլ իրեն վատ չզգար, ասենք, հին կոշիկով դասի գնալիս. «100,000 դրամ որ ունենայի, ամեն ինչ իմ սրտով երեխային կգնեի, ոչ թե` ինչ էժան է: Շատ կուզեի, որ համազգեստ հագնեին` երեխաներն էլ իրենց վատ չէին զգա»,- ասաց Կիրակոսյանը:

Իսկ, ահա, բարձր դասարանցիների գործն ավելի դժվար է, քանի որ ոչ բոլորն են «Ֆիրդուսիի» կամ էլ Մալաթիայի տոնավաճառներից իրենց ճաշակով զգեստներ գտնում: 8-րդ դասարանցի Առաքելյան Արմենը նշեց` այնպես են անում, որ մարդ չուզենա դպրոց գնալ. «Մենք` դասարանի տղաներով, որոշել ենք, որ միայն նոր վերնաշապիկ ենք հագնելու, մնացածը անցյալ տարվա շորերը կհագնենք. բա ինչ անենք` հո ամեն տարի նոր բան չենք գնելու, այն էլ` շորեր, որ 1-2 ամսից ավել չենք հագնում»,- ասաց Արմենը` ավելացնելով, որ հաջորդ տարի ամռանն աշխատելու է, որ իր համար անհրաժեշտ բաներն ինքը գնի. «Ծնողներս չեն հասցնում. երեք երեխա ենք տանը, ինձնից փոքր երկու քույր էլ ունեմ, որոնց նույնպես անհրաժեշտ է ինչ-ինչ բաներ գնել: Ախր, իրենք էլ աղջիկներ են` հո ինձ նման չեն հագնվելու, պիտի թիթիզ-թիթիզ շորեր հագնեն»,- ասաց Արմենը:

Նա նշեց նաեւ, որ քույրիկների համար արդեն իսկ ծախսել են 110, 000 դրամ, բայց դեռ գնելու շատ բան ունեն. «Մոտ մի 60-70,000 դրամ էլ պետք կգա»,- ասաց Արմենը:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ նոր ուսումնական տարին տարբերվելու է նախորդներից, քանի որ այս տարի անկախության 20-ամյակն է, որի կապակցությամբ դպրոցներում բազմաթիվ միջոցառումներ են լինելու: Նա նաեւ նշեց, որ 1-4-րդ դասարանցիները կստանան անվճար գրքեր, վճարովի կլինեն միայն օտար լեզվի եւ երգեցողության դասագրքերը:

Ստացվում է` մեկ երեխայի համար անհրաժեշտ է 90,000 դրամ` ծնողներից նեղացած դպրոց չգնալու համար, բայց դա դեռ ամենը չէ. խորհուրդ կտայինք ծնողներին պարտք վերցնելիս 3000-5000 դրամ գումար ավելի վերցնել` սեպտեմբերի սկզբին դեռ գրքի փող պետք է վճարեն, չհաշված`որ ուսուցիչներն անհամբեր սպասում են սեպտեմբերմեկյան ծաղիկներին, որոնց գներն այսօր արդեն իսկ աճել են կրկնակի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ