կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 16:57
Հասարակություն

Ինչպես միշտ` նախ որոշումներ են ընդունում, հետո` քննարկում

Ինչպես միշտ` նախ որոշումներ են ընդունում, հետո` քննարկում

Օգոստոսի 4-ին «Կիլիկիա» ավտոկայանում իրարանցում էր. մարդիկ ցանկանում էին սովորականի պես Մարտունու շրջանի Ծովինար գյուղ գնալ, սակայն, ըստ կրպակներից մեկին փակցված բոթի, Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ` այսուհետ Ծովինար գնացող երթուղայինների կանգառ է լինելու Հյուսիսային ավտոկայանը:

Մարդիկ հասկացան, որ անհրաժեշտ է հասնել Հյուսիսային ավտոկայան, սակայն, ինչպես պարզվեց, այնտեղ հասնում էր միայն 259 համարի ավտոբուսը: Գյուղացիները դեռ բողոքում էին, թե որն է իմաստը, որ ավտոկայանը տեղափոխել են` չիմանալով, որ ավտոբուսից իջնելիս բողոքի նոր թեմա է բացվելու: Հյուսիսային ավտոկայանում 259 համարի ավտոբուսը ստիպված էր մոտ 20 րոպեանոց կանգառ անել, քանի որ հանկարծ պարզ դարձավ, որ ուղեվարձը 100 դրամ չէ, այլ` 200 դրամ: «Հո տնաքանդ չեք, մարդ Աստծո: Քիչ էր, որ անիմաստ տեղը ավտոկայանը տեղափոխել են չգիտեմ որ աշխարհի ծերը, մի հատ էլ` ավելորդ 200 դրամ պետք է ծախսե՞նք»,- զայրացած բողոքում էին գյուղացիները:

Չնայած վարորդի բողոքներին` եղան մարդիկ, ովքեր 100 դրամ վճարեցին` ասելով, որ գումարի մյուս մասն էլ թող քաղաքապետից վերցնեն: Գյուղացիները բողոքում էին, որ առանց այն էլ հազար ու մի խնդիր ունեն, իսկ սեպտեմբերին, երբ կսկսվեն դասերը, երեխաներին ստիպված կլինեն տեսնել միայն տարեվերջին, քանի որ ուսանողի համար ամեն անգամ ծախսվող 200 դրամն էլ մեծ գումար է:

Հարցի շուրջ զրուցեցինք ճարտարապետ, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանի հետ, ով ասաց, որ հարցն այսօր իսկ կբարձրացնի քաղաքապետարանում:

«Ելքեր են պետք գտնել, բայց այս փոփոխությունները պետք է վաղուց կատարվեին. մենք պետք է առաջ շարժվեի՞նք, թե՞ ոչ»,- ասաց պարոն Իգիթյանը:

Հուսանք, որ մինչ սեպտեմբեր 1-ը կլինեն Հյուսիսային ավտոկայան գնացող մի քանի երթուղայիններ կամ ավտոբուսներ, իսկ ուսանողներն իրենց ծնողներին կայցելեն ամիսը մեկ անգամ` Երեւանից ավտոկայան տանող տրանսպորտի համար վճարելով 100 դրամ: