կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 13:05
Քաղաքական

Նախագիծը գրողներն էլ մարդ են, կարող են սխալվել. Հովհաննես Սահակյան

Նախագիծը գրողներն էլ մարդ են, կարող են սխալվել. Հովհաննես Սահակյան

Մինչև փետրվարի 20-ը Վենետիկի հանձնաժողովը պաշտոնապես կհայտնի իր կարծիքը ՀՀ ԸՕ նախագծի վերաբերյալ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ նոր նախագիծն ունի սահմանափակումներ՝  ընտրատեղամասերում լրատվամիջոցների ու դիտորդների թվի, էլեկտրոնային քվեարկության տեխնիկական անսարքության դեպքում դասական ընտրության անցնելու և այլն, Հովհաննես Սահակյանը նշեց, որ լավ ընտրություններ անցկացնելու համար պետք է ունենալ ընտրական մշակույթ: Եվ դժգոհությունները, ըստ նրա, հետապնդում են մեկ նպատակ` հերթական անվստահության մթնոլորտը տարածել:

«Եթե էլեկտրոնային քվեարկության միջոցով դու կարողանում ես նույնականացնել այն անձին, ով, փաստաթուղթը ձեռքին, եկել է քվեարկության, կարողանում ես նույնականացնել` արդյո՞ք նա կրկնակի քվեարկության է եկել, արդյո՞ք իրավունք ունի քվեարկելու, գրանցված է տվյալ տեղամասում և այլն, դա հենց վստահության բարձրացմանն է ուղղված: Էլեկտրոնային տեխնիկան կարող է խափանվել, և միակ տարբերակը մնում է թղթային տարբերակով գրանցվելն ու քվեարկության մասնակցելը: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների թվաքանակի սահմանափակմանը, ընտրատեղամասում բազմաթիվ լրագրողների ու դիտորդների առկայությունը կարող է չապահովել նորմալ աշխատանքային պայմաններ հանձնաժողովի անդամների համար: Կարծում եմ` 8 թիվը այն նվազագույն թիվն է, որի դեպքում թե\' ԶԼՄ-ները, թե\' դիտորդները կարող են իրենց աշխատանքն իրականացնել: 8 թիվը ելակետային է, այն կարող է փոփոխվել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը հավելեց, որ լրագրողների աշխատանքը դրանով չի խոչընդոտվում, ընդամենը փորձ է արվում կանոնակարգել լուսաբանման պրոցեսը: Նրա խոսքով՝ ազատ, արդար ընտրություններ կազմակերպելը պետության պարտականությունն է, և եթե որևէ դիտորդի կամ լրագրողի հակաօրինական քայլը կարող է մոռացվել, ապա խախտումը տեղամասում արձանագրվում է: Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ լրատվամիջոցները կարող են փոխարինել միմյանց, և պարտադիր չէ, որ բոլոր լրատվամիջոցները առավոտից երեկո լինեն այդ նույն տեղամասում: Պատգամավորը նշեց, որ լրագրողների կարծիքներն ինքը անձամբ հաշվի է առնելու և քննարկելու է:

«Նախագիծը գրողներն էլ մարդ են, կարող են սխալվել: Մենք էլ դրա համար ենք ԱԺ-ում, որ կարողանանք քննարկել մեր գործընկերների հետ և փոփոխության ենթարկել նախագիծը»,- ասաց Հովհաննես Սահակյանը: