Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Շուրջ մեկ ամիս է` Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 3-րդ շենքը զրկված է ջրամատակարարումից: Եթե այս ընթացքում ջրի ծորակները կենդանության նշաններ էլ ցույց են տվել, ապա դա նկատել են միայն առաջին հարկի բնակիչները. վերին հարկեր ջուրն այդպես էլ չի հասել:
Շենքի բնակիչների համար, փաստորեն, վերադարձել են ջուր կրելու «հին ու բարի» ավանդույթները. մեծ ու փոքր ողջ օրը դույլերով ու շշերով հերթ են կանգնում մոտակա ցայտաղբյուրի մոտ: Բնակիչների ահազանգին ջրմուղում, կարծես, ականջալուր չեն:
«Ասում են` մագիստրալ ենք փոխել, պետք է որ լավ լինի: Բայց դե ջրից զրկված ենք, էլ ի՞նչ լավ»,- մեզ հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը:
Տնային տնտեսուհիներն էլ բողոքում են, որ շարքից դուրս են եկել լվացքի մեքենաները, որովհետեւ ջուր եղած ժամանակ անգամ ջրի ճնշումը շատ թույլ է եւ չի բավարարում մեքենայի բնականոն աշխատանքին:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մոտ մեկ ամիս առաջ ջուրն օրըստօրե սկսեց բարակել, նրա մեջ ավազի ու հողի հատիկներ երեւացին: Զանգեցինք, ուշացումով եկան, քանդեցին, մի քանի օր ընդհանրապես ջրազրկվեցինք, բայց անգամ դրանից հետո ոչ ջրի որակը լավացավ, որ էլ ճնշումը»,- ԵՐԿԻՐ-ին պատմեց շենքի բնակիչներից մեկը` Կարինե Սարդարյանը` հավելելով, որ հիմա էլ ջրմուղում իրենց զանգերին ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս:
«Լավ, հիմա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Իրենք կարո՞ղ են էս շոգերին անգամ մի ժամ առանց ջրի մնալ: Մենք էլ մարդ ենք, չէ՞, կին ենք վերջապես, լողանալ ենք ուզում»,- վրդովված ասաց տիկին Կարինեն:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիսարեւմտյան տարածքային մասնաճյուղի տնօրեն Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եղել է նման լարված ժամանակաշրջան, բայց ոչ ավելի, քան երեք-չորս օր` կախված նոր ցանցը հին ցանցի հետ միացնելու հետ:
«Այդ աշխատանքների ընթացքում որոշակի խաթարումներ եղել են, բայց մենք շտկել էինք այդ վիճակը,- ասաց նա:- Ես ինֆորմացիա չունեմ, որ Բարեկամության շենքում նման խնդիր կա, մանավանդ, որ այն ցածրադիր շենք է: Կարող է մի օր առավոտյան ջուր չլինի` կապված վթարի կամ շինարարական աշխատանքների հետ, բայց որ իրենք մեկ ամիս ընդհանրապես ջուր չեն ունեցել, էդ ինֆորմացիան մի քիչ կասկածելի է»:
Դավիթ Գրիգորյանը նաեւ նշեց, որ ինքն անձամբ կհսկի իրավիճակը. «Կարող է` կոնկրետ Բարեկամության 3 շենքի տեղական խնդի՞ր է: Ես կստուգեմ, կհետեւեմ»,- խոստացավ նա:
Ի դեպ, նշենք, որ բնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ խնդիրն առաջացել է ջրմուղկոյուղու աշխատակիցների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով` խողովակները պատշաճ կերպով չեն վերանորոգել:
Շշուկներ կան նույնիսկ, որ այդ նպատակով բավական կլորիկ գումար է հատկացվել, որը «ջրի հետ լվացվել, գնացել է»:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ