Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Արցախյան պատերազմի սկսվելը մենք արդեն ունեինք թիկունքի մեր ձևավորված ընկալումը՝ մերձճակատային գոտի, թիկունք և խորը թիկունք: Նման ընկալումը փոխանցվել էր մեր ավագներից, նրանց ապրած կյանքից և Մեծ հայրենականին նվիրված ստեղծագործություններից, որոնք ընթերցելիս կամ դիտելիս անպատկերացնելի էր մտածել, որ թիկունք և ռազմաճակատ հասկացությունները մի օր վերակենդանանալու են մեր կյանքում:
Շարժման՝ աստիճանաբար պատերազմի վերածվելուն զուգընթաց, սահմանամերձ գյուղեր հասկացությունը սկսեց երկատվել և բաժանվել դիրքերի ու թիկունքի: Թիկունքը դիրքերին առաջին հերթին թիկունք է լինում իր տներին տեր կանգնող ժողովրդով: Դիրքերում զինվորները դիմահայաց գծում գտնվող հակառակորդից եթե պաշտպանվում են խորը և ամուր փորված խրամատների ինժեներատեխնիկական կառույցներով, ապա իրենց թիկունքում էլ զգում են մերձակա բնակավայրերի բնակչության հավաքական շնչառությունը:
Արցախյան պատերազմը եկավ հավաստելու այն իրողությունը, որ դիրքերը ետուառաջ են տրվում, տակտիկական նահանջները և կամ էլ հակառակորդին ներս քաշելով՝ ծուղակի մեջ առնելն իրականացվում են դարձյալ ամայի բնակավայրերում: Պատերազմի ժամանակ, սակայն, թիկունքից մի հատված հանձնելը հավասարազոր է դառնում հայրենիքի այդ հատվածը ազատագրումից հետո վերահսկվող տարածք դարձնելուն, որովհետև ռազմաճակատի գիծը թիկունքի վրայով այնպես է անցնում, ինչպես զրահատեխնիկայի թրթուրները մարդկային մարմնի վրայով: Ռազմաճակատի գիծը ետ ու առաջ է տանում բանակը, իսկ թիկունքի գիծը՝ ժողովուրդը:
Թիկունքը, սակայն, միայն մերձճակատային տարածություն չէ, այլև տեղահան եղած ու գաղթական դարձած ժողովուրդը: Ազատագրված բնակավայրերը ազատագրված հայրենի տարածքից վերստին հայրենիք են դառնում, երբ նորից իրար են գտնում ազատագրված այդ բնակավայրերն ու այնտեղ վերադարձած ժողովուրդը: Այդ բնակավայրերում երեկոյան վառված յուրաքանչյուր ճրագ, քամուց թրթռացող պատրույգ ու բոցեղեն լեզվակ հայրենիքի լույսն էր պատից պատ գցում և ապա տարածում դրսում՝ հասնելով մինչև դիրքերը:
Մարտակերտի հյուսիսում, երբ մեր դիրքերն անցնելով Թիլիշից այն կողմ՝ հասան Միր Բաշիրի դիմահայաց բարձունքներին, հաջորդած զինադադարի սկզբում բնազդական ներքին մի վախ էր առաջանում, երբ նայում էիր Միր Բաշիրի վառվող լույսերին, ապա շրջվելով տեսնում մեր թիկունքում տարածվող խավարը, որի մեջ առկայծում էին մի քանի լույսեր Թալիշում ու Մատաղիսում, որոնք վառվում էին այս բնակավայրերի՝ զորամասերի վերածված մի քանի տներում: Դիրքերից առավել հեռու, ըստ այդմ և՝ ավելի ապահով էր Մատաղիսը, և դիրքերում անպատմելի մի զգացում առաջացրեց այն գիշերը, երբ նկատեցինք, որ գյուղի տուն-զորանոցներից դուրս ևս մեկ լույս է վառվում:
Մի կարճ քննարկումից հետո, որ գուցե բանակային ստորաբաժանման մի որևէ նոր միավոր է, որոշեցինք ռացիայով ճշտել, և պարզվեց, որ առաջին բնակիչն է վերադարձել Մատաղիս: Այդ գիշերվանից Մատաղիսը մեզ համար համապատասխան կոորդինատներ ունեցող ստրատեգիական կետից վերստին վերածվեց բնակավայրի: Ինչպես անսովոր ուրախության պահերին է լինում, անակնկալ կերպով գտնվեց նաև օղին, և մաղթեցինք, որ Մատաղիսի այդ մի լույսը տասը ու ավելին դառնա և ապա հասնի նաև Թալիշ: Այդ գիշերվանից, մարտական ամենօրյա ամփոփագրերի խաղաղության հավելվածը դարձավ ավելացող լույսերը հաշվելը: Այդ լույսերը կարծես տարբերվում էին զորանոցային լույսերից իրենց ջերմությամբ՝ դիրքերից թիկունք տարածության վրա ստեղծելով ընտանեկան հարկի պատրանքը:
Զինադադարին հաջորդող շրջանում, մինչ զորացրվելս, բախտ եմ ունեցել լինելու ռազմաճակատի առաջ գնացած գծի ամբողջ երկայնքով գտնվող դիրքերում և գիշերները նայել դիրքերի թիկունքում վառվող լույսերին, այն լույսերին, որոնք մեծագույն գնահատանքն ու վարձատրությունն են դարձել պատերազմական ճանապարհներին անցկացրած մեր բոլոր օրերի, շաբաթների, ամիսների և տարիների: Հայաստան վերադառնալուց հետո էլ նույն ձևով նայել եմ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի լույսերին և տարիների հեռվից ներքին մի վախով մտածում եմ, որ եթե վերստին առիթն ունենամ այդ բարձունքներից նայելու նրանց թիկունքում գտնվող բնակավայրերին, այդ լույսերը որքանով ավելացած կամ պակասած կգտնեմ:
ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյա այս շրջանի գլխավոր ողբերգությունը դարձավ այն, որ պատերազմի ժամանակ ռազմաճակատի գծին զուգահեռ առաջ շարժված թիկունքի գիծն այսօր գնալով նոսրանում է, և աստիճանաբար մեր Հայրենիքից դուրս են սկսում վառվել նաև նրանց լույսերը, ովքեր 1991-1994 թվականների պատերազմական ձմեռներն անցկացրեցին Հայաստանի և Լեռնային Արցախի Հանրապետություններում: Ինչպես որ պատերազմական տարիների մարտական ամփոփագրերում նշվում էին ռազմաճակատի այս կամ այն հատվածի առաջ կամ ետ գնալը, այնպես էլ այսօր մենք պետք է կազմենք թիկունքի գծի ամենօրյա վիճակագրությունը, եթե վաղը ցանկանում ենք պահել այսօրվա դիրքերը:
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ