կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-01 04:38
Հասարակություն

2050-ին կլինենք 1,5 մլն

2050-ին կլինենք 1,5 մլն

Ծնելիության աճ խթանելու համար հարկավոր է պետական մակարդակով քայլեր ձեռնարկել` ստեղծել աշխատատեղեր, անվճար բնակարաններ հատկացնել երկուսից ավելի երեխա ունեցող ընտանիքներին, նաեւ դպրոցներում աշակերտներին սովորեցնել, թե ինչքան կարևոր է ընտանիք կազմելը և երեխա ունենալ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:


Ադիբեկյանը նշեց, որ մենք Կարմիր գրքում ենք, եւ եթե այսպես շարունակվի` 2050 թ. Հայաստանի բնակչությունը կարող է կրճատվել կիսով չափ` մինչև 1,5 մլն:


Սոցիոլոգը ելքը տեսնում է գերմանական` չորս երեխայի մոդելի կիրառմամբ, ըստ որի` տղային եղբայր է պետք, իսկ աղջկան` քույր:


«Աճել է հարսնացուների ու փեսացուների ամուսնության տարիքը, իսկ «պառաված» ընտանիքներից շատ երեխա ակնկալել հնարավոր չէ: Երիտասարդ ընտանիքներն էլ անընդհատ հետաձգում են երեխա ունենալը: Եվ երբ արդեն պատրաստ են երեխա ունենալ` պարզվում է` կինն ինչ-որ խնդիրներ ունի ու չի կարող երեխա ունենալ»,- ասաց պարոն Ադիբեկյանը:


Նշենք, որ 2010-ին տղաների ամուսնության տարիքը 28-29-ն է եղել, աղջիկներինը` 24-25-ը:


«Ծնելիության ցուցանիշն ամենացածրը Սյունիքում է` 1000 բնակչին բաժին է ընկնում 11 երեխա»,- հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` նշելով, որ վիչակը հուսադրող չէ նաեւ Լոռու, Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում:


Կույումջյանը նշեց, որ մահացության թիվը դժբախտ պատահարներից, սիրտ-անոթային հիվանդություններից և նորագոյացություններից աճել է, փոխարենը 4 տոկոսով նվազել են մահացության դեպքերը շնչառական ուղիների հիվանդություններից: 18.9 տոկոսով աճել է նաև ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի թիվը. անցած տարի գրանցվել է 225 ինքնասպանության և 367 ինքնասպանության փորձի դեպք, ընդ որում` հիմնականում ինքնասպանության են դիմում գործազուրկ և թոշակառու անձինք: