Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 18-29-ը Շուշիում կայացած քանդակի միջազգային սիմպոզիումի իտալացի մասնակիցները լավ տպավորություններով են վերադառնում հայրենիք՝ իրենց հետ տանելով այն, ինչ գուցեեւ չկա Եվրոպայում: Երկու տասնյակից ավելի իտալացիներն այն համարձակներից են, ովքեր անտեսելով Ադրբեջանի՝ persona non grata հայտարարելու սպառնալիքները, եկել են Արցախ, ինչպես իրենք են ասում, արվեստի գործ ստեղծելու:
Իտալացի քանդակագործ, Ռոմայի գեղարվեստի ակադեմիայի դասախոս Մանուելա Տրաինին գալուց առաջ գիտեր Ադրբեջանի այդ հայտարարության մասին, բայց եկավ՝ սկզբից չմտածելով անգամ, թե ուր է գալիս. «Բայց մի փոքր վախ կար, քանի որ պատկերացում չունեի պատերազմական իրավիճակից դուրս եկած պետությունն ինչպիսին կլինի: Վստահում էի այն մարդուն, ով հրավիրել էր եւ հաճույքով եկա»:
Նա Ադրբեջանի վերոնշյալ հայտարարությունները զարմանալի է գնահատում, քանի որ ըստ նրա, ցանկացած մարդ ազատ է իր կամքի եւ ցանկությունների մեջ, ազատ է գնալ որտեղ ցանկանում է. «Իմ կյանքը փոքր է, բայց իմն է, եւ ոչ ոք իրավունք չունի սահմանափակում դնել իմ առջեւ: Կցանկանայի, որ ավելի շատ այցելություններ լինեն, տեսնեն ու շփվեն այս մարդկանց հետ, ովքեր ցանկություն ունեն մենակ չլինելու: Ու քանի որ քաղաքական առումով ոչ մի ուժ չունեմ ինչ-որ կերպ օգնելու այս ժողովրդին, գոնե իմ արվեստով եւ ջերմությամբ կարող եմ մեղմել այդ միայնակության զգացումը… Դրա համար պատրաստ եմ անտեսել Ադրբեջանի հայտարարությունները»:
Մանուելա Տրաինիի կարծիքով` արվեստը երբեք չպիտի դառնա քաղաքականության գործիք, բայց այն կարող է օգնել ցանկացած խնդրի լուծմանը՝ նրանով, որ կարող է ցույց տալ մարդկանց ավելի խորը նայել որոշ հարցերի, որոնք գուցե առօրյայում անտեսվում են: Իտալացի արվեստագետն Արցախից իր հետ տանում է այն ուժը, որ գոյություն ունի արցախցիների մեջ՝ լինելու ոչ միայն բարյացակամ, հյուրընկալ եւ առատաձեռն, այլեւ՝ այդքան դժվարություններից հետո նպատակին հասնելու ուժը:
«Ինձ հետ տանում եմ այն երջանկությունը, որ զգացել եմ մարդկանց հետ շփումներում»,- հպարտորեն ասաց նա:
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին, ով նույնպես սիմպոզիումի մասնակիցներից էր, ճիշտ է` Հայաստանում եւ Արցախում առաջին անգամ է, բայց բավականին տեղեկություններ ունի հայերի մասին ու, ինչպես ինքն է ասում, բավականին կապեր, քանի որ միշտ հետաքրքրվել է հայկական արվեստով: Այն, ըստ նրա, մի յուրահատուկ արվեստ է՝ չկրկնվող եւ միակն աշխարհում:
Պրոֆեսորը մինչ Արցախ գալը տեղյակ չէր Ադրբեջանի «սեւ ցուցակի» մասին, բայց համարում է, որ նման վերաբերմունքը ճիշտ չէ: «Չեմ կարող ասել անտարբեր եմ այդ փաստի նկատմամբ, բայց չեմ էլ մտահոգվում, քանի որ շատ հիմար երեւույթ է, ոչ մի իմաստ իր մեջ չպարունակող»,- այս կարծիքին է Ռոբերտո Ջովանելլին, ում համոզմամբ՝ արվեստագետների համար չպետք է լինեն սահմանափակումներ: Արվեստագետներն էլ, իրենց հերթին, չպիտի պատնեշներ ստեղծեն իրենց համար: «Պետք է այնքան ուժ ունենան իրենց մեջ, որ կարողանան իրենց ազատությունը պահել ցանկացած իրավիճակում, որպեսզի արտահայտվելու ազատությունն էլ ոչ մի կերպ չխարխլվի եւ կարողանան տեղաշարժվել ամբողջ աշխարհով: Եվ այստեղ կապ չունի՝ երկիրը ճանաչված է, թե ոչ: Քանի որ մենք սովոր ենք ազատության, մեզ համար տարօրինակ է, որ մի երկիր, որը ցանկանում է լինել ազատ, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարող»,- ասում է պրոֆեսորը:
Իր պատմելով` սիմպոզիումի շրջանակներում դասախոսություններ կարդալու ժամանակ երիտասարդների մեջ տեսավ այն, ինչ վաղուց չկա Իտալիայում ապրողների մեջ. «Այստեղ տեսա այն կյանքի թրթիռը, որը, ցավոք, ներկա չէ իտալացի երիտասարդ արվեստագետների աչքերում: Ֆլորենցիայում, որտեղ երեւում է Միքելանջելոյի եւ այլ աշխարհահռչակ արվեստագետների հետքը, նորը ստեղծելու եւ ինչ-որ բաների ձգտելու ցանկություն կարծես չկա: Այստեղ նկատելի է նաեւ, թե ինչպես է նոր ծիլեր տալիս մի երկիր, որը մեծ դժվարությունների միջով է անցել: Այդ դժվարությունները երեւում են հիմա, բայց դրանք օր օրի վերածննդի «զոհ» են դառնում»,- ասում է Ռ. Ջովանելլին:
Իտալացի քանդակագործ Վալտեր Չերնեկայի համար նույնպես խոչընդոտ չի ո՛չ երկրի կարգավիճակը, ո՛չ էլ ադրբեջանական հիստերիան: «Ինձ համար Արցախը, Հայաստանը, Խորվաթիան եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը նույնն են, գոյություն չունեն սահմաններ: Այդ իսկ պատճառով էլ չէի մտածում, որ կարող են ինչ-որ սահմանափակումներ լինել գալու համար կամ չգալու պատճառներ: Եկա աշխատելու, փորձելու վերագտնել այն վայրը, որտեղ ապրում եմ, որովհետեւ փոխելով քո տեղը, ապրելով մեկ այլ միջավայրում, նոր բաներ ես գտնում քո բնակավայրի եւ ինքդ քո մեջ»,- կարծում է քանդակագործը:
«Ինձ հետ կտանեմ այստեղի քարերի մեջ գոյություն ունեցող կյանքի աղբյուրը: Քարերը վկայում են, որ երկիրն ունի մեծ պատմություն, շատ բան ունի ասելու աշխարհին: Կտանեմ նաեւ այն միտքը, որ պատերազմը ոչնչի չի նպաստում, այն կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ՝ երկրի եւ մարդկանց զարգացման վրա: Կտանեմ մարդկանց բարյացակամությունը, հյուրընկալությունը, ցանկությունը՝ հյուրին օգնելու»,- ասում է Վալտերը, ով ափսոսում է, որ քանդակելու համար մեծ քար է ընտրել ու ժամանակ չի ունեցել ծանոթանալու Շուշիին ու Արցախին ընդհանրապես:
Նման ափսոսանք հայտնեցին նաեւ մյուս զրուցակիցներս, ովքեր պատրաստ են նորից գալ Արցախ՝ ծանոթանալու, ուսումնասիրելու այստեղի ճարտարապետությունը, շփվելու արցախցիների հետ:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ