կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 15:01
Քաղաքական

Շախմատասերների վերջը

Շախմատասերների վերջը

ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն ավարտված է. այդպես որոշել է ՀԱԿ-ը:

Այսօրվա ասուլիսում ՀԱԿ համակարգող եւ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երկխոսության դադարեցման պատճառ համարեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ չարձակելը: «Իշխանությունը նախապես հավաստիացրել էր, որ խափանման միջոցտը կփոխվի»,- ասաց նա` հավելելով, որ ազատ չարձակելով իշխանությունը փորձում է Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու:

«Մենք դրսեւորեցինք լրջագույն կառուցողականություն, մենք երկու ռաունդ զբաղված էինք` փրկելու այս երկխոսությունը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նա ընթերցեց ՀԱԿ-ի հայտարարությունը, ըստ որի` ՀԱԿ-ն ունի օրերս ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպի իր վարկածը, որն ամբողջությամբ ժխտում է ոստիկանության վարկածը. «Նշվեց, որ ոստիկանության ներկայացրած վարկածի կեղծիքը, երիտասարդների նկատմամբ բռնություններն ու դրանց աննախադեպ դաժանությունը, փաստաբանների ապօրինի ազատազրկումը եւ նրանց նկատմամբ կատարված բռնությունները, գործին ներգրավվելու մերժումը եւ դրանից բխող ձերբակալության ապօրինությունը վկայում են, որ գործ ունենք հալածանքների հետ, որոնք կրում են ակնհայտորեն քաղաքական բնույթ: Ուստի Կոնգրեսն իրեն իրավունք է վերապահում բոլոր ձերբակալվածներին դիտարկելու որպես քաղբանտարկյալներ»:

Ելնելով այս ամենից, ըստ Լեւոն Զուրաբյանի, ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: «Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ իրենք շախմատ էին խաղում, իսկ հակառակորդը սեղանի ներքեւից ոտքով հարվածում էր: