կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-24 14:55
Տնտեսական

Միայն լուսավոր ապագայում

Միայն լուսավոր ապագայում

Շարքային քաղաքացիներն ինչքան շուտ զգան տնտեսության բնագավառում արված բարեփոխումների արդյունքները, այնքան լավ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց հարցին, թե ե՞րբ մարդիկ կզգան կառավարության նոր նախաձեռնությունների եւ ներդրումների արդյունքները:

«Ես էլ այդ քաղաքացիներից մեկն եմ, եւ ես էլ կուզեի շուտ զգալ դա, բայց տնտեսությունը իներցիոն համակարգ է` գործողությունները եւ դրանց արդյունքները ժամանակի` միմյանցից հեռու հատվածում են»,- նշեց նա:

Ըստ նախարարի` մոտ երկու տարի առաջ կառավարությունը որոշակի գործիքներ կիրառելիս հայտարարում էր, որ դրանց արդյունքները որոշ ժամանակ անց են երեւալու, իսկ այժմ դրանք արդեն իսկ տեսանելի են: Խոսքը վերաբերում է նոր բացված ձեռնարկություններին, գործարաններում տեղադրվող նոր հոսքագծերին, ներդրումների թվի աճին եւ այլն:

Եվ արդեն կան քաղաքացիներ, ովքեր այդ բարեփոխումներն ուղղակիորեն զգում են իրենց վրա. օրինակ` այս տարի մոտ 1000 աշխատատեղ է բացվել, եւ հասկանալի է, որ նրանց տնտեսական վիճակը որոշակիորեն բարելավվել է: Աշխատանքները շարունակվում են, որպեսզի հասարակության ավելի լայն շերտը կարողանա բարելավել իր կյանքը:

2009 թվականի ապրիլից կառավարության կողմից թույլտվություն են ստացել 16 ընկերություների 17 ներդրումային ծրագրեր, իսկ այս ներդրումների շնորհիվ կստեղծվի մոտ 1710 աշխատեղ, որից մոտ 980-ն արդեն կան:

Ընդհանուր տնտեսական զարգացումները բավականին դրական են: Նախարարի խոսքերով` տնտեսության աճի ցուցանիշը կազմել է 9.9 տոկոս. «Ունենք ոգեւորիչ արդյունքներ արդյունաբերության ոլորտում եւ կարող ենք հստակ ասել, որ արդյունաբերությունը լինելու է տնտեսության հիմնական շարժիչ ուժը»:

Խոսելով ապրանքների արտահանման եւ ներկրման ծավալներից` Տ. Դավթյանը նշեց, որ այստեղ էլ աճն ակնհայտ է, եւ ցուցանիշները դրական են գնահատվում: Այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, արտահանման ծավալների աճը կազմել է մոտ 25 տոկոս, իսկ ներկրմանը` 40 տոկոս:

Այս երկուսի հաշվեկշիռը շարունակում է բացասական լինել, ինչը, Տիգրան Դավթյանի խոսքերով, միանշանակ վատ չէ: Պետք է հաշվի առնել այն, թե ներկրվող ապրանքների թվում որ ապրանքատեսակներն են գերակշռում: Պարզվում է, որ վերջին շրջանում մեծացել է ներկրվող սարքավորումների, գույքատեսակների թիվը. ենթադրվում է, որ այս ապարանքները ներկրվում են արատադրամասերի համար, ինչը, իհարկե, դրական է:

Նախարարը նշեց, որ այնքան էլ ճիշտ չէ միայն մաթեմատիկական հաշվարկներով առաջնորդվելը: Իսկ այն հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի այդ բացասական հաշվեկշիռը հասցնել զրոյի, նախարարը պատասխանեց. «Մեր լուսավոր ապագայում»:

Սակայն աշխատանքներ տարվում են արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Ներկայումս նախարարությունը ՀԲ-ի աջակցությամբ մշակում է «Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականություն» ռազմավարությունը, որի գլխավոր նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձեւավորումը` ձեռնարկությունների, արտահանման ներուժ ունեցող ոլորտների եւ բիզնես միջավայրի անընդհատ արդիականացման եւ միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման միջոցով:

Նախարարը խոսեց նաեւ այն մասին, որ աշխատավարձերի բարձրացման ցուցանիշն ավելի ցածր է, քան գնաճինը: Նրա կանխատեսմամբ` առաջիկա ամիսներին այդ հարաբերակցությունը կփոխվի` աշխատավարձի աճի տեմպն ավելի բարձր կլինի, քան գնաճինն է: