կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-17 22:04
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Հայաստանի թոշակային կարկանդակը

ԿԱՊԻՏԱԼ. Հայաստանի թոշակային կարկանդակը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պետք է ներդրվի 2014-ից: Դրական կողմերի վրա պարբերաբար լույս է սփռվում. կառավարությունը համաֆինանսավորում է քաղաքացիների մասհանումները թոշակային ֆոնդեր, քաղաքացիներն ունեն ֆոնդ ընտրելու և փոխելու իրավունք, թոշակներն ավելի սերտ հարաբերակցության մեջ են դրվում աշխատողի եկամուտից:

Մասնավոր կուտակային համակարգն առաջին անգամ փորձարկվել է Չիլիում, և վերջերս Հայաստան էր այցելել Խոսե Պիներան, որը 70-ականների վերջին, լինելով Չիլիի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նախագծեց այդ համակարգը, որը գործում է 1981-ից:

Չիլիում բնակվող տնտեսագետ-փորձագետ Արմեն Կույումջյանը նշում է չիլիական համակարգի մի շարք թերացումներ, որոնցից ավելորդ չէ զգուշանալ նաև Հայաստանում: Ըստ Չիլիում բնակվող բիզնես խորհրդատու Արմեն Կույումջյանի՝ ցածր եկամուտ ունեցող մարդիկ չեն կարող հուսալ, որ բարձր կենսաթոշակ կստանան: Օրինակ՝ 2007թ. տվյալներով՝ Չիլիում միջին աշխատավարձի չափը կազմել է $676, իսկ միջին կենսաթոշակը` միայն $326: Նվազագույն սպառողական զամբյուղը, մեկ շնչի հաշվով, երկրում կազմել է շուրջ $130: Ֆինանսական կողմից բացի՝ անհրաժեշտ է հաշվի առնել տեղական առանձնահատկությունները:

«Լատինական Ամերիկայում ժողովրդի մտածողությունը խնայողական չէ: Ժամանակին հայերն էլ գուցե խնայող էին, բայց ԽՍՀՄ-ի փլուզումը և ավանդների կորուստը հիմնովին փոխեցին հասարակության արժեհամակարգը և վստահությունը»,- նշում է Ա. Կույումջյանը:

Բանկային համակարգի օրինակով կարելի է տեսնել, որ վստահությունը խնայողության ինստիտուտի նկատմամբ բարձր չէ` 2010թ. վերջին երկրի տնային տնտեսությունների բաժինը փողի զանգվածում կազմել է Դ418,2 մլրդ, որի միայն 21,7%-ն են կազմել դրամային և արտարժութային ավանդները: Ինչպես չիլիական մոդելում, այնպես էլ Հայաստանում քաղաքացին ինքնուրույն է ընտրում կենսաթոշակային ֆոնդը: Սակայն դժվար է ակնկալել, որ շարքային սպառողն այդքան խորը տիրապետի երկրի ֆինանսական համակարգին, որպեսզի կարողանա իրազեկված ընտրություն կատարել:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ֆոնդերից պահանջում է հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Սակայն դրանք դժվար թե կարողանան ուղեցույց դառնալ քաղաքացու համար` ճիշտ այնպես, ինչպես բանկերի հաշվետվությունները կարողանում բան հուշել շարքային վարկառուին: Դրանից բացի՝ ֆոնդերի շուկայավարման (հետևաբար` հաճախորդի վրա ներազդելու) գործիքակազմը չի սահմանափակվում:

Չիլիի փորձն էլ, ըստ Ա.Կույումջյանի, գովազդը մի ժամանակ վերածել էր ամենաթողության. կենսաթոշակային ֆոնդերը խոշոր «գայթակղիչ բրիգադներ» էին պահում, որոնք ամեն կերպ, այդ թվում՝ նվերների և դրամական խրախուսանքների միջոցով, իրարից հաճախորդներ էին կորզում, մինչև 2000-ականների սկզբին այդ վարվելակերպն արգելվեց, իսկ շահառուների համար երկարաձգվեց ընտրված ֆոնդը չփոխելու պարտադիր սպասողական ժամկետը: Հայաստանի օրենսդրությունն այդպիսի ժամկետ չի նախատեսում, ինչը կարելի է դրական համարել սպառողի համար, բայց միևնույն ժամանակ նրան պետք է պաշտպանել անբարեխիղճ գովազդից: Ինչ վերաբերում է թոշակային ակտիվների ներդրման ռիսկայնության աստիճանին, ապա 2011թ. մայիսի դրությամբ Չիլիում թոշակային կուտակումների 44,1%-ը ներդրված էր արտասահմանում:

«Թոշակի դուրս գալու պահին դրա ծավալը կախված է տվյալ ամսում թոշակային հաշվի ծավալից: Ճգնաժամային՝ 2008-2009 թթ. թոշակի գնացածներն այդ պատճառով շատ տուժեցին»,- նշում է Ա. Կույումջյանը:

Չիլիական ֆոնդերի անզգույշ ներդրումների վերջին օրինակն է դարձել La Polar խանութների ցանցը, որն այժմ շուրջ $400 մլն պարտավորություն է կուտակել, և նրա առևտրային հաշիվները սառեցվել են: Մեկ այլ խնդիր է գործատուի պատասխանատվությունը: Կուտակային համակարգի գաղափարախոսները համարում են, որ այն կկրճատի ստվերային զբաղվածությունը, քանի որ աշխատողը շահագրգռված կլինի ամբողջությամբ գրանցել իր աշխատավարձը: Թե ինչպես (և ինչու) ստվերային հիմնարկը պիտի փոխի իր վարքագիծն աշխատողի ազդեցության ներքո, պարզ չէ: Դատական համակարգին ապավինելն էլ չափազանց լավատեսական կլիներ: Սակայն աշխատավարձերի ամբողջական գրանցումն էլ դեռ չի երաշխավորում, որ գործատուն բարեխղճորեն կփոխանցի իր աշխատակիցների մասհանումները թոշակային ֆոնդին: Չիլիական փորձն այստեղ էլ տհաճ անակնկալներ է մատուցում:

Գործատուների կողմից չփոխանցված թոշակային վճարների ծավալը սանձարձակորեն աճում է. ըստ Ա. Կոյումջյանի՝ վերջին մի քանի տարվա ընթացքում այն կրկնապատկվել է և ոչ պաշտոնական գնահատականներով՝ հիմա մոտ է $1 մլրդ-ի համարժեքին: