Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է համազգային հայ կրթական եւ մշակութային միության 18-րդ ուսանողական մշակութային ֆորումը: 13 օր շարունակ Սփյուռքի տասը գաղթօջախներից եկած շուրջ 35 հայ երիտասարդներ այցելելու են տեսարժան վայրեր, լսելու են պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, հանդիպելու մտավորականների եւ քաղաքական-հասարակական գործիչների հետ, եւ մասնակցելու ու իրենք էլ կազմակերպելու են մի շարք տարաբնույթ միջոցառումներ:
Այս անգամ երիտասարդներն այցելել էին Արագած, Ամբերդ եւ Տառերի պուրակ. այնտեղ էին բոլորը` Ավստրալիայից Փանոս Բարղոնզյանը, Ֆրանսիայից Մեթյու Թաշան եւ Արմեն Հակոբյանը, ԱՄՆ-ից Շահան Գեոնջյանը, Իրանից Նարե Սահակյանը, Լիբանանից Հուրի Ջինբաշյանը եւ Վարդան Ազնավուրյանը, Կանադայից Կարինե Փլեզյանը եւ Նորա Զոբոյանը եւ այլոք...
Բոլորը քիչ մը խենթ, բաց շատ հայրենասեր եւ կատակասեր երիտասարդներ էին, ովքեր Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում երգեցին «Հայր մեր»-ը, եւ բոլոր կանաչ եւ ազատ տարածքներում ուս-ուսի տված բերդ էին կազմում եւ գոռում Հայաստան:
Կանադայից եկած Կարինե Փլեզանսը եւ Նորա Զոբոյանը միասին էին, ուր էլ որ լինեին: Քոլեջում հայերեն առարկայից ամենաբարձր գնահատականն ունենալու շնորհիվ էլ մասնակցում էին ֆորումին: Կարինեն ծնվել է Կանադայում, մայրը` լիբանանահայ է, հայրը` կանադացի, սակայն, ինչպես Կարինը խոստովանեց, նա իրեն ավելի շատ հայ է զգում: Նա մոր հորդորով եւ ցանկությամբ` հաճախել է հայկական դպրոց, եւ մտածում է ամուսնանալ հայկական եկեղեցու արարողակարգով:
Նորան տեղեկացրեց, որ Կանադայում շատ աշխույժ է կյանքը, եւ միշտ վտանգ կա օտար հոսանքների մեջ ընկնել.«Հայ համայնքի համար ամենակարեւորը լեզվի, մշակույթի, սովորությունների եւ հավատքի պահպանումն է: Վերջին շրջանում ավելացել է խառնամուսնությունների թիվը, քանի որ երիտասարդները դպրոցում մեծանում են հայկական միջավայրում, սակայն հետո այցելում են քոլեջ եւ համալսարան, որտեղ նրանք ավելի ազատամիտ են դառնում»,-ցավով նշեց Նորան` ավելացնելով, որ հայ համայնքի սոցիալական վիճակը բարվոք է, եւ եթե ունես մասնագիտություն, կարող ես անցնել աշխատանքի: Նորան եւ Կարինեն հաջորդ տարի դիմելու են համալսարան` երկուսն էլ բժշկության բաժին. ուզում են մարդկանց շատ օգնած լինել:
Ֆորումի մեկ այլ մասնակից` Հուրի Ջինբաշյանը, ծնվել է Բեյրութում, հաճախել հայկական ճեմարան, որից հետո սովորել տեղի համալսարաններից մեկի իրավաբանական բաժնում, իսկ այժմ աշխատում է «Հորիզոն» թմրամոլության կանխարգելման գրասենյակում: Հուրին 2-րդ տարին է, ինչ մասնակցում ֆորումին` իբրեւ պատասխանատու-խորհրդատու:
«Լիբանանում մենք բավական աշխատանք ենք տանում, որ երիտասարդները մշակութային կյանքին մասնակցեն, եւ հիմա կարծիքահավաք է լինելու, որ իմանանք, թե ինչն է պատճառը, որ երիտասարդությունը հեռու է մշակույթից եւ ինչպես կարելի է իրենց ետ բերել»,- ասաց Հուրին` հավելելով, որ մտահոգիչ է հանգամանքը, որ ավելացել է հայ երեխաների թիվը, ովքեր սկսել են օտար դպրոցներ հաճախել:
Իսկ թե որն է պատճառը, որ հայ ընտանիքները նախընտրում են, որ իրենց երեխան օտար դպրոց հաճախի, ընկերոջն օգնության եկավ կրկին Լիբանանից Վարդան Ազնավուրյանը, ով նշեց, որ հայկական դպրոցների տարեկան վարձը շատ թանկ է, իսկ մարդկանց սոցիալական վիճակը` շատ վատ, եւ ինքնաբերաբար աղքատ ընտանիքները օտար դպրոցներ են ուղարկում իրենց երեխաներին.«Դպրոցի ուսման վարձը տարեկան կարող է 900 դոլարից հասնել մինչեւ 5000 դոլար»,- տեղեկացրեց Վ. Ազնավուրյանը:
Նրա կարծիքով` հայկական եկեղեցին մեծ դեր ունի հայապահպանության հարցում, սակայն կարծեք թե միջլիսի է վերածվել այն.«Բիզնեսմեններ են դարձել հոգեւորականները, օրինակ` ամուսնության համար ամենաքիչն անհրաժեշտ է վճարել 400-500 դոլար»,-ասաց Վ. Ազնավուրյանը, իսկ Հուրին ավելացրեց, որ, օրինակ, Անթիլիասի վանքում ամուսնական արարողության համար անհրաժեշտ է վճարել 4000 դոլար:
«Քարերը հավաքեցեք, ջուրը խմեցեք, օդը շնչեցեք, քանի որ օրեր մը ետքը միայն նկարներ են մնալու Հայաստանից»,-մեկը մյուսին էին ասում երիտասարդները` մի բուռ Հայաստան իրենց հետ տանելու ցանկությամբ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ