Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների հաշվարկից հետո հանրապետության ընտրված 6-րդ նախագահ էր հռչակելու գործող նախագահ Սերժ Սարգսյանին, չէին կասկածում անգամ մանկապարտեզի մսուրային խմբերի մանուկները: Ինտրիգը միայն այն էր, թե ձայների ինչպիսի հարաբերակցությամբ է դա արձանագրվելու: Երբ հրապարակվեցին exit poll-ի արդյունքները, ամեն ինչ իր տեղն ընկավ. Սերժ Սարգսյանի անվան դիմաց 60 տոկոսից ավելին չի գրվելու: Եվ չնայած սա ևս բավարար էր իշխանությանը` առաջին փուլով պրոցեսն ավարտելու համար, սակայն ինքնին նման ցածր ցուցանիշը ոչ միայն զարմանալի էր, երկարաժամկետ կտրվածքով` հուսադրող, այլև բացահայտում է որոշ նոր, էական իրողություններ:
58.6 տոկոսը ներհայաստանյան քաղաքական կոնյունկտուրայի համատեքստում իրականում այնքան էլ համոզիչ հաղթանակ չէ Սերժ Սարգսյանի համար, եթե նկատի ունենանք 2008թ. ընտրություններից հետո սեփական ներքին լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու` նրա ձգտումները: Փաստացի նա չի ստացել ընդհանուր ընտրողների նույնիսկ 35 տոկոսի վստահությունը: Սակայն մյուս կողմից` արձանագրվել է քվեարկության այնպիսի պատկեր, որն օրինաչափ է ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրություններին: Ողջ հարցն այն է, թե հատկապես որ տեսանկյունից է գործող նախագահը գնահատում նախնական այս արդյունքները. եթե ներհայաստանյան քաղաքական կոնյունկտուրայի ու ավանդույթների, ապա նրա հեղինակությունը շարունակում է մնալ խիստ երերուն, և նա շարունակում է կախված մնալ այն շրջանակներից, որոնք իր ընտրությունն ապահովելու համար ներդրել են ողջ վարչական, օլիգարխիկ ու ֆինանսական ռեսուրսները: Եթե միջազգային ստանդարտների ու միջազգային հանրության ակնկալիքների, ապա նա միանշանակ շահել է, որովհետև դրսում ձեռք է բերում հետխորհրդային այս երկրում քիչ, թե շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կամք հանդես բերած նախագահի իմիջ և ընկալում:
Չափավոր այս հաղթանակը, սակայն, լավագույն տարբերակն էր Սերժ Սարգսյանի համար` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանին` թերևս անգամ նրա համար անակնկալ տրված վստահության պատկառելի քվեն: Իշխանությունն, իհարկե, պլանավորել էր երկրորդ հորիզոնականում «Ժառանգության» լիդերին տեսնելը: Ընտրարշավի ընթացքում այս խնդիրը լուծելու նպատակով Հովհաննիսյանի համար ստեղծվել էին առանձնահատուկ պայմաններ, իսկ վերջին օրը Սերժ Սարգսյանը նույնիսկ անձամբ էր քարոզչություն իրականացնում նրա օգտին: Սակայն անգամ իշխանությունները չէին կարող պատկերացնել, որ Հովհաննիսյանն այնքան քվե կարող է ստանալ, որը կիսով չափ գերազանցում է նույնիսկ 2008թ. Լևոն-Տեր Պետրոսյանին պաշտոնապես տրված ձայների թիվը, որ ուղղակի ջախջախիչ հաղթանակներ կարող է տանել Շիրակի, Արմավիրի, Տավուշի մարզերի, Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում: Անակնկալն այնքան մեծ էր, որ քվեաթերթիկների հաշվարկի վերջին ժամերին արդեն նկատելի էր ԿԸՀ-ի` «Ժառանգության» ղեկավարի ֆուրորային հաղթանակն ինչ-որ կերպ կասեցնելու ձգտումը:
Այս իմաստով հատկանշական է մի փոքրիկ դետալ. «Գելափ»-ն exit poll-ի արդյունքներով ուղղակի ոսկերչական ճշգրտությամբ «գուշակել» էր Սերժ Սարգսյանին տրվող ձայների թիվը: Մինչդեռ մնացածների դեպքում «թույլ էր տվել» էական, անթույլատրելի չափի շեղումներ. Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Անդրիաս Ղուկասյանը, ԿԸՀ տվյալներով, ստացել էին ճիշտ այնքանով պակաս ընտրաձայներ, որքանով, exit poll-ի տվյալների համեմատ, ավելացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների թիվը: Այլ կերպ ասած` այնպես էր արվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների տոկոսն աճի ոչ թե գործող նախագահի, այլ մյուս թեկնածուների հաշվին:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Իրավամբ դա լինելու է այս ընտրությունների ամենակարևոր պահը, նույնիսկ` ավելի կարևոր, քան բուն հրապարակված արդյունքները: Հովհաննիսյանն ընդամենը երկու հարցի պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները, թե՞ ոչ: Եթե` ոչ, ապա ի՞նչ է պատրաստվում անել «արդարությունը» վերականգնելու և իր դե ֆակտո հաղթանակը դե յուրեի վերածելու համար: Սրանք այնքան էլ հեշտ պատասխաններ չեն ենթադրում, որովհետև կախված են ոչ այնքան անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, որքան Ազատության հրապարակում հավաքվելիք զանգվածի որակից ու մեծությունից: Խնդիրն այն է, որ Հովհաննիսյանին նրա ընտրողների մեծամասնությունը ձայն է տվել ոչ այնքան, որովհետև հենց նրան է ցանկանում տեսնել Հայաստանի նոր նախագահ, այլ որովհետև, նրան կողմ քվեարկելով, դեմ է արտահայտվել գործող համակարգին: Հովհաննիսյանը հանգամանքների բերումով հայտնվել է այս, ինչպես պարզվեց, որոշիչ «հոսանքի վրա»: Իբրև լիդեր` ոչ թե նա է ղեկավարում է այդ հոսանքը, այլ ստիպված է ինքը հարմարվել նրա տրամադրություններին: Եվ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչին նախապատվություն կտա այդ զանգվածը` հանուն քվեի պաշտպանության և արդարության վերականգնման` առնվազն ընտրությունների երկրորդ փուլի անցկացում պահանջելո՞ւն, Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ դառնալուն և նրա ծրագրերի իրականացմա՞նը, թե՞ կողքից պրոցեսներին անվստահ հետևելուն` հաշվի առնելով Հովհաննիսյան քաղաքական գործչի և պոտենցիալ նախագահի նկատմամբ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքը: Ըստ այդմ էլ` հետընտրական այս առաջին հանրահավաքը կդնի քաղաքական հետագա պրոցեսների հունը:
Չի բացառվում, որ իրականում այդ հանրահավաքն ուղղված է լինելու ընդամենը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայաստանյան նոր, բնական կամ արհեստական ընդդիմության սաղմնավորմանը` ի հեճուկս ընտրական գործընթացից իրենց դուրս դրած ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ինչ-որ իմաստով` ԲՀԿ-ի: Սակայն կայացած ընտրությունների ամենակարևոր, հուսադրող պահն այն է, որ փաստացի հասարակությունն այս անգամ չընտրեց` ընտրակաշառքի գերին դառնալով: Հասարակությունն իշխանություններին առավել քան պարզ հասկացրեց, որ սա այլևս չաշխատող տեխնոլոգիա է: Սա քաղաքացիական գիտակցության վերարթնացման, սեփական ուժերի և սեփական ձայնի զորության նկատմամբ հավատի վերականգնման մի յուրօրինակ շեփորահարում էր իշխանության ականջների տակ, որը շրջանցել, թերևս, հնարավոր չլինի այլևս: Ու սա ավելի կարևոր արդյունք է, քան Սերժ Սարգսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:
Սա նաև անուղղակի ուղերձ է բազմահազար այն ընտրողներին, որոնք, իբրև բողոքի արտահայտման լավագույն միջոց, ընտրել էին ընտրությունները բոյկոտելու ու, տան բազմոցին նստած, մնացածների քվեարկության արդյունքներին քմծիծաղով հետևելու տարբերակը: Իրականում այս անգամ իշխանության վերարտադրությունն իրենց անտարբերությամբ կանխորոշեցին հենց այս կատեգորիայի քաղաքացիները:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ