կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-28 14:25
Հասարակություն

Հրդեհների պատճառը արտերն այրելն է

Հրդեհների պատճառը արտերն այրելն է

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում այրվել է մոտ 2000 հա տարածք, որից 1700 հա-ն անտառային: Ընդհանուր առմամբ, այդ հրդեհները մեծ վնասներ չեն հասցրել անտառներին, հիմնականում այրվել են խաշամը, խոտերը, վերին հատվածներ կրակը չի հասել:

Հայաստանում հրդեհվելու տեսանկյունից ամենախոցելին համարվում են Սյունիքի մարզի անտառները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց, որ այս մարզը թեեւ հրդեհների թվով առաջին տեղում չէ, սակայն առաջին տեղում է դրանց պատճառով ունեցած վնասի չափով: Օրինակ` 2006 թվականին, եթե մյուս բոլոր մարզերում այրված տարածքները կազմել են 10 հա, ապա միայն Սյունիքում այդ թիվը 323 հա է եղել:

Այս իսկ պատճառով էլ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի կողմից Կապանի, Գորիսի անտառային տնտեսություններին եւ «Արեւիկ» ազգային պարկին (նախկինում եղել է Մեղրիի անտառտնտեսությունը) հատկացվել են սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է արագ կերպով կանխել հրդեհը:

Բացի այդ` աշխատանքներ են կատարվում նաեւ բնակչության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար եւ մարդկանց վերաբերմունքը անտառի նկատմամբ փոխելու ուղղությամբ:

Օրինակ` այսօր անտառային տարածքների հրդեհների հիմնական պատճառը լինում է արտերն այրելը: «Գուցե դա հեշտացնում է վարը, սակայն գյուղատնտեսության համար է վատ, ոչնչանում են հողում եղած օրգանական նյութերը:  Եվ ամենավտանգավորն այն է, որ դա արվում է անարգել, առանց որեւէ հսկողության, պատասխանտվություն կրելու»,- ասաց Դ. Հարությունյանը:

«Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն էլ խոսեց արտերի այրելու վտանգավոր հետեւանքների մասին: Նրա խոսքերով` անցյալ տարի բռնկված 46 հրդեհներից 44-ի դեպքում պատճառն այրված արտերն են եղել. դրանց կրակը տարածվել է եւ հասել անտառներին:

Այս խնդրի վերաբերյալ Կլիմայական փոփոխության հարցերով ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն էլ նշեց, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել մթնոլորտի պահպանման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը, դրանցում նշվում է նաեւ դաշտերը այրելն արգելելու մասին: Բանախոսը հույս հայտնեց, որ փոփոխությունը կընդունվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ա. Գաբրիելյանը նշեց նաեւ, որ այլեւս գլոբալ տաքացման հետեւանքով կլիմայական փոփոխություններն անհերքելի են: Այժմ մասնագետները վիճում են դրա ունեցած ազդեցությունների շուրջ: Եվ ինչպես ողջ աշխարհում, մեր երկրում էլ կլիմայի փոփոխություների հետեւանքով  բարձրանում է երաշտների եւ չոր եղանակների ինտենսիվությունը. «Հրդեհներ միշտ էլ եղել են, բայց երաշտի հաճախությունը նպաստում է տարածքների ավելի մեծ ընդգրկմանը։ Ջերմաստիճանի բարձրացման հետ անտառի ստորին հատվածն է բարձրանում, այսինքն՝ զոնաներն են փոխվում»։

Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ Հայաստանում ամենածանր տարիներից մեկը եղել է նախորդ տարին` այրվել է 810 հա հող, այն դեպքում, երբ վերջին տասը տարիներին այրված տարածքները կազմել են 2000 հա: Սակայն այս տարի դեռեւս իրավիճակը բարվոք է. գրանվել է 2-3 դեպք: