կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 12:58
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզեր այցելում են սեփական միջոցներով․ հայտարարություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզեր այցելում են սեփական միջոցներով․ հայտարարություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանն ու պատգամավորներին ուղղված հարցման` խմբակցությունից հայտնում են, որ «Հայաստան» խմբակցության անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակվում են), ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ:

Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները:

Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարվել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ»։

Հիշեցնենք՝ Yerkir.am-ը ևս գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ խնդրելով պարզաբանել, թե խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր 2021 թ. սեպտեմբերին քանի՞ մարզ է այցելել և կոնկրետ ո՞ր մարզերի ո՞ր բանակավայրերում է եղել, ի՞նչ նպատակով, նախատեսված 250.000 դրամից որքա՞ն գումար է ծախսել, կոնկրետ ի՞նչ ծախսեր է արել և այլն: