կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 16:43
Քաղաքական

Հայաստանի համար ամենակարևոր հարցը

Հայաստանի համար ամենակարևոր հարցը

Հայաստանի համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը. այսօր ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` արձանագրելով նաեւ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռ կան ռասիզմի և անհանդուրժողականության օջախներ:

«Ընդամենը վերջերս` Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը կրկին հաստատեց հայատյացության ու ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում: Սա մեզ համար ցավալի է, որովհետև դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացնում ենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը»,- ասել է Հայաստանի նախագահը:

Նա հիշեցրել է, որ երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում, հույս կա, վերջնականապես ամրագրել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:

«Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` հավելելով, որ անգամ այս պայմաններում, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով է մեկնելու Կազան:

Նա առանձնահատուկ նշել է, որ, բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը: