Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ակնհայտ է, որ Կազանի հանդիպմանը թե հայկական, թե ադրբեջանական կողմը փաստաթուղթ ստորագրելու պատրաստվածությամբ էր եկել: Սակայն որոշ հանգամանքներ խոչընդոտեցին դրան, եւ ներկայումս կողմերը միմյանց են մեղադրում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա նշեց, որ այս հանդիպումից հետո ավելի հետաքրքրական էր միջազգային հանրության եւ Մինսկի խմբի համանախագահների արձագանքները, բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ եղան. մասնավորապես խոսքը վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան, ՀՀ եւ ԱՄՆ այցելություններին:
Մ. Բադեյանը նշեց, որ ակնհայտ է, որ միջազգային ճնշումներ կան երկու կողմերի վրա էլ: Եվ հենց դրանց արդյունքում էլ Ադրբեջանը հարմարվել է կոնֆլիկտը ոչ ռազմականա ճանապարհով չլուծելու մտքի հետ:
«Մի բան էլ կա, Ադրբեջանը դժվար թե համակերպվեր դրա հետ, եթե վստահ լիներ, որ ռազմական ճանապարհով կարող էր լուծել հարցը` հօգուտ իրեն: Իմ խորին համոզմամբ` դա բացառվում է: Սթափ հաշվարկը ցույց է տալիս, որ ռազմական ընդհարման ժամանակ ադրբեջանական կողմը նորից պարտություն կկրի: Ինչեւիցե, վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»,- ասաց նա:
«Երկիր»-ի այն հարցին, թե այդ համոզմունքն ի՞նչ հիմքեր ունի, բանախոսը պատասխանեց, թե հիմքը մեր առավելություններն են. «Քանի որ մեր պատերազմն արդար պատերազմ է, նշանակում է ուժը մեր կողմն է: Քանի որ մեր դիրքերն անառիկ են գրեթե: Հարձակվող կողմը պետք է ուժերի 3 անգամ գերակշռություն ունենա հաղթանակ ակնկալելու համար, իսկ Ադրբեջանը դա չունի»:
Մ. Բադեյանը նշեց նաեւ, թե կազանյան հանդիպումից հետո որոշակիորեն հստակեցվեցին խնդրի կարգավորման ժամկետները: Սակայն «Երկիր»-ի այն ճշգրտմանը, թե խոսքն ի՞նչ ժամկետների մասին է, պատգամավորը պատասխանեց, թե ինքը բանակցություններին մասնակցող անձ չէ եւ կարող է միայն ենթադրություններ անել մյուսների պես.
«Պարզ է, որ լուծումը մի օրում չի լինելու, եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրեն: Իրական կարգավորումը երկար ժամանակ կպահանջի: Իրական կարգավորում ես համարում եմ այն, երբ կողմերի միջեւ բարիդրացիական ջերմ հարաբերություններ են լինում, իսկ թե որքանով հնարավոր է դա թուրքերի հետ... Համենայն դեպս վերջին հազարամյակը ցույց է տվել, որ հնարավոր չէ: Կապրենք, կտեսնենք»: