կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-27 17:17
Իրավական

Այսօր մակարոն են տանում, վաղն էլ ատրճանակ կտանեն. դեպքի վայրի պահպանությունը՝ լուրջ խնդիր

Այսօր մակարոն են տանում, վաղն էլ ատրճանակ կտանեն. դեպքի վայրի պահպանությունը՝ լուրջ խնդիր

Սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ է դարձել տեսանյութն այն մասին, թե ինչպես է մի կին Հերացի փողոցում վթարված բեռնատարից մակարոնի պարկ տանում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 45-ամյա Արմեն Արշակյանը կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Հերացի փողոցից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել էր երկու այլ ավտոմեքենաների, այնուհետև` վերգետնյա կամրջի հենասյուներին ու կողաշրջվել: Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել էր: Նրա դին ավտոմեքենայից դուրս էին բերել հատուկ տեխնիկայի գործադրմամբ:

Մի կողմ թողնելով տեսանյութում պատկերված կնոջ կատարած արարքի բարոյական կողմը` խնդիրը դիտարկենք իրավական հարթությունում: Թերևս ակնհայտ է, որ վարորդն իրականացրել է բեռնափոխադրում, թեև հայտնի չէ` նշված բեռը պատկանել է նրա՞ն, թե՞ այլ անձի: Բեռնատարը վթարվել է լուսադեմին՝ ժամը 6:10-ի սահմաններում: Վթարից հետո թունելի տարածքում երթևեկությունը դադարեցվել է, ՃՈ մեքենանեոը փակել են Հերացիից թունելով դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհը: Բեռնատարի կողաշրջման հետևանքով բեռնատարի մեջ եղած պարկերը թափվել են Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում տեղակայված վերգետնյա անցումի մոտ:

Առաջին հայացքից հասկանալի է դառնում, որ դեպքի վայրն ընդգրկել է բուն պատահարի՝ մեքենաների բախման հատվածից մինչև պարկերի ընկնելու հատվածը: Իսկ կնոջ կողմից պարկով լի մակարոնը դեպքի վայրից տեղափոխելը, ըստ էության, հափշտակության հատկանիշներ է պարունակում: Չենք կարող բացառել, որ նախքան այդ կինը, այլ անձինք էլ են անարգել մակարոնը  «կրել-տարել»:

Նշենք, որ տեսանյութն արվել է ժամը 10-ի հատվածում, այսինքն` առնվազն 4 ժամ դեպքի վայրը հասանելի է եղել քաղաքացիների՝ պատահական անցորդների համար, ինչն էլ, հավանաբար, կնոջ մոտ համոզմունք է ձևավորել, որ իր կողմից կատարված քայլը ոչ թե ենթադրյալ հանցագործություն է, այլ նորմալ երևույթ: «Ասենք, որ մի մեշոկ վերցնեմ, չի կարելի՞, մեկ ա թափելու եք»,- նախքան բեռը տեղափոխելը հայտարարել է քաղաքացին:

Այսպես` ՀՀ գործող օրենսդրությամբ կարգավորված է դեպքի վայրի պահպանությունը: «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36–րդ հոդվածի համաձայն` ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:

Shamshyan.com կայքից տեղեկանում ենք, որ, բացի ՃՈ ծառայողներից, վերը նշված պատահարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Ասել է թե՝ հետաքննական մարմինը եղել է դեպքի վայրում, սակայն դեպքի վայրի պահպանություն պատշաճ չի իրականացվել կամ թերացումներով է իրականացվել:

Ի դեպ, դեպքի վայրի պահպանության հարցը իրավապահ կառույցների շրջանում մշտապես բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Դեպքի վայրի պահպանության խնդիրն արդիական է՝ հաշվի առնելով հանրապետությունում տեղի ունեցող տարատեսակ պատահարներն ու հանցագործությունները: Այս պարագայում մտահոգիչը ոչ այնքան մակարոնի թափվելու կամ այն հափշտակելու փաստն է, որքան դեպքի վայրի պահպանությանն անկարևորություն տալը: Ցավոք, այսօր շատ հաճախ գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, երբ դեպքի վայրում են թողնում ինքնաձիգ, պարկուճներ կամ հանցագործության այլ առարկաներ, որոնք, որպես իրեղեն ապացույց, կարևոր նշանակություն կարող են ունենալ տվյալ գործի քննության և արդարացի ելքի համար:

Եվ եթե այսօր դեպքի վայրից մակարոն են տանում, ապա որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղը մեկ ուրիշ իր չեն տանի, ինչու չէ` նաև հենց հանցագործության գործիքը:

Պետք է փաստել, սակայն, որ այս հարցը նաև որոշակի իրավական կարգավորում է պահանջում՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունների հստակեցում:

Թագուհի Մելքոնյան