կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-18 20:08
Հասարակություն

Սպիտակում էլի մարդ է կախվել

Սպիտակում էլի մարդ է կախվել

Երեկ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան 4 հասցեում, իրենց տան տանիքում հայտնաբերվել է 29-ամյա Արտակ Աշրաֆյանի դին` կախված: Նրան գտել է  հարևանը` Վարդան Մալխասյանը:

Ժամը 22-ի սահմաններում Արտակը տնից դուրս է եկել, բարձրացել տանիք: Ընտանիքում սկսել են անհանգստանալ, փնտրելուց հետո գտել են տանիքի տախտակներից կախված: 

Շտապօգնությյան խումբը կանչով մեկնել է ժամը 23:25-ին, երբ Արտակն արդեն մահացած է եղել:  Շուտով դեպքի վայրում է եղել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ:

Հարևաններն ու ծանոթները Արտակին բնութագրում էին լավագույն հատկանիշներով, ասում են` կենսախինդ էր, աշխատասեր, բոլորին հասնում, օգնում էր: Թե ի՞նչը կարող էր 29-ամյա երիտասարդին ստիպել հեռանալ կյանքից, չեն կարողանում բացատրել:

Հարևանուհուց իմացանք նաև, որ նա նշանված է եղել, սակայն «աղջիկը թողել-գնացել է»: Իսկ ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկացանք, որ Արտակը տառապել է «շիզոֆրենիա պարանոիդ համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: 

Օպերատիվ խումբը դիակի արտաքին  զննությամբ բռնության հետքեր չի հայտնաբերել: Հետգրություն ևս չի եղել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, ՈԼՄՎ Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Սպիտակում ինքնասպանություն են գործում երիտասարդները: Նախորդ տարի էլ է դեպք եղել, նաեւ մի քանի ամիս առաջ էր, երբ Սպիտակին մոտ գտնվող Արևաշող համայնքում 16-ամյա պատանուն էին կախված գտել  սեփական  տան նկուղում:

Աննա Պեչենևսկայա