Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամ, լեռնագնաց Գարեգին Ունուսյանը, ֆեդերացիայի անդամներ, լեռնագնացներ Հասմիկ Մանանդյանը և Լևոն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին իրենց ձեռքբերումների, նվաճումների և հետագա անելիքների մասին:
1990-ական թվականներին ալպինիզմը Հայաստանում անկում ապրեց, և որպեսզի չոչնչանա այս մարզաձևը, ստեղծվեց Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիան, որի հիմնական առաքելությունը երիտասարդների շրջանում այս մարզաձևի նկատմամբ սեր արթնացնելն է:
Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը պատմեց, որ վերջերս են վերադարձել ճանապարհորդությունից: «Այս ամառ մեզ հաջողվեց նվաճել Դեմավենդ լեռան գագաթը (Իրանում), որը գտնվում է ծովի մակարդակից 5671 մ բարձրության վրա: Խումբը բաղկացած է եղել 7 հոգուց`6 արական սեռի և 1` իգական, սակայն այնտեղ մեզ միացան ևս 7-8 խմբեր, մոտավորապես` 55 հոգի: Հայաստանն առաջինն էր, որ հաղթահարեց փորձությունները և լեռան գագաթին ծածանեց հայկական եռագույն դրոշը: Իսկ հետագայի համար պատրաստվում ենք համագործակցել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի հետ»,- նշեց նա` ավելացնելով, որ բազմիցս դիմել են սպորտի և օլիմպիական կոմիտեներին, սակայն նրանք ոչ մի ֆինանսական օգնություն ցույց չեն տվել, ֆեդերացիան ամեն ինչ անում է սեփական միջոցներով:
«Բոլորն աշխատում են, որ ամառը հանգստանան, իսկ մենք աշխատում ենք, որ կարողանաք գումար հավաքել և մեկնել գոնե հարևան երկրներ»,- ասաց Ս. Դանիելյանը:
«Լեռ բարձրանալիս բոլորս հայտնվում ենք նույն իրավիճակում, և այստեղ գենդերային տարբերություններ դնել պետք չէ», - նշեց լեռնագնաց Հասմիկ Մանանդյանը, ով խմբի իգական սեռի միակ ներկայացուցիչն է:
Հաջորդ լեռը, որը նրանք ցանկանում են նվաճել Կազբեկն է: Իսկ ինչ վերաբերում է Արարատին, Գարեգին Ունուսյանն ասաց. «Այն դարձել է այնպիսի լեռ, որի վրա կարող է բարձրանալ ամեն ցանկացող` փողին մունաթ: Այդ իսկ պատճառով սպորտային ազարտի տեսակետից այն հետաքրքրություն չի առաջացնում»:
Մարզիկները նշեցին, որ մեծ ցանկություն ունեն նվաճել միջազգային լեռնագագաթներ` ԱՄՆ-ում, Եվրոպայում, սակայն նյութական միջոցների բացակայության պատճառով այդ նպատակը դեռևս անիրագործելի է:
«Լեռ բարձրանալու համար թե´ ֆիզիկական, թե´ տեսական լուրջ պատրաստվածություն է հարկավոր, որպեսզի մարդը կարողանա ճիշտ կողմնորոշվել իրավիճակում` չէ որ զանգել քեռիին և խնդրել մեքենայով հետ տանել` հնարավոր չի լինելու, ամեն ինչ պետք է անել սեփական ուժերով», - նշեց Գարեգին Ունուսյանը:
Էմմա Ասատրյան