կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 10:49
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Հանցագործի փոխարեն անմեղի՞ն են սպանել

ԺԱՄԱՆԱԿ. Հանցագործի փոխարեն անմեղի՞ն են սպանել

«Ես էդ ոստիկանից իմ որդու կյանքն եմ պահանջում, նա իրավունք չուներ իմ որդու կյանքին կպնելու...»,- ասում է 30-ամյա Արման Ենգիբարյանի մայրը` Բավական Ենգիբարյանը, որն այդպես էլ բախտ չունեցավ 30 ամյա որդու` 2 օր անց կայանալիք հոբելյանը տոնելու: Նրա թխած տորթը վառվեց ոստիկանների այցի ժամանակ, իսկ Արմանի կինն այդպես էլ չկարողացավ ամուսնու համար նվեր ընտրել: Չէր ստացվում, գուցե կանխազգում էր:

Իսկ Արման Ենգիբարյանը խոհարար էր, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, որպես լավ խոհարար հրավիրվել էր հեռուստաընկերություններ` ցուցադրելու իր հմտությունները: Վերջին հաղորդման ժամանակ` ապրիլի 7-ին, Արմանը մի ոսկե ձկնիկ էր նվիրել երգիչ Սոսո Պավլիաշվիլիին: Իսկ սպանվելուց րոպեներ առաջ շատ հանգիստ խոսել էր կնոջ` Անժելայի հետ: Դա վերջին խոսակցությունն էր...

Որովայնին եւ պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին` նրան ներկայացնելով կասկածյալ, հանցագործ:

Եվ այդ ամենը շատ զայրացրել ու բազմաթիվ հարցականներ էր առաջացրել Արմանի հայրազատների մոտ: Նրա հայրը` Սերգեյ Ենգիբարյանը, «Ժամանակ»-ի միջոցով փորձեց այդ հարցերն ուղղել իրավասու ատյաններին, երկրի ղեկավարությանը: «Ինձ միայն մի հարց ա հետաքրքրում` առանց դատարանի որոշման, առանց ոչ մի բանի, լրագրողները հեռուստացուցով, թերթերում գրում են` վնասազերծել են հանցագործին, եւ այդ հանցագործին ոստիկանը վնասազերծում է երկու կրակոցո՞վ, մեկը որովայնին ա խփում, մյուսը` գլխին: Էդ ի՞նչ ա նշանակում` երկրորդ գնդակը, որ խփել են գլխին: Գլխին խփում են` քիլլե՞ր ա եղել մեր ոստիկանը»:

Հայրը դեռ չի հավատում, որ որդին չկա: «Ինքը խոհարար էր, «Խոհարարական ասոցիացիայի» նախագահ: Էդ որ ասում են ինքը 4 ամիս հետախուզման մեջ ա եղել, ապրիլի 7-ին Հայաստանի երկրորդ ալիքով ելույթ ա ունեցել, Սոսո Պավլիաշվիլիին մրգերից, ինչից նվեր է մատուցել... Էդ ո՞նց ա լինում, որ «հանցագործը» հեռուստացույցով ելույթ ա ունենում, բայց ոչ մեկը իրան չի ճանաչում»,- հարց է տալիս հայրը եւ նշում, որ ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, եւ դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել: