կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-24 02:01
Սպորտ

Վարդան Մինասյան. "Ռուսաստանի հետ հանդիպումն աշխարհի վերջը չէ"

Վարդան Մինասյան. "Ռուսաստանի հետ հանդիպումն աշխարհի վերջը չէ"

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Sport-express-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի հավաքականի դեմ մարտի 26-ին կայանալիք ընտրական հանդիպման մասին:

 

«Չէի ասի, որ Ռուսաստանի դեմ  հանդիպումը հավաքականի պատմության և իմ մարզչական կարիերայի կարևորագույն հանդիպումն է: Գուցե տվյալ շրջանի համար այս խաղն ինչ-որ տեղ բեկումնային է: Մենք խաղին մոտենում ենք այն գիտակցությամբ, որ կարող ենք նաև հաղթել: Բայց կարևոր է հաղթել՝ ցույց տալով լավ խաղ: Միևնույն ժամանակ, չի կարելի բորբոքել կրքերը: Մենք ունենք բացասական փորձ, երբ Թուրքիայի դեմ խաղից առաջ չափից մեծ աղմուկը տխուր արդյունքի բերեց: Չարժե տղաներին հոգեբանական ճնշման ենթարկել: Հայկական թիմի համար Ռուսաստանի դեմ հանդիպումն աշխարհի վերջը չէ: Մենք հանգիստ կընդունենք և՛ հաղթանակը, և՛ պարտությունը: Կվերլուծենք և կշարժվենք առաջ»,- ասել է Մինասյանը:

 

- Ռուսաստանի հավաքականն այս շրջանում հաղթել է բոլոր 3 անցողիկ խաղերում: Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Երևանում էլ Ռուսաստանը ֆավորիտ կլինի:

- Թող մասնագետները Ռուսաստանին համարեն ֆավորիտ: Վիճակագրությունը նրանց օգտին է` ՖԻՖԱ-ի դասակարգումը և ֆուտբոլիստների խաղամակարդակը: Բայց ժամանակակից ֆուտբոլում այդ ամենը միշտ չէ, որ հաջողություն է բերում: Օրինակ` «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ակնհայտ ֆավորիտն է: Բայց ելքը ոչ ոք չի կարող կանխատեսել: Ով ավելի լավ պատրաստ կլինի ֆունկցիոնալ և հոգեբանական առումներով, ով ավելի հաջողակ կգտնվի, նա էլ կհաղթի: