կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 18:20
Հասարակություն

Մայր Աթոռը հերքում է

Մայր Աթոռը հերքում է

Օրերս «Երկիր»-ն անդրադարձել էր Ռիգայում հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծմանը: Տեղեկատվությունը տրամադրել էր Լատվիայի հայկական «Հավատք» միությունը` հայտնելով, որ այդ լուսավոր իրադարձության ընթացքում եղել են ցավալի բացթողումներ (http://www.yerkir.am/am/news/9139.htm):

Այսօր խմբագրություն է զանգահարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ հայտնել, որ տպագրված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Ըստ Տեր Վահրամի` Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով է եղել Ռիգայում, որի շրջանակներում նախատեսված են եղել մի քանի միջոցառումներ, այդ թվում` Ռիգայի նորակառույց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը:

«Միջոցառումը նախատեսված է եղել ժամը 12:00-ին, եւ ժամանակացույցի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այն տեղեկությունները, որոնք հաղորդել է «Հավատք» միությունը, անհասկանալի են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց տեր Վահրամը մեզ հետ զրույցում:

Նա հայտնեց նաեւ, որ Լատվիայի կաթոլիկ եկեղեցու կարդինալն այդ օրը եղել է Վատիկանում եւ նախապես ներողություն է խնդրել արարողությանը չմասնակցելու համար:

Ըստ Մայր Աթոռի ներկայացուցչի` տեղեկատվությունն ուղղակի հերյուրանք է, եւ այն անձը, որը ղեկավարում է «Հավատք» կազմակերպությունը ցանկանում է պառակտել տեղի հայ համայնքը: Տեր Վահրամն այդ ամենի հավանական պատճառներից մեկն է համարում այն, որ այդ մարդն այսօր պահանջում է հայ առաքելական եկեղեցուն հատկացված հողատարածքի մի մասը:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե կաթողիկոսը չի հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Տեր Վահրամը նշեց, որ հայ համայնքը Վեհափառի պատվին կազմակերպել է ճաշկերույթ. «Վեհափառը շատ ժամանակ է անցկացրել հայ համայնքի հետ, ներկա է գտնվել այդ ընթացքում կազմակերպված գեղարվեստական տարբեր միջոցառումների եւ շփվել համայնքի ներկայացուցիչների հետ»: